Ազատություն ռադիոկայանի մարտի 6-ի լուրերից

Այսօրվանից Հայաստանում մարդիկ այլեւ չեն կարող ինտերնետով լսել «Ազատություն» ռադիոկայան եւ կարդալ այս կայանի նյութերը մեր երկրի ներքաղաքական իրավիճակի մասին: ԱԱԾ-ն Հայաստանում «բլոկ» արեց կայանի .eu .org եւ մնացած դոմեյնները: Այդ պատճառով, իմ գործընկերների թույլատվությամբ, ես «Մունետիկ»-ի վրա հրապարակում եմ «Ազատության» մի քանի նյութերը: Նյութերի վերնագրերը ես եմ դրել, հույս ունեմ «Ազատության» գործընկերներս կերեն:

Օմբուդսմենի արձագանքը

Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին արտակարգ դրություն մտցնել: Այդ մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է արտակարգ դրության մասին նախագահի հրամանագիրը բխում Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածից: «Մի քանի իրավունք կա, որ բացառվում է` 15-րդ հոդվածում հստակ նշվում է, որ դրանք չեն կարող նույնիսկ արտակարգ դրության ժամանակ սահմանափակվել, մնացածը կարող են սահմանափակվել` ելնելով իրավիճակից եւ ողջամիտ սահմաններով, եւ դրանց մասին պետք է տեղյակ պահվի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Ըստ 15-րդ հոդվածի, այն իրավունքները, որոնք սահմանափակվել են, բացառության մեջ չեն մտնում, եւ նաեւ դրանց մասին տեղեկացվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Այսինքն, կոնվենցիայի տեսակետից ամեն ինչ նորմալ է», — նշեց օմբուդսմենը: «Իսկ կարո՞ղ է արդյոք խոսքի ազատությունը, տեղեկատվություն տարածելը սահմանափակվել այնքան, որքան հիմա սահմանափակված է, այսինքն` բացառապես միայն պաշտոնական տեղեկատվություն տարածելը՚, — այս հարցին Արմեն Հարությունյանը պատասխանեց. — «Ճիշտն ասած, կան որոշ ազատություններ, իրավունքներ, որոնք ես ընդհանրապես, որպես մարդու իրավունքների պաշտպան, կողմնակից չեմ, որ սահմանափակվեն: Որովհետեւ խոսքի ազատությունը այն միջոցն է, որը հնարավորություն է տալիս քաղաքական երկխոսության եւ հարցի լուծման: Բայց մյուս կողմից, հաշվի առնելով բեւեռացվածությունը, այդ թվում նաեւ լրատվամիջոցների, միգուցե դրանով է պայմանավորված եղել, որ փորձել են սահմանափակել եւ պաշտոնական վարկածի սահմաններում մնալ: Այսօր մենք դիմում ենք ստացել եւ փորձում ենք ուսումնասիրել համաչափությունը` այն թերթերը, որոնք չեն տպագրվում, եւ այն թերթերը, որոնք տպագրվում են, եւ ինչ տեքստ են տպագրում, որքանով են դրանք համապատասխանում պաշտոնական վարկածին: Այսօր մենք այդպիսի բողոք ենք ստացել, հանձնարարել ենք արդեն, մեր մասնագետները զբաղվում են: Այստեղ նաեւ համաչափության խնդիր կա, պետք է փորձենք հասկանալ»: Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ պարբերաբար ցուցադրվող` տարբեր մարդկանց հետ հարցազրույցներին, որոնցում, հիմնականում, քննադատվում է ընդդիմությունը, օմբուդսմենը հայտարարեց. — «Եթե դրանք հեռուստատեսությամբ ցույց են տրվում, ուրեմն դա պաշտոնական կանխավարկածն է, ես այդպես եմ հասկանում: Պաշտոնական մոտեցումն է, որ այս ամենը չպետք է լիներ, դա մեզ վայել չէր, եւ այլն»: «Փողոցի մարդը ո’չ պաշտոնատար անձ է եւ ո’չ էլ հանրապետության նախագահն է նրան լիազորել պաշտոնական հայտարարություն անելու համար», — այս դիտարկմանը Հարությունյանը արձագանքեց. — «Հասարակության մեջ կան տարբեր կարծիքներ: Ուրեմն, երեւի կարծիքների այդ տեսակն է պետության կողմից պաշտոնական կանխավարկած համարվում, այդ պատճառով միայն այդ տեսակն է ներկայացվում: Ուրիշ բացատրություն չունեմ: Մարդու իրավունքների տեսակետից` ամեն մի միակողմանիություն ոչ թե հարցի լուծման է բերում, այլ հակասությունների խորացման: Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ բոլոր տեսակետները ներկայացվեին»: Օմբուդսմենը հայտնեց նաեւ, որ պատասխան չի ստացել մարտի 3-ի հայտարարությունում իր ներկայացրած մի շարք հարցադրումներին, որոնք վերաբերում էին ե’ւ ընդդիմությանը, ե’ւ իշխանության ներկայացուցիչներին: Նա չի ստացել նաեւ նույն օրը ոստիկանության պետին հղած իր մի շարք դիմումների պատասխանը. — «Չեմ ստացել, բայց ժամանակ դեռ կա, որովհետեւ օրենքը հնարավորություն է տալիս, ժամկետ է տալիս, եւ այդ ժամկետը դեռ չի լրացել: Կարծում եմ, որ կստանանք, որովհետեւ ոստիկանությունը միշտ շատ պարկեշտ, ժամանակի մեջ տեղավորվելով ե’ւ պատասխանել է, ե’ւ համագործակցել է»: Վկայակոչելով կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքերը` «այն, ինչ եղել է, դրանում նաեւ մենք ենք մեղավոր», Արմեն Հարությունյանը ասաց. -«Եվ դա շատ հաճելի էր: Հասարակությունը երկփեղկված է, եւ պետք է երկխոսություն, ընդ որում` նույնիսկ եթե մարդիկ իրար ատում են, պետք է երկխոսության ճանապարհով գնալ, ուրիշ ճանապարհ չկա: Պետք է պատասխանեն նրանք, ովքեր պատճառ են դարձել, հրահրել են, այլ ոչ թե այն մարդիկ, որոնք այդտեղ էին: Բոլորս էլ հասկանում ենք` նմանատիպ հավաքների ժամանակ կան նաեւ մարդիկ, որոնք ալան-թալանի ընդունակ մարդիկ են, բայց հիմնական մասը այդտեղ ժողովրդի մաս է եղել: Այսինքն, մենք պետք է դրականն ու բացասականը իրարից առանձնացնենք, եւ դա էլ ես լսեցի: Այս էլ երկրորդ անգամ նա նմանատիպ կոչ է անում եւ նմանատիպ մոտեցում է ցուցաբերում: Երեւի թե ժամանակն, է, որ այս մոտեցումը որդեգրվի նաեւ մնացածի կողմից»: «Իհարկե, հակասություններ կան, միշտ էլ լինում են հակասություններ, առանց հակասությունների հասարակությունը մեռած է, բայց այդ հակասությունները քաղաքական երկխոսության միջոցով պետք է լուծվեն», — ընդգծեց օմբուդսմենը:

Եվրամիության նախագահության հայտարարության առնչությամբ, որում, մասնավորապես, կատարվածի անկախ միջազգային հետաքննություն իրականացնելու կոչ կա, Արմեն Հարությունյանը ասաց. — «Ես կողմ կլինեի, որ անկախ փորձաքննություն լինի, որովհետեւ ես կողմ եմ յուրաքանչյուր այնպիսի փորձաքննության, որին կհավատա հասարակության մեծամասնությունը: Որովհետեւ միայն այդ ժամանակ կամաց-կամաց կոնսոլիդացիայի ճանապարհով կարող ենք գնալ»:

Պետդեպի արձագանքը

Միացյալ Նահանգները Հայաստանի ներքաղաքական հակամարտության որեւէ կողմի չի աջակցում. այսպիսի հայտարարությամբ է անցած գիշեր հանդես եկել Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին:

Հայաստանի ներքաղաքական կացությանը վերաբերող հարցով Քեյսիին է դիմել Պետդեպարտամենտի ամենօրյա բրիֆինգին ներկա լրագրողներից մեկը` ասելով. -«Այսօրվա «Վաշինգթոն Փոստ»ում լույս է տեսել առաջատար ընդդիմադիր թեկնածու, պարոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ նա նշում է, որ զարմացած է ու հիասթափված Արեւմուտքի որդեգրած դիրքորոշումից:

Արդյո՞ք Պետդեպարտամենտը որեւէ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին»: Սրան ի պատասխան Քեյսին նշել է. — «Մենք կողմերից որեւէ մեկին աջակցության մասին ուղերձ չենք հղել: Մենք հասկանում ենք, որ այս պրոցեսը դեռ ավարտված չէ, եւ սա է պատճառը, որ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան այժմ մեկնում է Երեւան, որպեսզի տեսնի, թե ինչ կարող է անել կողմերին միջեւ քննարկումներ նախաձեռնելու համար: Միանշանակ է, որ նա խոսելու է ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ»:

«Առանցքային ուղերձներից մեկը, որ Բրայզան հասցնելու է Հայաստանի կառավարության անդամներին հետեւյալն է` երկրում իրավիճակն արդեն հանդարտվել է, եւ հարկավոր է վերացնել արտակարգ դրությունը», — հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

Արտասահմանյան մամուլը` հայաստանյան իրադարձությունների մասին

Լոնդոնում լույս տեսնող «Գարդիան» պարբերականի փոխանցմամբ, Բաքվից Երեւան մեկնող Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան ասել է, թե Հայաստանի կառավարությանը կփոխանցի, որ ոչ մի դեպքում չի կարելի կրկնել ուժի բիրտ գործադրումը:

«Քրիսչըն սայընս մոնիթոր»-ը գրել է, թե Հայաստանը դարձավ հետխորհրդային վերջին երկիրը, որտեղ ցուցարարների նկատմամբ կոշտ ուժ է գործադրվել: Թերթը նշում է, որ վերջին տարիներին զանգվածային բախումներ եւ ուժայինների միջամտություն է եղել Ղրղըզստանում, Ուզբեկստանում, Բելառուսում, Վրաստանում եւ հիմա էլ՝ Հայաստանում. — «Մեկնաբանների մեծ մասը ենթադրում է, որ Սերժ Սարգսյանի հաղթանակը եթե ոչ ամբողջությամբ արդար էր, ապա առնվազն իսկական էր, իսկ հետընտրական բռնությունները կարող են էապես խարխլել երկրի փխրուն ժողովրդավարությունը:

«Կոսովոյի սինդրոմը՚ խորագրի ներքո «Նեզավիսիմայա գազետա»-ն գրել է, թե շփման գծում հայ եւ ադրբեջանցի զինծառայողների բախումը որոշ փորձագետներ կապում են Կոսովոյի նախադեպի հետ: Բաքուն պնդում է, որ հակառակ կողմը նախապես ծրագրել էր միջադեպը, որի նպատակն էր շեղել միջազգային համայնքի ուշադրությունը Երեւանում տեղի ունեցած արյունալի իրադարձություններից: Հայկական կողմը հայտնում է, որ Ղարաբաղի բանակը ետ է մղել ադրբեջանցիների գրոհները եւ պարտադրել է նրանց՝ վերադառնալ հին դիրքեր:

«Կատակներն ավարտվեցին. հրամանը հրաման է»խորագրի ներքո «Իզվեստիա»-ն գրում է, որ Երեւանում այլեւս ոչ մի բան չի հիշեցնում սարսափելի օրվա մասին, երբ ցուցը ցրելու ժամանակ մարդիկ զոհվեցին: Կոտրված ապակիները փոխել են, հրկիզված մեքենաները տարել են տուգանային հրապարակ, զրահատեխնիկան եւ զրահաբաճկոններով ու սաղավարտներով պաշտպանված զինվորները հսկում են կառավարական շենքերը: Մի սպա լրագրողին թույլատրել է մոտենալ զինվորներին` միայն խնդրելով չլուսանկարել: Լրագրողը զինվորներից մեկին հարցրել է. -«Եթե հրամայեն՝ կրակելո՞ւ ես»: Զինվորն ավտոմատից անջատել է պարունակը, ցույց է տվել մարտական փամփուշտները եւ ասել. — ՙԿատակներն ավարտվել են, հրամանը հրաման է՚: Զինվորը հանրահավաքը ցրելու գործողությանը չի մասնակցել, նրան հաջորդ օրն են բերել՝ ավտոբուսով: Նա չգիտի, թե որքան ժամանակ կանգնած կմնա կառավարական շենքի մոտ: Նա չի բացառել, որ արտակարգ դրությունը կարող են երկարաձգել ընդհուպ մինչեւ նորընտիր նախագահի պաշտոնամուտը, այսինքն` մեկ ամսից երկար՚:

«Մեծ տղերքն անհանգստացել են» վերնագրի ներքո «Վրեմյա նովոստեյ»-ը հաղորդում է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի խնդրանքով Երեւան է ժամանել բրիտանացի Ջոն Պրեսկոտը, ով ղեկավարել է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած է ԵԽԽՎ-ի պատգամավորների պատվիրակությունը: Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ մտահոգություն են հայտնել նաեւ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն: «Չեզոքություն ռուսական ձեւով»»վերնագրած հոդվածում «Գազետա»-ն գրել է, որ ռուսաստանյան հեռոուստատեսությունը երեւանյան իրադարձությունների շուրջ լռության պատ է կանգնեցրել, ինչը ստիպում է հիշել սովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի ժամանակները, երբ մարդիկ այսպես կոչված ՙթշնամական ռադիոկայաններից՚ են տեղեկացել առավել հրատապ նշանակության իրադարձությունների մասին: «Ռուսական չեզոքությունը արդունքում հանգեցրել է նրան, որ ոչ մի ընդդիմություն, ոչ մի հանրահավաք եւ այն ցրելու ոչ մի գործողություն, կարծես, չի էլ եղել: Կրեմլը հորինել է հայաստանյան ընդդիմությանը որպես թշնամի չցուցադրելու մեկ տարբերակ, այն է` ընդհանրապես ցույց չտալ ընդդիմությանը:

Չեզոքությունը՝ բարդ արվեստ է, կարելի է համեմատել ֆրակ կրելու հետ, նա, ով սովոր է զինվորական հագուստ կրել՝ ֆրակին դժվարությամբ է հարմարվում, — գրել է «Գազետա»-ի մեկնաբանը:

«Զերկալո»-ն հաղորդում է, որ Բաքվի օտար լեզուների պետական համալսարանում երեկ տեղի է ունեցել բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի հեղինակած «Սեւ այգի. Ադրբեջանը եւ Հայաստանը խաղաղության եւ պատերազմի միջով» գրքի ադրբեջաներեն թարգմանության շնորհանդեսը: Թարգմանությունն իրականացվել է ամերիկյան դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Շնորհանդեսի ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ջոնաթան Հենիքը, ով ասել է, որ դեսպանատունը մեծ կարեւորություն է տալիս Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: Պատասխանելով ՙԶերկալո՚-ի թղթակցի հարցին` արդյոք ղարաբաղյան խնդրի կարգավորման համար խոչընդոտ չէ՞ այն, որ Հայաստանում եւ Ադրբեջանում իշխանությունը ժողովրդավարական ճանապարհով չի ձեւավորվում, գրքի հեղինակ Թոմաս դե Վաալն ասել է. -«Ե’վ Ադրբեջանը, ե’ւ Հայաստանը կիսաժողովրդավարական երկրներ են, որոնց առաջնորդները վախենում են կորցնել իշխանությունը, քանզի այն կորցնելու դեպքում նրանք ամեն ինչ կկորցնեն»:

Գրաքննության մասին

«Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումների դադարեցումը Հայաստանում մտահոգել է Միացյալ Նահանգների կառավարությանը Երեկ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին մտահոգություն է հայտնել մամուլի, այդ թվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ Հայաստանում կիրառվող սահմանափակումների եւ արգելքների առթիվ: Պետդեպարտամենտի խոսնակը ասել է, թե Միացյալ Նահանգները կցանկանար, որ այդ սահմանափակումները հանվեն. — «Դա կարեւոր է ոչ միայն մեզ համար, այլեւ առավել կարեւոր է Հայաստանի ժողովրդի համար այս շրջանում ունենալ ազատ տեղեկատվությանը հասու լինելու հնարավորություն»:

Երեկ մամուլի նկատմամբ սահմանված արգելքները վերացնելու կոչով հանդես եկավ նաեւ ԱՄՆ-ի Հեռարձակման տնօրենների խորհուրդը: «Ամերիկայի ձայն՚ հեռուստակայանի հայկական ծրագիրը եւ ՙԱզատ Եվրոպա/Ազատություն՚ ռադիոկայանի հայկական ծրագրերը այլեւս չեն հեռարձակվում տեղական կայաններով: Ավելին, ինտերնետային հասանելիությունը սահմանափակվել է՝ որպես կառավարության այն ջանքերի մի մաս, որոնք ուղղված են լուրերի եւ տեղեկատվության վերահսկողությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական ճգնաժամը խորացել է փետրվարի 19-ի վիճարկվող ընտրություններից հետո», — ասված է հայտարարության մեջ: «Գրաքննությունը եւ լրատվամիջոցների վրա ճնշումները հակասում են ժողովրդավարությանը», — ասել է ԱՄՆ-ի ոչ ռազմական միջազգային հեռարձակումները վերահսկող Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Ք. Գլասմանը: Քորի Ուելթ.

«Պետք է զրկել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավեր»ծրագրով հատկացվող օգնությունից»

Ջորջթաունի համալսարանի եվրասիական ռազմավարության ծրագրի ղեկավար Քորի Ուելթն առաջարկում է երեւանյան վերջին իրադարձություններից հետո զրկել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով հատկացվող օգնությունից: «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով հատկացվող օժանդակության հոսքը պետք է դադարեցվի՝ քանի դեռ չկա մարտի 1-ի եւ 2-ի բռնությունների ամբողջական եւ անկախ գնահատական», — կարծիք է հայտնել ամերիկացի մասնագետը «Eurasia View» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում:

«Միացյալ Նահանգները եւ եվրոպացիները պետք է անեն մի բան՝ չհավակնեն, որ ժողովրդավարական առաջընթաց կա այնտեղ, որտեղ նման բան չկա: Մի բան է փողոցին լավատեսության առիթ տալուց խուսափելը, մեկ այլ բան՝ բարձրաձայնել «մանկական քայլերի մասին, երբ դրանք բացակայում են», — ասել է Քորի Ուելթը:

«Հայաստանի պարագայում անսովոր է այդ երկրի հետ սովորականի պես գործ ունենալու ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ցանկությունն այն դեպքում, երբ գործ ունենալու հարց չկա՝ Հայաստանը Արեւմուտքի համար ո’չ անվտանգության, ո’չ էլ էներգետիկ գործընկեր է», — փաստել է ամերիկացի փորձագետը: