ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱ՞Ն ԵՆ ՄԱՏՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մինչեւ ընտրատեղամասերի փակումը մնացել է ընդամենը 2 ժամ, սակայն միջազգային լրատվամիջոցները չեն շտապում մանրամասներ հաղորդել Հայաստանյան զարգացումների վերաբերյալ` բավարարվելով մակերեսային մեկնաբանություններով: Նույնն է պատկերը նաեւ խոշոր լրատվական գործակալությունների` ԲիԲիՍիի եւ Եվրոնյուզի դեպքում:

Ընտրությունները հիմնականում դիտարկվում են որպես պաշտոնից հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանության փոխանցում նրա մտերիմ գործընկեր, վարչապետ Սերժ Սարգսյանին: Բոլոր միջազգային լրատվամիջոցները Սերժ Սարգսյանին համարում ընդգծված առաջատար՝ նրա բարձր վարկանիշը կապելով վերջին տարիների տնտեսական աճի հետ, իսկ վարչապետի բարձր վարկանիշը հաստատող սոցհարցումների անաչառության շուրջ եղած կասկածներին հպանցիկորեն անդրադառնում են 1-2 լրատվամիջոց:

ԲիԲիՍին հայաստանյան ընտրությունները բնորոշում է «կատաղի ընտրապայքար» բառակապակցությամբ` նշելով, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ընտրություններին` որպես ընդդիմադիր թեկնածու, յուրահատուկ սրություն է հաղորդել ընտրարշավին:

«Բլումբերգ» տեղեկատվական ծառայությունը դիտարկում է փողոցային ցույցերի հնարավորությունը` եթե իշխանությունները ընտրակեղծիքներ կիրառեն` առաջ բերելով ընդդիմության դժգոհությունը:
 Բլումբերգը նշում է, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, հարյուրավոր դոլարների օգնություն տրամադրելով Հայաստանին, փոխարենն ակնկալում են ժողովրդավարության աճ, մինչդեռ ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` իշխանություններին ուղղված քննադատությունը` քվեարկության արդյունքների վրա ազդելու եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակն ապահովելու նպատակով, արդեն իսկ ստվերում են ընտրությունները:

Ռոյթերս գործակալությունը նույնպես անդրադառնում է ընդդիմության կողմից հնչած մեղադրանքներին եւ կանխատեսում է բողոքի ցույցեր, ինչպիսիք եղել են անցած գրեթե բոլոր ընտրություններից հետո: Գործակալությունը, այնուամենայնիվ, հաղորդում է, որ անցկացված հարցումների արդյունքներով «Սերժ Սարգսյանը առաջատար է բոլոր 8  թեկնածուների նկատմամբ, որոնց թվում են ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով 1998-ին հարկադրաբար հրաժարական տվեց, իսկ այժմ փորձում է վերադառնալ»: Այստեղ Ռոյթերսը մեջբերում է Սարգսյանի խոսքերը. «Եթե երկրորդ փուլ լինի, ես կգերադասեի պայքարել Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ»:
Ըստ Եվրոնյուզի` «ընդդիմության` միավորվել չկարողանալու արդյունքում Սարգսյանի ընտրվելու հնարավորություններն ավելացել են»: Գործակալությունը կանխատեսում է, որ ընտրվելու դեպքում Սարգսյանը ստիպված կլինի լուծել Լեռնային Ղարաբաղի` այսպես կոչված «սառեցված» հակամարտության խնդիրը:Հայաստանյան ընտրությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համատեքստում է դիտարկել նաեւ Ֆրանս-Պրես գործակալությունը` նշելով, որ, եթե ընտրվի առաջատար թեկնածու համարվող Սերժ Սարգսյանը, նա, ամենայն հավանականությամբ, կշարունակի Քոչարյանի քաղաքականությունը` խորացնելով հարաբերությունները Մոսկվայի հետ եւ կոշտ դիրքորոշում որդեգրելով հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ:

in English