Քաղաքական Դիրքորոշման Հարցն Օրախնդիր է Նաեւ Բլոգերում

Չնայած քաղաքական սրնթաց զարգացումներին ու ամեն կողմից հայ ընտրողի վրա թափվող քաղաքական քարոզարշավին, շատ շատերը դեռ չեն կողմնորոշվել: Վիճակն է այդպիսին. ընդ որում ինչպես օֆլայնում` այսինքն իրական կյանքում, այնպես էլ օնլայնում՝ այսինքն ինտերնետային օրագրերում: «Ո՞րն է ավելի ճիշտ. դիրքորոշում ունենա՞լը, թե՞ չունենալը», հարցնում է Քրիստինան իր «Մի օր…» բլոգում, այնուհետեւ մեկնաբանելով.

Ես չեմ կարողանում ընտրել իմ դիրքորոշումը նախագահական ընտրությունների գործընթացում: Ես փոփոխություն եմ ուզում, բայց չեմ տեսնում որևէ մեկին, որն ինձ, սովորական, միջին չափի ունակություններով ու հույզերով մեկին, կառաջարկի այդ փոփոխության ճանապարհը, ես էլ ունեցած-չունեցածս հավաքելով` ճամփա կընկնեմ հետը:

Բոլոր դեպքերում չի կարելի ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին, երկու առանձին հոդվածներում պնդում է Արտաշես Բոյաջյանը, նշելով, որ երկու թեկնածուներն էլ տարիներ շարունակ իշխանական ղեկին կանգնած լինելով, որեւէ լուրջ առաջնթաց չեն գրանցել երկրի կայացման համար այնպիսի կարեւոր եւ օրախնդիր հարցերում, ինչպիսիք են.

  1. Երկրում ժողովրդավարության հաստատումը` իշխանության ինստիտուցիոնալ տարաբաժանման եւ ուժերի հավասարակշռման գործուն մեխանիզմների առկայությամբ:
  2. Տնտեսական կառավարման հիմնականում արդարացի եւ թափանցիկ համակարգի հաստատումը (իրականում, այլ ոչ թե թղթի վրա):
  3. Օրենքի գերակայության հաստատումը եւ Հայաստանի քաղաքացիների արժանապատվության եւ հիմնարար ազատությունների առաջ խաղացումը:

Նախընտրական միջավայրը պատկերելու հետաքրքիր փորձ է արել Հայկական խճանկար բլոգը` հրապարակելով տարբեր թեկնածուների քաղաքական պաստառների լուսանկարները:

Քաղաքական պաստառներ © Լուսանկարները`Անուշ Բաբաջանյանի, Եւրեւան, 2008

Իր հերթին ԿՄատյանային գրառումներ բլոգում Դավիդ Սանդը նկարագրում է հեռուստատեսությամբ ընթացող քարոզարշավը, հիմնականում դիտարկելով Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական թողարկումները եւ նշելով, որ բոլոր թեկնածուներին, ըստ իր ստացած տպավորության, հավասարաչափ ուշադրություն է հատկացվում: Միտքը շարունակելով, բլոգերը գրում է.

Բաղդասարյանի ընտրարշավը բավականին գունագեղ է, նա շատ է խոսում, չնայած հաճախ անկապ: Շարունակվուն են թոշակների, եկամուտների եւ նյութական այլ բարիքների ավելացման խոստումները: [] Նման հայտարարությունների աբսուրդ լինելու հանգամանքը հավանաբար միայն մի քանի մարդ են հասկանում: Գեղամյանը շարունակում է կեղտ լցնել Տեր-Պետրոսյանի վրա, միեւնույն ժամանակ էլ ավելի ու ավելի քիչ գովազդելով իր հակաճգնաժամային անմահ ստեղծագործությունը: Վահան Հովհաննիսյանը ձանձրալի է խոսում, թեեւ, գուցե ոմանց նրա ճառերը հետաքրքրում են: [] Վազգեն Մանուկյանը հետաքրքիր է խոսում, սակայն ակնհայտորեն ընտրողների կեսից ավելին նրան չեն հասկանում:

[]

Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի լուսաբանումը ավելի շուտ քրեական խրոնիկա է հիշեցնում: Սկզբում ծեծեցին ինչ-որ ազատամարտիկի[], երեկ է’լ ավելի մեծ խժդժություն էր Արտաշատում եւ բավականին հակասական տեղեկատվություն դրա նախաձեռնողների եւ միջադեպից տուժողների մասին…

Օնիկ Գրիգորյանը շարունակում է հետեւել ընտրությունների ընթացքին`լուսանկարելով գրեթե բոլոր նշանակալից հանրահավաքները, իսկ նրա երկրորդ` Հայկական ընտրությունների մոնիտոր 2008 խորագրով բլոգը բացի այդ նաեւ անգլալեզու մամուլի եւ բլոգերի տեսություն է տրամադրում` նախագահական ընտրությունների բոլոր զարգացումների վերաբերյալ: Անցյալ շաբաթ Օնիկ Գրիգորյանը անդրադարձել էր Սերժ Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի հանրահավաքներին:

Serge Sargsyan Komitas 018

ARF-D Liberty Square Rally 009

Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի © Oneworld Multimedia 2008

Ինչեւէ, ընտրություններին դեռ մեկ շաբաթ կա, եւ տատանվողները դեռ կհասցնեն կողմնորոշվել: Իսկ առայժմ, ողջախոհության կոչ է անում Քրիստինան իր բլոգում.

Չգիտեմ, չգիտեմ… Էս մի բուռ հողում ատելությունն ու չարությունը ալիք են տալիս ու գնալով դրանց թափը փոթորկային ուժգնության է հասնում: Ատելությունը փակում է աչքերդ, դեմդ դնում դրա թիրախին ու քո բոլոր արարիչ ուժերն ուղղվում են այն ոչնչացնելուն: Ափսոս են այդ ուժերը…