Ով է ում սիրում՝ Հայկական ԶԼՄ-ները Բլոգերներին, թե՞ հակառակը

Հայկական բլոգերը միշտ ուշադիր են եղել ԶԼՄ-ների նկատմամբ, թեեւ դա սեր չես անվանի՝ հայկական ԶԼՄ-ներում սիրելու բան առանձնապես չկա էլ: Իսկ այ Հայկական ԶԼՄ-ների նորահայտ սերը բլոգերի նկատմամբ, այս շաբաթ հետաքրքիր զարգացումներ ունեցավ՝ ինչպես գրել է Ahousekeeper բլօգը.

«Առավոտ» թերթը հայտնագործել է հայկական բլոգոսֆերան։ Այնուհետեւ, զրուցելով uzogh-ի հետ ու քրքրելով մեր մատյանները՝ եկել այն եզրակացության, որ հայ բլոգերները «չեն սիրում քաղաքական խաղեր, արհամարհում են համասեռամոլներին»։ Հիմա հասկանում եք, չէ՞, որ հարցերն են ամենից շատ հուզում լրագրողներին։

Եւ մինչ բլոգերներից ոմանք ուրախանում են, որ հայկական մամուլը վերջապես մտավ 21-րդ դար, մյուսները փորձում են գուշակել, թե առավոտի լրագրողին վերջապես ինչո՞ւ էր հուզել հենց համասեռամոլների նկատմամբ բլոգերի վերաբերմունքը: Ինչեւէ՝ չնայած լրագրողի կողմից արված բավականին տարօրինակ եզրակացություններին եւ ակնհայտ «պրովոկացիոն» վերնագրին, բավականին նորմալ հոդված էր, եզրակացրել է Հայկական լրատվական բլոգը: Հիշեցնենք, որ բլոգերին հայաստանում ամենաշատ սիրում են Ա1+ն ու Ռադիո Հայը՝ այս երկու լրատվամիջոցներն էլ ունեն սեփական բլոգերը՝ Ա1-ինը՝ http://a1plus.blogsome.com հասցեով, իսկ Ռադիո Հայինը՝ http://www.radiohay.am հասցեով:

Դե իսկ բլոգերների փոխադարձ սիրո մասին, հետաքրքիր է գրել Ogostos-ը`

Դեռ 2002թ-ին, երբ Հայաստանում սկսվեց հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորումը, Տիգրան Կարապետյանի անսպասելի հայտնությունն ինձ ամենեւին էլ ծիծաղելի չթվաց։

[]

«ԱԼՄ»-ն իր եթերը սկսեց մետրային ալիքով՝ ամբողջ Հայաստանով մեկ։ Այսպես ստեղծվեց աշխարհի ամենաանհավանական հեռուստատեսությունը, որ տաբերվում էր բոլոր մյուսներից։ Հեռուստատեսություն, որի տերը ինչ ուզի՝ կանի։ Ուզե՞ց շուրջօրյա հեռարձակել Նոր տարվա առթիվ կազմակերպած կոլեկտիվ հավաքույթը, կհեռարձակի։ Ուզե՞ց ամբողջ օրը ցուցադրեց եզդիական երգեր կատարող տղայի, կցուցադրի։ Ուզեց 24 ժամ անընդմեջ ամենաանհավանական նոտայի վրա բարբաջել քաղաքականության մասին, կանի։ Եվ վերջապես ուզեց եւ ամբողջ Հայաստանով մեկ հայտարարեց. «Աննամուս եզդիներ, ես նրանց հրավիրեցի երգելու, իսկ նրանք ընտրությունների ժամանակ ինձ ձայն չտվեցին, էլ չեն երգի իմ ալիքով։»

ԶԼՄ-ների հետ կապված մեկ այլ հետաքրքիր քննարկում էլ նախաձեռնել էր Ուզողը իր բլոգում: Վիդեո փոխանակման YouTube կայքում տեղադրելով Հայլուր լրատվական ծրագրի նյութը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական այցի մասին Թալին: Հիշեցնեմ, որ նախընտրական այս հանդիպման ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ընթացքում հնչել էր «Թալինցիները քեզ հետ չեն» կոչը, որի հեղինակին նախագահի թեկնածուի աջակիցները ծեծի էին ենթարկել:

Ուզողը հարց էր ուղղել լրագրության ասպարեզում աշխատող բլոգերներին, թե որքանով է Հայլուրի տվյալ նյութը համապատասխանում լրագրողական էթիկայի կանոններին, որին ի պատասխան Մարկ Գրիգորյանը հանդես եկավ լայնածավալ մեկնաբանությամբ, նշելով որ.

Ընդհանուր առմամբ՝ այս սյուժեն կարելի էր շատ ավելի պրոֆեսիոնալ պատրաստել։ Հայաստանի հանրային հեռուստատեսությունն, անշուշտ, պետք է ավելի բարձր որակի նորություններ հեռարձակի։

Մյուս պատասխանողները նույնպես հիմնականում նշել էին նյութի ոչ բավարար հավասարակշռվածությունը:

Ինչեւէ, կարելի է փաստել, որ մինչ հայկական ԶԼՄ-ները առաջին քայլերն են անում հայկական բլոգերի երեւույթը հայտնագործելու ուղղությամբ, բլոգերը վաղուց արդեն հայկական ԶԼՄ-ների «բմբուլները քամուն են տվել», եւ տեսնելով նաընտրական զարգացումների դինամիկան եւ դրանց արտացոլումը ԶԼՄ-ներում, կարելի է եզրակացնել, որ բլոգերները մոտակա շաբաթներին դեռ շատ բան կունենան ասելու հայկական ԶԼՄ-ների մասին:

Advertisements