Ձյան տեղումների պատճառով Հայաստանի մի քանի ճանապարհներում խզվել է կապը

Հունվարի 29-ի դրությամբ, մինչեւ այս պահը փակված է Գյումրի-Երեւան ավտոմայրուղին: Երեկ ես բավականին մեծ դժվարությամբ հասա Եւրեւան՝ շրջանցիկ ճանապարհով, շարժվելով նախ Գյուրմի-Արմավիր, այնուհետեւ Արմավիրից՝ Երեւան ուղղություններով: Ասեմ, որ Գյումրի-Արմավիր հատվածն էլ առանձնապես մխիթարական վիճակում չէր:

Ինչեւէ՝ ԱրմԻնֆոյի փոխանցմամբ, այս պահի դրությամբ շարունակում է փակ մնալ ոչ միայն Երեւան-Գյումրի ճանապարհի Մաստարա-Լանջիկ-Մարալիկ հատվածը, այլ նաեւ Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհը /Սելիմի լեռնանցք/։ Երկու ճանապարհներին ձնաբուք է, խիստ սահմանափակ է տեսանելիությունը, ձյան շարունակվող տեղումները եւ բուքը խանգարում են ճանապարհների մաքրման աշխատանքներին։

Ճանապարհին հսկողություն է սահմանված, համապատասխան իշխանություններն ավելի վաղ արդեն դիմել են քաղաքացիներին`առանց խիստ անհրաժեշտության այդ ճանապարհով չերթեւեկելու խնդրանքով։

Այ այսպիսի եղանակային եւ ճանապարհային պայմանների համար է, որ մեր քաղաքական գործիչները ստիպված են Համերներով ու զարմանազան այլ ջիփերով շրջել՝ հիմա տեսնենք թեկնածուներից ո՞վ կհամարձակվի շարունակել երթերը Հայաստանի մարզերով, ո՞վ է ավելի նվիրված ընտրողների հետ հանդիպման սուրբ գործին: