«Դեմոկրատիան այն է, երբ հիմարները քվեարկում են…

…բռնապետությունը՝ երբ հիմարները իշխում են», Ուինստոն Չերչիլի այս խոսքերն է հիշել Սամվել Մարտիրոսյանը իր բլոգում, մեկ այլ հոդվածում էլ նկատելով.

“Հետքը” ներկայացրել է “Թեկնածուների ունեցվածքը պաշտոնական տվյալներով” նյութը, որը մեծ թախիծ է առաջացրել մի խումբ բլոգգերների մոտ։ Իսկ [բլոգեր] Հովուլիկի մոտ նույնիսկ “մի քանի կոպեկ փող” տալու ցանկություն է առաջացել։

Ընդհանրապես անցած շաբաթը հայկական ինտերնետ համայնքում նշանավորվեց ընտրությունների նկատմամբ հետաքրքրության անկմամբ: Տպավորություն է ստեղծվում, որ դեռ մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկիզբը` հունվարի 21-ը, բլոգերներն այնքան քննադատեցին ՀՀ նախագահության թեկնածուներին, մասնավորապես վարչապետ Սերժ Սարգսյանին եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ թեման ամբողջությամբ սպառվեց: Նախորդ շաբաթների նախընտրական տաք քննարկումները տեղի են տվել երկրի ընդհանուր քաղաքական իրավիճակի վերաբերյալ սառը մտահոգությանը: Մտահոգ է Ֆ5 բլոգը.

Դիմակավորվել են բոլորը: Սերժ Սարգսյանից սկսած, Արտաշից պրծած: Ընդդիմությունը կարծես թե մեկ-երկու հոգուց բացի, իրենց թեկնածությունը դրել են՝ միայն իրենք գիտեն, թե ինչի համար: 

[]

Լեւոնը ժողովրդի հետ խոսում է ակադեմիական ու ոչ այնքան հասկանալի լեզվով: Վազգենն էլ, չես հասկանում, գիտի, որ 1-2%-ից ավելի չի հավաքելու, բայց “նա-վսյակի” կամ “վսյակի” դրել է իր թեկնածությունը: Վահանն էլ, հեսա, ընտրությունները ավարտվեն, էլի կանցնի իր պետական գործին ու կմոռանա, որ աշխատելու է մարդկանց հետ, ում արդեն մի շաբաթ է, անխնա քննադատում է: Բա սա դիմակահանդես չի՞:

Մեկ այլ նշանակալի բլոգեր` Օնիկ Գրիգորյանը ընդհանուր առմամբ կորցրել է հետաքրքրությունը ընտրությունների արդյունքների վերաբերյալ, բայցեւայնպես շարունակում է նույն ջանադրությամբ լուսաբանել քաղաքական զարգացումները իր նոր`Հայկական ընտրությունների մոնիտոր 2008 բլոգում:  Փորձված լրագրող-լուսանկարչի աչքից չի վրիպում ոչինչ` Վահան Հովհաննիսյանի ընտրարշավի սկիզբը, սեփական լուսանկարի` հեղափոխական սիմվոլ դառնալը, ոստիկանության կողմից նոր` ջրային թնդանոթների ձեռք բերման մասին լուրերը, Վանաձորում` ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի գրասենյակի խուզարկությունը, նույն քաղաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի պաստառների պատառոտումն ու անարգելու փորձերը:

Մարկ Գրիգորյանը հրապարակել է հատված` Բրիտանական ԲիԲիՍիի համար իր գրած հոդվածից ՀՀ նախընտրական քարոզարշավի սկզբի վերաբերյալ, որտեղ այս բազմափորձ վերլուծաբանը հերթական անգամ փաստում է, որ ՀՀ նախագահի հիմնական թեկնածուն վարչապետ Սերժ Սարգսյանն է, իսկ նրա հիմնական հակառակորդը` Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հիմնական թեկնածուների եւ նրանց ընտրարշավի վերաբերյալ իր ընհանուր տպավորություններն է ընդհանրացնում նաեւ Դիլդոյանը.

ԼՏՊ-ն (Լեւոն Տեր-Պետրոսյանը) իրականացնում է բացասական ընտրարշավ, եւ կարծես թե կորցնում է թափը: Նա սկսում է անձնական վիրավորանքներ հասցնել եւ դա ինչ որ մի պահի հետ է վանելու մարդկանց:

[]

ՍՍ-ն (Սերժ Սարգսյանը) իրականացնում է բեմադրված միջոցառումներ, [] հրապարակային աղոթքներ եկեղեցում… Նա նաեւ խոստանում է ընդհանուր բարեկեցություն եւ լավ կառավարում: Ընտրողներին մնում է հարց տալ, արդյոք նա ընդունա՞կ է բոլոր այդ խոստումները կատարելու:

Շաբաթվա սկանդալը ծավալվեց Դիտորդ բլոգում Պրոպագանդիստական Բլոգերի Սեւ Ցուցակի հրապարակման շուրջ: Այս ցուցակում հայտնվել էին վերջին երկու ամիսների ընթացքում գրանցված եւ բացառապես անանուն կերպով գործող մոտ մեկ տասնյակ բլոգեր, որոնք ունեն հստակ քաղաքական կողմնորոշում (նրանք աջակցում են կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին, կամ Սերժ Սարգսյանին) եւ աչքի են ընկնում իրենց պաշտպանած թեկնածուների հիմնական հակառակորդների դեմ վարկաբեկիչ նյութեր հրապարակելով: Ցուցակի մեջ հայտնված բլոգերներից մի քանիսը հանդես եկան պատասխան հրապարակումներով, ապացուցելով, որ քաղական կողմնորոշում ունենալն իրենց իրավունքն է, եւ Դիտորդ բլոգում նման ցուցակի հրապարակումը խախտում է իրենց սահմանադրական իրավունքները եւ ոչ ոք իրավունք չունի սահմանափակումներ եւ գրաքննություն կատարել իրենց հրապարակումների դեմ: Կարելի է ասել, որ այս հակասահմանադրական ցուցակի հրապարակումը ապացուցեց, որ չնայած քաղաքականության հետ կապված գրեթե բոլոր հարցերում Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող բլոգերը իրար հստակ հակոտնյաներ են, երբ խոսքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին, նրանք բոլորն էլ միանշանակ դեմ են խոսքի ազատության ցանկացած սահմանափակմանը: ԵՎ այս վերջին հանգամանքը չի կարող չուրախացնել…