Լեւոնատորն ու Սերժատանան Ինտերնետ Համայնքի Ուշադրության Կենտրոնում

Շաբաթը հարուստ էր իրադարձություններով, եւ մինչ ավանդական լրատվամիջոցները մտածում էին, ինչպես արձագանքել այդ իրադարձություններին, որպեսզի խոսափեն «ավելորդ տհաճություններից», հայկական ինտերնետ համայնքն առանց երկմտելու եւ ամբողջ թափով քննարկում էր դրանք: Շաբաթվա սկիզբը նշանավորվեց Սահմանադրական Իրավունք Միություն (ՍԻՄ) շուրջ ծավալված հերթական սկանդալով», ուշագրավ հաջորդ դրվագը ԺԿ Նախագահ Տիգրան Կարապետյանի այցն էր Գյումրի, եւ հատուկ այդ առիթով պատվիրված հայկական դրոշի եռագույնը ներկայացնող մոմերի վառման արարողությունը, ինչի հետեւանքով, ըստ բլոգերների մեկնաբանության, հայկական դրոշն անխուսափելիորեն վերաշվելու էր ուկրաինական` կապույտ եւ դեղին երանգով դրոշի: Կորնելիյ Գլաս բլոգը տարակուսում է Ժառանգություն կուսակցության դիրքորոշման վերաբերյալ`վերջիններս փաստորեն որոշել են չպաշտպանել որեւէ թեկնածուի, եւ, ըստ բլոգերի, մինչեւ ապրիլ որոշում են կայացնելու: Դիլդոյանը բազմաթիվ հարցեր ունի Սերժ Սարգսյանին` Արմենիկում դեղամիջոցի անփառունակ վախճանի, 1999թ. հոկտեմբերի 27-ի, երկրի կարեւոր արդյունաբերական հզորությունները Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ճառերը բարելավելու ուղղությամբ`առաջարկելով վերջինիս հատկապես շեշտադրել ընտրական իրավունքի համար պայքարելու անհրաժեշտությունը:

Ա1պլյուս բլոգը արձանագրում է պաշտոնական քարոզարշավի մեկնարկը.

Քարոզարշավը մեկնարկում է Արտաշես Գեղամյանի` ժողովրդին մայրուղի բերելու փորձերով եւ “Արարման ծրագրի” շնորհանդեսով, Վազգեն Մանուկյանի երիտասարդության հետ հանդիպմամբ եւ երկրին տեր կանգնելու կարգախոսով, Լեւոն Տեր-Պետրոսյանի “իր գլուխը մատաղ դնելու եւ երկիրը փրկելու” հայտարարությամբ մարզեր այցելության ժամանակ, Վահան Հովհաննիսյանի ու “իր ընկերների” տոնական երգ ու պարով, ՕԵԿ դատողություններով այն մասին, որ իշխանություններ էլ չեն միավորվել, ուրեմն երկրորդ փուլ անպայման կլինի եւ ընդդիմությունն էլ կարող է միավորվել…

Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձը շարունակում է մնալ ամենաքննարկվողը` Ֆ5 բլոգը միանում է նախագահի այս թեկնածուի ընտրազանգվածին, կոչ անելով «Օգնենք մեկմեկու՝ քանդելու մեր ու մեր մանուկների ապագայի վրա ծանրացող կոռումպացված բուրգը»: Իր հերթին Գազան2008 բլոգն էլ բացատրում է Տեր-Պետրոսյանի նկատմամբ իր ատելության պատճառները. «Ես ատում եմ նրան, այն բազմաթիվ երիտասարդ ու փայլուն տղաների ու աղջիկների համար, որոնցով դեռ երեկ հպարտանում էի: Նրանց համար, ովքեր «սկսելա» էին, «այլընտրանք», «ռոք» և նրանցից ազատության ու նորի հոտ էր գալիս: Ես ատում եմ նրան այն բանի համար, որ հայտնվելով` հերթական անգամ մտածողություն ու ոգի ջարդեց` վերածելով ազատ երիտասարդների մի հոծ բանակի եսամոլության անհագուրդ մոլուցքի խամաճիկների:»

Մեծ Բրիտանիայից արբանյակային հեռուստատեսությամբ հայկական ընտրություններին հետեւող Արտմիկան փաստում է, որ պաշտոնական քարոզարշավի առաջին օրը Հայաստանի Հանրային Հեռուստատեսության լրատվությունը լիովին հավասարակշռված էր, ի տարբերություն մինչ քարոզարշավն ընկած ժամանակահատվածի, եւ ենթադրում, որ դա արդյունք էր տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանյան հեռուստաեթերի մոնիթորինգների եւ դրանց շուրջ բարձրացված աղմուկի:

Քաղաքական քաղաքակիրթ քննարկումներն այս շաբաթ սահմանափակվեցին այսքանով` Դիտորդ բլոգում նախագահության թեկնածուների կայքերի ցուցակը հրապարակվելուն հետեւեց այդ կայքերի նկատմամբ հայկական ինտերնետ հանրության հետաքրքրվածության աննախադեպ աճը: ՀՀ Վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կայքում նրա անձնական լուսանկարների հայտնաբերումը անտարակույս դարձավ շաբաթվա թեման: Վարչապետի մանկական լուսանկարները տեսնելուց հետո Սամվել Մարտիրոսյանը իր ինտերնետային օրագրում փաստեց, որ վարչապետը նաեւ մարդ է: Առանձնապես բուռն քննարկումների տեղիք տվեցին «Նապոլեոն» գրքի հարեւանությամբ շախմատ խաղացող վարչապետի ոչ պաշտոնական դիմանկարների շարքը: Բլոգերները ակնհայտ հումորով ընդունեցին վարչապետի նախընտրած սիմվոլիկան:

Վարչապետի նկարների շուրջ բարձրացված ծաղրուծանակն ավելի սաստկացավ Տեր-Պետրոսյանի աջակցության ոչ պաշտոնական կայքում էթիկայի կանոնների կոպիտ ոտնահարմամբ կատարված պատկերաշարքի հրապարակմամբ` այստեղ, աղավաղելով Սերժ Սարգսյանի կայքից վերցրած ֆոտոները եւ կցելով խիստ բացասական բնույթի մեկնաբանություններ, փորձ էր արվում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես խաղամոլ, «մաֆիոզ» եւ սատանայակերպ անձնավորություն: Ի հակակշիռ «Այլեւս ոչինչ կարեւոր չէ…» բլոգը հրապարակեց Տեր-Պետրոսյանի լուսանկարը, որը, ըստ բլոգերի, նույնիսկ առանց լրացուցիչ աղավաղումների, սարսափազդու տեսք ունի:

Շաբաթը եզրափակվեց Լեւոնատորի եւ Սերժատանայի հայտնությամբ (տես նյութի սկզբում հրապարակված ֆոտոմոնտաժված պատկերները), ինչը վերջնականապես հունից հանեց բլոգային հանրության որոշ ներկայացուցիչների: Նրանցից Օգոստոսը կոչ է անում բլոգերներին դադարեցնել թեկնածուների լուսանկարների դատափետումը եւ վերադառնալ քննարկումների քիչ թե շատ ընդունելի մակարդակի:

Advertisements