FREEDOM HOUSE-Ի ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ՄԱՍԱՄԲ ԱԶԱՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

ՆՅՈՒ-ՅՈՐՔ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցում Հայաստանը արդեն 7-րդ տարին անընդմեջ դասվել է մասամբ ազատ երկրների շարքում: Նույն դասակարգմանն է արժանացել նաեւ Լեռնային Ղարաբաղը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն»-ը, հարեւան պետություններից Թուրքիան եւ Վրաստանը եւս դասվել են մասամբ ազատ երկրների խմբում: Սակայն Վրաստանը, որը նախորդ տարի միջազգային կազմակերպության կողմից բնորոշվել էր որպես «ԱՊՀ-ի համեմատաբար լուսավոր կետերից մեկը», այս անգամ մեկ կետով նահանջել է` թե’ քաղաքական իրավունքների, թե’ քաղաքական ազատությունների ցուցանիշներով:
Ադրբեջանն արդեն 4-րդ տարին անընդմեջ գնահատվում է որպես ոչ ազատ երկիր, ընդ որում` նահանջի միտումով:

ԱՊՀ-ի պետություններից միայն Ուկրաինան է գնահատվել ազատ: Freedom House-ի հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերի խոսքով, «նարնջագույն հեղափոխությունից» հետո այդ երկրում մի շարք ընտրություններ են անցկացվել, որոնք բոլորն էլ եղել են խաղաղ, մասնակիցները ընդունել են արդյունքները, ինչը շատ հազվագյուտ երեւույթ է ԱՊՀ-ի տարածքում, որտեղ ընտրություններն ու ընտրական գործընթացները ավելի հաճախ կառավարվելու ու մանիպուլյացիաների ենթարկվելու միտում ունեն»:

Ընդհանուր առմամբ, ըստ Freedom House-ի, աշխարհում ազատ է 90 երկիր, 60-ը մասամբ ազատ են, 43-ը` անազատ:

Advertisements