ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԼՈԳԵՐԻ ՇԱՐԺԻՉ Ու՞Ժ

«Անցած պառլամենտական ընտրություններից առաջ հայկական բլոգոսֆերան լուրջ թափ ստացավ։ Քաղաքականությունը դարձավ շարժիչ ուժ», գրում է Kornelij Glas բլոգով մեծ համարում վաստակած բլոգեր Սամվել Մարտիրոսյանը իր նոր՝ հայալեզու բլոգում։

Մի կողմից, գալիք ընտրությունները կրկին նույն ազդեցությունը ունեցան հայկական ցանցի վրա։ Մյուս կողմից, բլոգերի զարգացումը իր հետ բերեց մի թարմ /Հայաստանի համար/ եւ ոչ դուրեկան «նորամուծություն»։ Վերջին շաբաթների ընթացքում իրար հետեւից բացվում են անանուն բլոգեր, որոնց միակ նպատակն է՝ կեղտ թափել նախագահի թեկնածուների վրա։

Անզուսպ քաղաքականությամբ են վարակվել են նաեւ ավանդաբար ավելի չափավոր մոտեցումներ ունեցող բլոգերները, այն աստիճան, որ հայկական բլոգերում առաջին քայլերն անողներին թվում է, թե իրենք հայտնվել են գժանոցում։

Ինչպես իրավիճակը նկարագրել է նորահայտ բլոգեր Gazan2008-ը.

Արդեն մի քանի օր է փորձում եմ ЖЖ-ում սթափ մտածող մարդու գտնել։ Նունիսկ այն մի քանի հոգին, ում “freind” եմ դարձրել եւ մշտապես կարդում եմ, աչքի չեն ընկնում հատուկ լրջաամտությամբ եւ կշռադատված փաստարկներով։ Ինչպես արդեն ասել եմ, հայկական ЖЖ-ում ընդունված է բոլոր չհամաձայնվողների վրա կեղտ շպրտել եւ անպատասխանատու «հայտարարություններ» տարածել, ինչպես օրինակ՝ ես ոչ ոքի կողմից չեմ, բոլորին դեմ եմ՝ ահա որքան ճիշտ եւ մաքուր եմ ես։

Նորահայտ մեկ այլ բլոգեր էլ այսպես է դասակարգում հայկական բլոգոսֆերան.

1. Կանանց ապաքաղաքական օրագրեր… Դրանց հեղինակները կամ իսկական հիմարիկներ են, ովքեր շեղվել են իրեն անձի, քաշի, բարդույթների, եւ իրենց շուրջ պտտվող տղամարդկանց հողի վրա, կամ էլ առօրյա ունայնությունից իրենց վեր համարող կանայք՝ բայց էլի շեղված իրենց «ներքին աշխարընկալման եւ դրանից բխող հույզերի հետ», ինչով էլ հեղեղում են ЖЖ-ի էջերը։
2. Նույն ոճի տղամարդիկ կա՛մ դիզայնի ու ծրագրավորման մասնագետներ են, կա՛մ էլ լուսանկարիչներ ու սովորական ֆլուդերներ, կա՛մ էլ, արդեն որպես խելքը թռցնելու վերջնական արդյունք, նույն հուզական էակաները, ինչ որ կանայք։
3. ԼՏՊ-ի խիստ քաղաքականացված, զոմբիացված կողմնակիցները, նրանց հակառակորդները, ուսանողները, լրագրողները, իրավաբանները, հայրենասերները, բոլոր նրանք, ովքեր դեռ վերջնականապես անտարբեր չեն երկրի եւ տարածաշրջանի ճակատագրով։
4. Տեղեկատվականները։ Այսպիսիններն այնքան էլ շատ չեն եւ վերջին շրջանում բոլորն էլ քաղաքականացված են։

Պետք է նկատել, որ թե՛ բլոգերի հնաբնակները, թե՛ նորեկները հիմնականում արդարացիորեն են բնութագրում իրավիճակը՝ բլոգերը ծայրահեղ քաղաքականացված են այս օրերին, սակայն նման քաղաքականացումն արհեստածին երեւույթ չէ, այլ ամենօրյա իրականության, կամ այսպես կոչված «օֆֆլայնի» արտացոլումը։ Գրեթե օրինաչափ է այն, որ բլոգերը մեծագույն ակտիվությամբ են արձագանքում նաեւ հայկական ավանդական լրատվամիջոցներում առաջնահերթության կարգով լուսաբանված այնպիսի խոշոր քաղաքական իրադարձություններին, ինչպիսիք են նախագահական ընտրությունները հարեւան Վրաստանում, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի հրապարակումը եւ դրան հետեւած մամուլի ասուլիսը։
Վրացական ընտրություններին առավել մեծ ակտիվությամբ են արձագանքել Oneworld Multimedia-ն եւ Մարկ Գրիգորյանը։ Այս բլոգերից առաջինը դիտարկում է անգլալեզու վրացական բլոգերների արձագանքը ընտրություններին, ինչպես նաեւ միջազգային դիտորդների եւ որոշ արտասահմանյան լրատվամիջոցների վերլուծությունները եւ հանգում տխուր եզրակացությունների.

Իրականում միջազգային համայնքը, հատկապես ԱՄՆ եւ Եվրոպան, պետք է իրենց ձայնը բարձրացնեն, դատապարտելով Սահակաշվիլու թիմի որոշ կեղտոտ հնարքները:
[]
Ինչ որ է, ինչպես եզրակացնում է Քրիսթին Քուիրքը, հաշվի առնելով Վրաստանի տարածքով անցնող ստրատեգիական նշանակության գազամուղը, դա, հավանաբար, լոկ ցանկություն է։


Մարկ Գրիգորյանին, որը նաեւ հրապարակել է վրացական ընտրությունների վերաբերյալ միջազգային լրատվամիջոցների լուսաբանման մի ծավալուն դայջեստ, ավելի շատ հետաքրքրում է վրացական ընդդիմությունը, իր պոստսովետական, այդ թվում՝ հայկական ընդդիմության համար բնորոշ առանձնահատկություններով.

Նախկին խորհրդային երկրներում ընդդիմությունը պարտվել չի կարողանում։ Երբեմն ինձ թվում է՝ ոչ մի գնով պարտությունը չընդունելը, ընդդիմադիրների ասած, «մինչեւ վերջ» գնալը, պայքարը շարունակելը, մարդկանց ցույցերի եւ բողոքի կոչելը խաղի կանոններից մեկն է։ Գործնականում այդպիսի պահվածքը հասցնում է ընդդիմության մարգինալացման, որոշ դեպքերում նույնիսկ հետագա եւ ավելի խորը մարգինալացման։

Իրականում վրացական ընտրությունների նկատմամբ նման մեծ հետաքրքրությունը պայմանավորված է բոլորին հուզող մեկ հիմնական հարցով՝ ինչպե՞ս կանցնեն մոտալուտ նախագահական ընտրությունները Հայաստանում։ Ընդդիմադիր թեկնածուներից Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի վաղ հրապարակումը եւ դրա շուրջ ծավալված քննարկումները շաբաթվա վերջին հետին պլան մղվեցին նույն իր՝ Տեր-Պետրոսյանի կողմից նախաձեռնված մամուլի ասուլիսով։ Կարելի է փաստել, որ հայկական բլոգերն ամբողջ անցյալ շաբաթ զբաղված էին հիմնականում Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա ծրագիրը քննարկելով։ Առանձնապես հետաքրքիր է ЖЖитейские записки բլոգի վերլուծությունը.

Առաջինը, ինչ աչքի է ընկնում, այն է, որ ծրագիրը ընդգրկում է հարցերի շատ մեծ շրջանակ, որոնք շատ դեպքում ոչ մի կապ չունեն նախագահի ինստիտուտի հետ։
[]
Ամենագլխավորն այն է, որ սահմանադրական կարգի՝ հետեւաբար նաեւ քաղաքացիական իրավունքների, օրինականության, ինքնիշխանության պահպանումը, ինչն, ըստ էության, նախագահի հիմնական գործառույթներից մեկն է, եթե անգամ հիշատակվում է, ապա սոսկ կարգախոսի պես՝ «ապահովել բոլորի հավասարությունը օրենքի առաջ» կամ էլ «ապահովել/ամրապնդել դատական իշխանության անկախությունը»։
Ամենահետաքրքիրն այն է, որ իմ ծանոթներից ոչ ոք, նախագահի թեկնածուների մասին բանավիճելիս, չի անդրադառնում նրանց ծրագրերին։ Այսինքն՝ մեծ հաշվով յուրաքանչյուրն այս կամ այն թեկնածուին ընտրելու իր մոտիվներն ունի։ Ամենից հաճախ մարդիկ ղեկավարվում են անձնական համակրանքնով, որը հիմնված է կա՛մ կարծրակաղապարների, կա՛մ էլ իր երկրի պատմության մեջ կոնկրետ թեկնածուի դերի սեփական ընկալման վրա։ Նույնիսկ եթե մարդիկ կարդում են նախընտրական ծրագրերը, ընտրություն կատարելիս, ամենայն հավանականությամբ, ղեկավարվում են ոչ այն ամենով, որ առաջարկում են նախագահի թեկնածուներն իրենց ծրագրերում։ Եթե պարզ լեզվով ձեւակերպենք ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը, ապա ժողովուրդը կրկին պոպուլիստական անհեթեթության հետեւից է ընկած։

Թվում է, նման իրավիճակում միայն հումորը կարող է փրկել ծայրահեղ քաղաքականացված բլոգային համայնքը։ Հայկական նախընտրական դաշտը սարկաստիկ լրջությամբ այսպիսին է՝ ըստ Kornelij Glas-ի.

ԼՏՊ-ն դպրոցական շարադրություն է գրել,
ՍՍ-ն գնում է ընտրությունների մի շատ ցնցող, ստեղծագործական կարգախոսով, որը կարող էր անգամ Աբրամովիչին նրա շտաբ բերել՝ «Գնդակ, Գնդակ։ Առաջ Հայաստան։»
Գեղամյանի կարգախոսն էլ ցնցում է իր օրիգինալությամբ։ «Ազգային միաբանության» կուսակցության առաջնորդը ընտրությունների է գնում՝ «Հանուն ազգային միաբանության» կարգախոսով։ Ջոնսոն եւ Ջոնսոն՝ ծանոթացեք։


ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ (ditord.wordpress.com/ )