Այս Ընտրությունների Ինտերնետացումն Աննախադեպ Չափերի է հասել

Փետրվարի 19-ին նախատեսված նախագահական ընտրությունների հետ կապված՝ ինտերնետի հայկական հատվածը բուռն քաղաքականացում է ապրում՝ հայտնվում են տարբեր թեկնածուների պաշտոնական կայքեր՝ արդեն գործում են Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական ընտրական կայքերը, ընտրարշավին վերաբերվող նյութեր եւ ենթաբաժիններ են հայտնվել իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանին սատարող ՀՀԿ, ԲՀԿ եւ ՄԻԱԿ կուսակցությունների կայքերում:

Անցյալ շաբաթ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ հրավերների վարչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի ընտրողների ռեգիստրը՝ ըստ տեղամասերի, որը եւ տեղադրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վեբ կայքում, եւ ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բոլոր ցանկացողները կարող են ինտերնետի միջոցով հավաստիանալ, արդյո՞ք իրենց անունը կա ցուցակում, թե ոչ, եւ որ տեղամասում են իրենք ընտրելու: Բացի այդ, հեշտությամբ կարելի է պարզել, թե որտեղ է տեղակայված  այս կամ այն ընտրատեղամասը: Ընդ որում այս տարի գրանցվել է 2 311 917 ընտրող՝ 5 983-ով ավելի պակաս, քան 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Այս պահին գործում են առնվազն մի շարք լրատվական կայքեր, նվիրված առաջիկա ընտրություններին՝  Ա1պլյուսիhttp://elections.a1plus.am/, Ինտերնյուսիhttp://www.echannel.am կայքը, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության — http://www.elections2008.am կայքը: Գրեթե բոլոր  լրատվական եւ ինտերակտիվ կայքերը իրենց պարտքն են համարում ինտերնետային քվեարկություններ անցկացնել, խիստ հակասական եւ կասկածելի հավաստիության արդյունքներով:

Առանձնահատուկ պատկեր են ներկայացնում հայկական բլոգերը եւ YouTube վիդեոդարան-կայքի հայկական հատվածը: Այստեղ կարելի է քննարկել, քննադատել կամ ի սրտե հայհոյել ցանկացած նախագահական թեկնածուի, կամ բոլորին միաժամանակ: Չեմ կարող չհիշատակել նաեւ բլոգեր Ուզողի կազմակերպած ինտերնետ քվեարկությունը, որին մասնակցել է մոտ 136 բլոգեր, եւ որի արդյունքներով առաջատարն է Վազգեն Մանուկյանը: Բլոգերում նույնիսկ կարելի է վիրտուալ միտինգներ եւ ցույցեր անցկացնել, ինչպես մեղմ, պատկերավոր եւ խիստ տեղին արտահայտվել է վետերան-բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Վերջին մի քանի օրերին LiveJournal  բլոգային ծառայություն գրանցվել են մի շարք ագիտ-բլոգեր, որոնք բավականին կոպիտ եւ անարդյունավետ քարոզարշավներ են անցկացնում բլոգգերների շրջանում՝ հարուցելով ընդհանուր զայրույթ եւ դժգոհություն:

Այս ամբողջ ինտերնետացված նախընտրական քարոզարշավի մեջ, այնուամենայնիվ մեկ հարց ինձ համար մնում է անպատասխան՝ նկատի ունենալով ազգաբնակչության, կամ այլ կերպ ասած՝ ընտրազանգվածի շրջանում ինտերնետի օգտագործման խիստ ցածր տարածվածությունը, հարց է առաջանում, ինչո՞ւ եւ ո՞ւմ համար են ստեղծվում բոլոր այս ինտերնետային ռեսուրսները. դժվար է հավատալ, որ միջին ստատիստիկական ընտրողը անպայման իր պատքը կհամարի ինտերնետով ճշտել, թե, ասենք, Վահան Հովհաննիսյանը արդեն տեղադրե՞լ է իր նախընտրական ծրագիրը իր ընտրական ինտերնետ-կայքում, թե ոչ…