ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Այսօր առավոտյան հանկարծամահ է եղել քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ, ՀՀ 1999-2007թթ.-երի ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը:

«Դադարեց բաբախել մի մարդու սիրտ, ով անմնացորդ, մինչեւ իր կյանքի վերջին վայրկյանը պայքարում էր ստի, կեղծիքի, երեսպաշտության, անարդարության, չարի եւ անօրինականության դեմ` հույս տածելով, որ Հայաստանում վերջապես կհաղթի ժողովրդավարությունը, բարին, մարդկանց դեմքին կրկին կթագավորի ժպիտն ու արժանապատվությունը»,- ասվում է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչության տարածած գույժում:

Մանուկ Գասպարյանի անժամանակ մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:

Ցավակցական հաղորդագրություն է տարածել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամները ցնցված են հանկարծահաս այդ բոթից։ Մենք սգում ենք քաղաքական գործչի, քաղաքացու, ընտանիքի օրինավոր հոր, մեր զինակցի մահը»: Հիշեցնեմ, որ Մանուկ Գասպարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը աջակցողների թվում էր:

Աղբյուրը՝ Echannel.