Ստեփան Դեմիրճյանը հակադրվո՞ւմ է իր կողմից սատարվող թեկնածուին…

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր դեկտեմբերի 8-ի ելույթում այնպիսի խիստ գնահատականներ հնչեցրեց Խորհրդային Հայաստանի տնտեսության հասցեին, որ անգամ նրան սատարող ուժերից՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը չկարողացավ զսպել իրեն եւ հանդես եկավ հակաճառությամբ: ԱրմԻնֆոյի փոխանցմամբ. «Անվիճելի է փաստը, որ խորհրդային տարիների Հայաստանը լուրջ հաջողությունների էր հասել տնտեսական եւ մշակութային կյանքում։ Ընդ որում պետք է ընդգծեմ, որ Խորհրդային Միության տնտեսական համակարգում մեր հանրապետությունը շատ ճիշտ էր զարգանում, լավագույններից մեկն էր», —ասել է Ստեփան Դեմիրճյանը, նշելով, որ վերջին շրջանի խորհրդային Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները գիտատար արտադրություններն էին, սկսած 70-ական թվականներից, խոշոր քիմիական արտադրությունն իր տեղը զիջում էր սարքաշինությանն ու էլեկտրոնիկային։ «Հանրապետությունում ստեղծվել էր լուրջ ինժեներագիտական ներուժ։ Բացի այդ, բոլորն են ընդունում չափազանց բարձր կրթական մակարդակը երկրում, եւ այսօր Հայաստանում գոյություն ունի խորհրդային կրթական համակարգը` աղճատված տեսքով»:

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «բոլոր նրանց համար, ովքեր երեւույթները գնահատում են «Կարշոլկի ֆաբրիկայի» պարտկոմի կամ Կեւորկովի օգնականի տեսանկյունից», []  անհնար է ընկալել Խորհրդային տնտեսության՝ «1980-ականների առաջին կեսից սկսված տնտեսական գահավիժումը», որը «Հայաստանում ծանրանում էր  չորս հավելյալ եւ առանձնահատուկ գործոնների՝ Աղետի գոտու, 300 հազար փախստականների, շրջափակումների եւ պատերազմի առկայությամբ»:

Ակնհայտորեն Ս. Դեմիրճյանին այնքան էլ չի անհանգստացրել «Կարշոլկի ֆաբրիկայի» պարտկոմի պատվավոր տիտղոսին արժանանալու տխուր ճակատագիրը, երբ անկախության առաջին տարիներին, իր իսկ պաշտպանյալ Առաջին Նախագահի կողմից իրականացված տնտեսական քաղաքականության վերաբերյալ հնչեցրել է հետևյալ գնահատականները. «Անկախության առաջին տարիներին թույլ տրվեցին սխալներ, դիլետանտության, փորձի բացակայության, շուկայական դոգմատիզմի դրսեւորումներ։ Փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ շուկայական բարեփոխումներն իրականացվեցին ոչ թե ինքնաբերաբար, այլ հավասարակշռված, կորուստներն զգալիորեն պակաս էին։ Այսինքն` Հայաստանում կարելի էր խուսափել տնտեսական ճգնաժամի այդքան ծանր հետեւանքներից»:
Հետաքրքիր է, ինչի՞ մասին է վկայում ՀԺԿ առաջնորդի այս անսպասելի հակահարվածը Տեր-Պետրոսյանին… կազմակերպվածության բացակայություն ԼՏՊ պաշպանողների շարքերո՞ւմ, խեղդված ամբիցիաների անսպասելի «ծլարձակում», թե՞ Ս. Դեմիրճյանն էլ իշխանությունների կողմից Տեր-Պետրոսյանի շտաբ ներմուծված հերթական ռումբն է…