Պայթեցվել է «Չորրորդ Իշխանություն» թերթի խմբագրության դուռը

[E-channel.am] Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ժամը 04։30-ի շրջանում պայթեցվել է «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության դուռը։ Պատճառվել է նյութական վնաս, մարդիկ չեն տուժել։
 
Պայթյունի հետեւանքով վնասվել են խմբագրության դուռը եւ լուսամուտները։ Ինչպես տեղեկացնում է «Չորրորդ իշխանության» տնօրեն Մհեր Ղալեչյանը, դուռը, այն պաշտպանող երկաթե ճաղավանդակը եւ լուսամուտներն ամբողջովին շարքից դուրս են եկել։ Ղալեչյանը դժվարանում է գնահատել թերթին հասցված նյութական վնասը, սակայն նշում է, որ այն զգալի է։ Նա հույս ունի օրվա ընթացքում նոր դուռ եւ  
այն պաշտպանող ճաղավանդակ տեղադրել։

«Չորրորդ իշխանությունը» ընդդիմադիր թերթի համարում ունի եւ առաջիկա նախագահական ընտրություններում աջակցում է Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մհեր Ղալեչյանը կարծում է, որ պայթյունը կարող է կապված լինել թերթի էջերում տարբեր պաշտոնյաների, քաղաքական գործիչների  
եւ գործարարների վերաբերյալ բացահայտումների հետ։

«Չեմ բացառում, որ նման ձեւով փորձել են ահաբեկել, վնաս տալ, վախեցնել։ Բայց առաջին անգամը չէ, որ մեզ փորձում են ահաբեկել, սակայն ինչպես տեսնում եք, շարունակում ենք աշխատել»,- ասում է Ղալեչյանը։

ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից հաղորդում են, որ պայթյունի հետևանքով մարդիկ չեն տուժել՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ: Քննությունն իրականացնում է Կենտրոն համայնքի ոստիկանությունը։