«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության հռչակումից ի վեր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը բազմիցս դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ Միաժամանակ նա նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարարն է, ով իր պաշտոնավարման ժամանակ ու դրանից հետո ծառայել է մեր երկրին` սիրով, պարկեշտությամբ եւ հավատարմությամբ։

Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական տեւական մղումը նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով վերջապես իրականություն դարձավ, սակայն ոչ թե 1991 թվականից, այլ` 2001-ից։ Համապատասխան բոլոր մանրամասների կրկնությունն ավելորդ համարելով` նշենք միայն, որ այս տարիների ընթացքում, ինչպես վկայում են խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքներն ու ցայսօր իրականացված հարցումների տվյալները, Հովհաննիսյանը եղել եւ մնում է առավել բարձր հասարակական համարում ունեցող գործիչներից մեկը։

Այժմ Հայաստանը կանգնած է նախագահական ընտրությունների նախաշեմին` գործընթաց, որով պայմանավորված է լինելու Հայոց պետության առաջանցիկ զարգացումը հաջորդ հինգ տարիներին։ Ընտրողներին ազատ կամքի արտահայտման լիարժեք հնարավորություն ընձեռելու համար մեծ պատասխանատվություն է դրված իշխանության բարձրագույն կրողի վրա։

Այսօր ՀՀ նախագահն օժտված է արդարությունը վերականգնելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում բախտորոշ նշանակության առաջիկա ընտրապայքարում համահավասար մրցակցային իրավիճակ ստեղծելու լիազորությամբ։

Ելնելով վերոշարադրյալից` «Ժառանգություն» կուսակցության վարչությունը ակնկալում է, որ նա անմիջապես կվերանայի ու կբավարարի Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին Հանրապետության հռչակումից բխող քաղաքացիություն շնորհելու հանրային պահանջը։

21 նոյեմբերի 2007
Երեւան