Սերժ Սարգսյանն՝ առաջատար

Նախընտրական շրջաններում, Հայաստանում, ինչպես և այլուր, անցկացվում են բազմաթիվ ու բազմապիսի սոցհարցումներ։ Վերջին այդպիսի սոցհարցումն անցկացրել է Բրիտանական ComRes
ընկերությունը։ Ըստ E-channel-ի հարցումն անցկացվել է հոկտեմբերի 25-31-ը Հայաստանի 2000 բնակիչների շրջանում։

Հարցմանն անդրադարձել է նաև Հայաստանի հանրային ռադիոն, և ցնծությամբ արձանագրել, որ «Եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի», Սերժ Սարգսյանը կստանար ձայների 38%-ը։ Ըստ նույն աղբյուրի Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը, ստանալով համապատասխանաբար 13% և 12% զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը։

Պետք է ասեմ, որ կոնկրետ այս հարցման դեպքում ինձ այնքան չեն հետաքրքրում ստացված արդյունքները, ինչքան լրատվամիջոցների կողմից նման հարցումների օգտագործումը։ Կարող եմ արձանագրել, որ առայժմ կոնկրետ այս հարցման դեպքում հստակորեն նշմարվում են հետևյալ միտումները՝

1) Եթե լրատվամիջոցն իշխանամետ է, ապա հարցումը ներկայացվում է իբրև «նախախնամություն» և բացարձակ ճշմարտություն։ Սերժ Սարգսյանը առաջատարն է, և դա այդպես էլ պետք է լիներ, և այլն…
2) Եթե լրատվամիջոցը փորձում է քիչ թե շատ հավասարակշիռ ձևանալ, ապա ներկայացվում են արդյուքները, այնուհետև նշում, որ այն պատվիրել է CS media ընկերությունը (այսինքն պատվիրատուն իշխանամետ է, ըստ այդմ արդյուքներն էլ վստահելի չեն), և որ հարցումների անցկացումը ղեկավարել է Գևորգ Պողոսյանը (այսինքն չի բացառվում, որ արդյունքները ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում) և այլն։
3) Եթե լրատվամիջոցը բացահայտորեն պաշտպանում է Լևոն Տեր–Պետրոսյանին (այսինքն, եթե դա Հայկական Ժամանակն է, Չորրորդ Իշխանությունը, Հայքը), ապա կարելի է ընդհանրապես ուշադրության չարժանացնել նյութը, կամ նշել, որ հարցաթերթիկի վրա նշվել է հարցվողի հեռախոսահամարը կամ հասցեն, որը իր հերթին մարդկանց դրդել է բոլոր հարցրին իշխանանպաստ/Սերժահաճո պատասխաններ տալ։

Պետք է ասեմ, որ գոնե ինձ համար Սերժ Սարգսյանի բացահայտ առավելությունը այս պահին կասկած չի հարուցում։ Սակայն առավել կարևոր է հասկանալ, թե ովքեր են Սարգսյանին ձայն չտվող 62%–ը, և ինչ են նրանք ուզում այս երկրի իշխանություններից, որը չի կարող նրանց տալ ներկա վարչապետը։ Մյուս կողմից հետաքրքիր կլիներ հասկանալ, թե ինչ կարող է անել Սերժ Սարգսյանը՝ իրենից երես թեքած այս ընտրողներին գրավելու համար, և կոնկրետ ումից նա կարող է ակնկալել ընտրազանգված փախցնել։