Հարկային Ստուգումներ ԳԱԼԱ Հեռուստաընկերությունում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին ժամը 15-ին Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության («ՉԱՊ» ՍՊԸ) հիմնադրին են ներկայացել երեք հոգի եւ կամեցել սկսել ՍՊԸ-ի ստուգումները:

Այս մարդիկ հոկտեմբերի 23-ին նույնպես այցելել էին Վահան Խաչատրյանին ու պաշտոնապես ծանուցել կայանալիք հարկային ստուգումների մասին, իսկ ավելի վաղ` հոկտեմբերի 20-ին` գյումրեցի իրենց գործընկերների հետ այցելել էին Վ.Խաչատրյանի անձնական սեփականությունը հանդիսացող տարածք եւ, առանց որեւէ իրավական հիմքի, կամեցել ծանոթանալ տարածքի շինություններին, ապա թողել էին տարածքը այն բանից հետո, երբ սեփականատերը իր սեփականությունը հանդիսացող տարածք` հարկային օպերլիազորների «ստուգայցը» փաստագրելու համար հրավիրել էր հեռուստանկարահանող լրագրողական խումբ:

Հոկտեմբերի 29-ին ժամը 15-ին ԳԱԼԱ հեռուստաընկերություն այցելած երեւանյան օպերլիազորներից Վահան Խաչատրյանը պահանջել է պատշաճ ներկայանալ, մասնավորաբար, ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակցի վկայականները: ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՊԾ օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի ավագ օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը, գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյանը ներկայացրել են իրենց աշխատանքային վկայականները, իսկ խմբի ղեկավար ՀՊԾ օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը գրպանները, երկար պրպտելուց հետո, այդպես էլ չի կարողացել գտնել իր աշխատանքային վկայականը: Չնայած այդ հանգամանքին, Վահան Խաչատրյանը հրավիրել է հաշվապահին ու երեւանյան հյուրերին թույլ է տվել սկսել ստուգումները: Այս ամենը ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ընդարձակ ռեպորտաժներով ցուցադրել է իր լրատվական թողարկումներում: Ռեպորտաժներում երեւում է, թե ինչպես է նկարահանումից դժգոհում ՀՊ Ծառայության օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը: Ինչպես մեզ հաղորդեց Վ.Խաչատրյանը, երեկ ստուգումների վերջում իրենց երեւանյան գործընկերներին են միացել գյումրեցի 3 գործընկերները, նրանք բոլորն իրենց պահել են բացարձակ հարգալից: Ստուգումների առաջին օրը ստուգումները տեւել են մինչեւ ժամը 17:30-ը:

Հիշեցնում ենք, որ ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ զանազան գերատեսչությունների կողմից ճնշումներն ու այս ստուգումը նախաձեռնվել են այն բանից հետո, երբ վերջինս հոկտեմբերի 14-ին եթեր է հեռարձակել Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 21-ին եւ հաջորդ օրը իր հաղորդաշարերից մեկում հարցազրույցի է հրավիրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Մեր ունեցած տեղեկություններով, Վահան Խաչատրյանը որեւէ կուսակցական կամ քաղաքական համակրանք կամ հակակրանք չունի որեւէ ուժի նկատմամբ: Համենայն դեպս, չուներ մինչեւ այս բռնաճնշումները: Ըստ Վահան Խաչատրյանի, ինքը նախկինում մի քանի անգամ դիմել է հարկային ծառայությանը` իր հիմնարկում ստուգումներ անցկացնելու խնդրանքով: Գյումրու հարկայինի նախկին պետ Լիդա Նանյանը այն ժամանակ նպատակահարմար չի գտել ստուգումներ հանձնարարել այստեղ: Իսկ ահա նոր պետ Մարտին Զիֆլիմյանը, հավատարիմ իր հռչակին (1996, 1998-ին նույն պաշտոնում լինելով նախաձեռնեց 2 հարձակում տեղական հեռուստաընկերության վրա ու չհաջողեց), նախ հոկտեմբերի 15-ին «զրույցի» է հրավիրել Վահան Խաչատրյանին, ապա, դատելով հետագա զարգացումներից, չհասնելով իր նպատակին, ենթադրաբար` ավելի վերեւների հետ խորհրդակցելով, 5 օր անց հարկային օպերլիազորներ է ուղարկել Վ.Խաչատրյանի տարածք, ապա` հեռուստաընկերություն: Ինչպիսի նվիրում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը համարում է, որ տեղի ունեցածը եւ այսօրինակ զարգացումները ուղղակի ճնշումներ են ազատ զանգվածային լրատվամիջոցի վրա: Նախկինում էլ բազմիցս ասել, այժմ էլ կրկնում ենք, որ ընտրությունների նախօրեին ԶԼՄ-ներում անցկացվող որեւէ գերատեսչական ստուգում, անկախ դրանց ելքից, ուղղակի կաշկանդում է ԶԼՄ աշխատանքն ու հնարավոր ազատությունը, այդօրինակ ստուգումները ցանկացած ընտրության նախորդող 6-8 ամիսների ընթացքում դիտվում է որպես ԶԼՄ-ների նկատմամբ ուղղակի ճնշում: Այս արատավոր պրակտիկայի վերջը տալու ժամանակն է:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Գյումրի

Advertisements