Բլոգերներն հարցնում են Իմպիչմենտին՝ ինչ է լինելու հետո

Joint Opposition Rally, Yerevan, Armenia, May 9, 2007 Photo by Artur PapyanՔաղաքական գործիչներ՝ մտածեք, և լավ մտածեք։ Մտածեք երկրի ապագայի մասին, մտածեք կառուցողական մտքեր, մտածեք Հայաստանի մասին։ Ընդհանուր առմամբ այսպիսի կոչով են հանդես գալիս ICHD Blog–ը և Ազատամարտիկը այստեղ և այստեղ։

ICHD Blog անհանգստացած է որոշ քաղաքական ուժերի հնչեցրած այն դրույթով, ըստ որի նրանք պատրաստ են «հանցագործ եղանակով կուտակած հարստությունն» առգրավել օրենքի սահմաններում, որ հետո մասնավորեցնեն։

Յուրաքանչյուր իրեն հարգող տնտեսագետ Ձեզ կպնդի` սեփականության իրավունքներն անձեռնմխելի են, այստեղ է ցանկացած զարգացման կռվանը. ինչպես որևէ հանրային գործիչ կվստահեցնի, որ չարժե քննության առնել մարդու իրավունքների կամ խոսքի ազատության վերաբերյալ գոյություն ունեցող ամրագրումները: Երևույթն այքան շատ եմ կարևորում, որ պատրաստ եմ բազմիցս կրկնել.

  • «սեփականության իրավունքներն անձեռնմխելի են»,
  • «սեփականության իրավունքներն անձեռնմխելի են»,
  • «սեփականության իրավունքներն անձեռնմխելի են»:

Ազատամարտիկը քննադատում է Իմպիչմենտի ընդհանուր մոտեցումը, նկատելով, որ նախընտրական այս բլոկը «այն տեսքով որ հիմա կա չի կարող հասնել մեծ արդյունքների, որովհետև նա միայն ընդդեմ է, և խուսափում է ռեալ հարցերին անդրադառնալուց», սակայն Իմպիչմենտն ունի նաև դրական կողմեր, շարունակում է բլոգերը, որով և տարբերվում է մնացած ընդդիմադիրներից։ Այն մարդկանց բառակոխ չի անում և “Իմպիչմենտականները ավելի շատ շեշտը դնում էին ներքին ուժերի վրա, սեփական ինքնակազմակերպման անհրաժեշտության վրա”։ Ինչևէ, «Հայաստանում շարունակում է ակտիվ մնալ համընդհանուր դժգոհությունը:» Դժգոհության պատճառների վերլուծությունը Ազատամարտիկը սկսում է հարցով՝ ի՞նչ է ուզում հայը։

Հայը ուզում է ազատություն: Ազատություն ոչ թե սանձարձակության ու իր եսակենտրոն ցանկությունները իրականացնելու համար, այլ ընդամենը իր ներքին արարիչ մղումները ինքնադրսևորելու համար:

[]

Ով հասկացել է այդ բանը շահել է, ով չի հասկացել միշտ տուժվել է, ցավոք ձեռքի հետ էլ վնասելով հայերին: Հայերի մյուս կայուն գծերից է արդարության սուր զգացումը, և բիրտ ուժի մերժումը: Հայը չի ընդունում բիրտ ուժով իրեն պարտադրած որոշում, բայց հաճախ էլ հայը չի ուզում բիրտ ուժին պատասխանել բռնությամբ ու խուսափում է բիրտ ուժին բախվելուց, բռնելով գաղթի ճանապարհը, կամ էլ ավելի վատ բարոյալքվել ու տրվել է բիրտ ուժին առանց դիմադրելու:

Վերջում հարց Ազատամարտիկից՝

Եվ կա արդյո՞ք այսօրվա Հայքում նման քաղաքական ուժ, որ ի վիճակի լինի գնալ նման ուղով:

Մեկ հարց էլ անձամբ ինձանից՝

Կա արդյո՞ք այսօրվա Հայքում քաղաքական ուժ, որ ի վիճակի է իսկապես մտածել այս երկրի ապագայի մասին…