Հանցագործություններ, քաղաքականություն, կրոնական փոքրամասնություններ և ընդհակառակը

«Այսօր Հայաստանում դժվար է տարբերություն գտնել քաղաքական և հանցագործ գործունեության միջև։ Հանցագործ աշխարհի ներկայացուցիչները սերտաճած են իշխող ՀՀԿ–ի հետ և օգտագործվում են ընտրողներին և ընդդիմությանը ահաբեկելու համար, որպես պարգև թողտվություն ստանալով վարվել ուզածի պես իրենց տնտեսական գործունեության ասպարեզում», մտորում է Nazarian–ը քննարկելով ընտրարշավի ընթացքում տեղի ունեցած հերթական սպանությունը, սակայն հավելելով, որ դեռևս պարզ չէ, արդյո՞ք այս հերթական հանցագործության հիմքում էլ է ընկած քաղաքականությունը, թե սա պարզապես հերթական հաշվեհարդարն է։

Մինչ Երևանի փողոցներում իրական հանցագործները ամենայն ջանադրությամբ զբաղված են ընտրարշավով, Bekaisa ուշադրություն է հրավիրում Ֆորում 18 կազմակերպության վերջին զեկույցի վրա, ըստ որի այս պահին Հայաստանում կա 72 խղճի բանտարկյալ՝ հիմնականում Եհովայի Վկաներ և Մոլոկաններ, ովքեր հրաժարվում են ծառայել ՀՀ բանակում և պնդում են, որ ՀՀ Այլընտրանքային զինծառայության օրենքը և դրա իրագործումը ՀՀ ՊՆ–ի կողմից այս կրոնական աղանդների ներկայացուցիչներին չի ընձեռում լիարժեք հնարավորություններ ծառայել՝ հավատարիմ մնալով իրենց համոզմունքներին։

E-channel բլոգը նույնպես հետաքրքրվել է Եհովայի Վկաներով, և բլոգեր Blansh–ի հրապարակած տվյալներով այս կրոնական համայնքի 10,000 ներկայացուցիչներ չեն մասնակցի ՀՀ Խորհրդարանական ընտրություններին.

«Եհովայի վկաներ» աղանդին հարող քաղաքացիները ընտրություններին չեն մասնակցի: Վերջիններիս խոսքերով իրենք արդեն իրենց ընտրությունն արել են, ընտրել են Աստծուն (ոչ մի տեսակի ընտրությանը չմասնակցելը իրենց ուղղության առանցքային կետերից է):

Advertisements