Կանխատեսելի քաղաքականությունը և հուսալքված երիտասարդությունը

Հայաստանյան քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մեծ մասը սպասվող և կանխատեսելի է «ինչպես լրագրողների, այնպես էլ ցանկացած անցորդի համար», ասում է Notes from Hairenik-ը և եզրակացնում, որ քաղաքական դաշտի այս կանխատեսելիությունը հենց հանդիսանում է քաղաքացիների անտարբերության պատճառը՝ մարդիկ սկսում են մտածել, որ իրենց ձայնը երկրում փոփոխություններ բերելու տեսակետից որևէ դեր չի խաղում։

Երբ քաղաքականությունը կանխատեսելի է, ավելանում է անտարբերությունը։ Եթե որպես իրականություն ընդունենք այն, ինչ ներկայացնում են հայկական լրատվամիջոցները և ինչի մասին խոսվում է ասեկոսների մակարդակով, երկրում այլևս ոչինչ հնարավոր չէ անել, բացի ամեն ինչ ինքնահոսի թողնելուց, համենայն դեպս այսպիսի տպավորություն է ստեղծվել ինձ մոտ։

Բլոգերը պնդում է, որ իրականում հենց շարքային քաղաքացիներն են որոշելու ընտրությունների արդյունքը, սակայն ամեն ինչ արվում է դրան խանգարելու համար։ Մեկ այլ բլոգ-պոստում, Notes from Hairenik-ը ցիտում է The Armenian Weekly թերթի հոդվածներից մեկը, որը քննարկում է Հայաստանում տիրող քաղաքական անտարբերության մթնոլորտը, հատկապես երիտասարդության շրջանում, որը հասել է հուսահատեցնող չափերի՝ երիտասարդները գերադասում են պարզապես լքել երկիրը։ Հույսի միակ նշույլը հոդվածագիրը տեսնում է հայկական բլոգոսֆերայի շրջանակներում բավականին ճանաչված Սկսել ա երիտասարդական շարժման մեջ։

Այնուամենայնիվ որոշ երիտասարդներ իրապես ձգտում են ներքաշվել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական գործընթացների մեջ, թեև նրանք փոքրամասնություն են կազմում։ Ավելին, նրանք փորձում են տարածել այս գաղափարը մյուսների շրջանում ևս։

Հետաքրքիր է, որ EurasiaNet-ը բոլորովին վերջերս հրապարակել է Օնիկ Գրիգորյան-ի հոդվածը՝ Սկսել ա-ի և երիտասարդության հետ քաղաքական աշխատանք տանելու տարբեր կուսակցությունների, մասնավորապես Բարգավաճ Հայաստանի ջանքերի մասին։ Bekaisa-ն իր բլոգում վերահրապարակել է այս հոդվածն ամբողջությամբ, իսկ մեկ այլ բլոգ-պոստում էլ փորձել է պատասխանել Օնիկ Գրիգորյանի հոդվածում բարձրացված որոշ հարցերի։