Արտաքին քաղաքականությունը ուշադրության կենտրոնում

Այս շաբաթ Kornelij Glas-ի ուշադրության կենտրոնում հիմնականում արտաքին քաղաքականության խնդիրներն էին։ Արտաքին քաղաքանակությանը անդրադարձել են նաև մյուս բլոգերները, ինչը երևի պայմանավորված էր ներքին քաղաքականության մեջ լուրջ իրադարձությունների բացակայությամբ։

«Մինչ ոմանք մտածում են Իրանին հարվածելու մասին, Երևանն ու Թեհրանը իրար գիրկ են նետվում», մեկնաբանում է Kornelij Glas-ը, նկատելով, որ երկու երկրները արդեն.

1. Բացել են միացյալ գազամուղը։ Քննարկում են երկրորդ ճյուղի կառուցման հնարավորությունը։
2. Վերջապես պայմանագիր է կնքվել երկու ՀԷԿ կառուցելու մասին։
3. Խոսակցություններ են գնում նավթատար խողովակաշարի կառուցման վերաբերյալ։

Kornelij Glas-ը նաև հրապարակել է ՀՀ Արտգործնախարար Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը, որտեղ նախարարն անդրադառնում է արտաքին և ներքին քաղաքականության հարցերին, այդ թվում՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները, Իրան-Հայաստան գազամուղի նշանակությունը և այլն։

ICHD blog-ը վերահրապարակել է Արշիլ Սարոյանի վերլուծությունը (որը նախապես հրապարակվել էր http://www.asbarez.com կայքում), որտեղ խիստ բացասական գնահատականներ են հնչում Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության վերաբերյալ.

Իրողությունն այն է, որ մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ մեր մասին հարևաններն ու մեծ տերությունները հիշում են միայն այն ժամանակ, երբ խոսակցության թեման տարածաշրջանի կայունության և կանխատեսելիության մասին է: Հայաստանն այս տարածաշրջանում դիտվում է ոչ թե որպես 3 միլիոն բնակչությամբ տնտեսական, ազգային ու մշակութային մի միավոր, այլ մեկուսացված պետություն, որն, Իրանից բացի, բոլոր հարևանների նկատմամբ ունի հողային պահանջներ կամ դրանց տիրանալու հեռահար մտադրություններ, և որի զինված ուժերն առայժմ ունակ են լուծելու ռազմական խնդիրներ:

Ի հակադրություն Արշիլ Սարոյանի գծած տխուր համապատկերի, Armenia բլոգը երկու համառոտ հրապարակում ունի Հայաստան-Իրան գազամուղի և Վրաստանի Արտգործնախարար Գոլա Բեժուաշվիլու և ՀՀ Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպման մասին։

Թեման եզրափակելու համար հրապարակում եմ այս հղումը դեպի David_Sand-ի կես-կատակ բլոգ-պոստը, որտեղ նա պահանջում է խիստ վիզային սահմանափակումներ մտցնել ԵՄ, ԱՄՆ և Շվեցարիայի քաղաքացիների համար, որպես հատուցում Երևանի Ֆրանսիական դեսպանատանը վիզա ստանալու համար իր քաշած չարչարանքների։