«Գնա՞լ, թե չգնա՞լ…» — երիտասարդ հայ արտագաղթողների հավերժական հարցը

Bekaisa-ն քննարկում է Հայաստանում ապրելու և Հայաստան կոչվող երևույթի և հայաստանցի անվանվող մշակույթի մասը լինելու կարևորությունը իր բլոգում.

Լինել հայաստանցի, պահպանել և վերարտադրել իր՝ Հայաստանում ապրող մարդուն յուրահատուկ «տիպը» և ինքնությունը, շատ ավելի կարևոր է, քան հետևել գլոբալացված աշխարհում տարրալուծվող սփյուռքներին։ Վերարտադրվել և իրենց մեջ միաձուլել բոլոր նրանց, ովքեր ուզում են ապրել այս հողում, լինել երկրի քաղաքացին, ծառայել նրա բանակում, վճարել սոցիալական վճարումները նրա ծերերին և որբերին, ստեղծել արժեքներ, դաստիարակել երեխաներ, պայքարել նրա պայծառ ապագայի համար վերջիվերջո, անկախ «էթնիկական», ենթամշակույթային և կրոնական պատկանելության։

Դեմ չլինելով արտագաղթին՝ որպես ազատության որոշակի դրսևորում՝ ապրել որտեղ և ինչպես կոնկրետ անձը ցանկանում է, Bekaisa-ն այնուամենայնիվ նշում է, որ արտագաղթի հետ կապված գոյություն ունի մի որոշակի միֆ [իրականությունը կեղծ ներկայացնելու իմաստով], որին արժե անդրադառնալ։ Այսպես՝ Հայաստանից հեռացողներից շատերը պնդում են, որ իրենք ավելի օգտակար կլինեն Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, եթե ապրեն դրսում և այնտեղից օգնություն ուղարկեն Հայաստան։ Սա լեգենդ է, պնդում է Bekaisa-ն, որովհետև վերջին հաշվով, երկրին իսկապես օգնելու համար հարկավոր է ֆիզիկապես, հոգեպես և մտավոր ներուժով ապրել այստեղ, աջակցել և զարգացնել «հայություն» կոչվող երևույթը, որպես էթնիկական, արժեքային, սոցիալական երևույթների ամբողջություն…

Պատասխանները երկար սպասել չտվեցին, առանձնապես հետաքրքիր էր Albertus-ի տված գնահատականը, իսկ Bekaisa-ն վերահրապարակեց իր ավելի վաղ գրված բլոգ-պոստերից մեկը՝ նույն թեմայի վերաբերյալ։ Albertus-ի հիմնական փաստարկները ընդհանրացված են նրա հոդվածի վերջում, որտեղ նա փորձում է դասակարգել եկողների, գնացողների, եկող-գնացողների բոլոր հնարավոր միֆ-մեկնաբանությունները.

Մարդը դժգոհ է Հայաստանի կյանքից, բայց գնալու հնարավություն չունի, ու հայտարարում է, որ մնում է հայրենասիրությունից դրդված։
Գնալու հնարավորությունը հայտնվում է, նա գնում է, բայց խոստանում է առաջին հնարավորության դեպքում վերադառնալ։
Չկարողանալով կայանալ ԱՅՆՏԵՂ, բոլորին համոզում է, որ միևնույն է, ինքը ոչ մի բանի համար չի ափսոսում, պահպանում է իր հայությունը և օգնում է Երևանյան բարեկամներին։
Ի վերջո որոշելով վերադառնալ, որովհետև ԱՅՆՏԵՂ ապագայի որևէ հույս չկա, իր վերադարձը ներկայացնում է որպես մեծագույն հերոսություն։

Advertisements