Բլոգերը արդարություն են պահանջում

Սոցիալական արդարության թեման հայ բլոգերների ուշադրության կենտրոնում է ոչ միայն վիրտուալ, այլև իրական կյանքում։ Գաղտնիք չէ, որ մարտի 4-ին տեղի ունեցած «կես կատակ, կես լուրջ ցուցահանդեսի» կազմակերպիչների մեջ նույնպես բլոգերներ կան, և ցուցահանդեսի թեման ակտիվորեն (ֆոտո)լուսաբանվեց բլոգոսֆերայում։

Կես կատակ, կես լուրջ ցուցահանդես ©  ֆոտո Նվարդ Երկանյանի (Азура), Երևան, 2007

Կես կատակ, կես լուրջ ցուցահանդես © ֆոտո Նվարդ Երկանյանի (Азура), Երևան, 2007

ՏԶԿ/ԹԻ-Հայաստան Ընտրությունների Մոնիտոր 2007-ի փոխանցմամբ.

[…]շրջանաձև այգին բաժանվել էր երկու մասի` կես լուրջի ու կես կատակի: Լուրջ կես մտնելու համար ձեռքին ամրեցվող «Ձեր զենքը դուք եք» երկտողով անցաթղթերը պարտադիր էին: Այս մասում նորություններով ցուցատախտակներ էին` Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը, Բուզանդ փողոցից վտարված բնակիչներին, քաղաքի «ռեմոնտին» և այլ խնդիրներին անդրադարձող հոդվածներով:[…]

[…]Ըստ էության, կազմակերիչների բուն նպատակն էր մարդկանց հաղորդել մամուլի և խոսքի ազատության դերի բարձրացման անհրաժեշտությունը: Այդ իսկ առումով, երիտասարդներից շատերը զբաղված էին իրենց խոհերը «Մեջդ մի պահիր» թղթերին հանձնելով:[…]

Մինչ միջոցառման կազմակերպիչներից մեկը, Bekaisa-ն  քննարկում է միջոցառման առավելություններն ու թերությունները, բլոգերները շարունակում են քննարկել նաև ցուցահանդեսում արտացոլված իրողությունները։ Narjan-ը Դանիայում տեղի ունեցած վերջին ցույցերը՝ ի պաշտպանություն ոստիկանության կողմից քաղաքի կենտրոնից  վտարվող թափառաշրջիկների, համեմատում է Հայաստանի օրինական քաղաքացիներին իրենց սեփական բնակարաններից վտարելու հետ կապված հասարակական հակազդեցության բացակայության հետ։ Martuni or Bust բլոգը զայրույթով գրում է բնակարանների անօրինական զավթումների մասին և խնդրի լուծման սեփական տարբերակներն է առաջ քաշում.

[…]ԲՈԼՈՐ այդ շինությունները, որ կառուցվել են անօրինական ճանապարհով պետք է բռնագրավվեն այն հանցագործներից, ովքեր այսօր օգտվում են Ռոբերտ Քոչարյանի և նրա հանցագործ շրջապատի ստեղծած օրենքնսդրության պաշտպանությունից և տրվեն այն մարդկանց, ում բռնագրավված հողատարածքների վրա դրանք կառուցվել են։[…]

Չեն դադարում նաև կոչերը՝ պաշտպանել Քաշաթաղի հայաթափվող շրջանի բնակչության շահերը, (թեմայի հետ կապված վերջին զարգացումներին անդրադարձել են Martuni or Bust-ը և ՍԱՍՆԱՅ ԾՌԵՐ-ը)։ Համաձայն Հետք էլեկտրոնային թերթի հոդվածի Քաշաթաղում առաջացող խնդիրների մեծ մասը վատ կառավարման հետևանք են։ The Armenian Economsit-ը նույնպես անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի կառավարմանը, բավականին դրական տեղաշարժներ նկատելով հատկապես ոլորտում ներդրումների աճի հետ կապված։ Սակայն հարցեր կան նաև այստեղ՝ պետք է գնահատել ռիսկերը և տեսնել արդյո՞ք կոմերցալիզացիայի հետևանքով ֆերմերներն ու գյուղացիությունը չեն զրկվում աշխատանքից, ինչի հետևանքով կարող է աճել գյուղական վայրերի աղքատությունը։