Անհարմար հարևաններ. հայ բլոգերները Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հունաստանի մասին

«Ամեն օր ԱՄՆ և Իրանի միջև պատերազմի հավանականությունը ավելի ու ավելի է աճում…», հաղորդում է Armenia blog-ը, ցիտելով Երկրում հրապարակված հոդվածը, որը քննարկում է Հայաստանի համար նման պատերազմի բացասական հետևանքները։ Hyelog-ը իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում EuraziNet.org-ի հոդվածը, որը քննարկում է ԱՄՆ Պաշպանության նախարարության նոր մարտավարությունը՝ Սևծովյան տարածաշրջանի երկրների վերաբերյալ։ Ըստ նոր մարտավարության նախատեսվում է աջակցել տարածաշրջանի երկրներին ապահովության տարածաշրջանային մոտեցումներ ձևավորելու հարցում։ Հետաքրքիր է, որ ԱՄՆ ՊՆ Սևծովյան ռազմավարության մասին տեղեկությունները հայտնվում են հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ պատրաստվում է իր նոր PRO ռադարային համակարգը տեղադրել Կովկասում ինչպես հաղորդում է Kornelij Glas-ը։ Բլոգերը նաև նշում է, որ Ադրբեջանը մերժել է ռադարն իր տարածքում տեղակայելու հնարավորությունը, մինչդեռ Վրաստանը պատրաստակամություն է արտահայտել քննարկել այս հարցը։ Kornelij Glas-ը նաև իր ափսոսանքն է հայտնում թեմայի վերաբերյալ Երևանի լռության կապակցությամբ, նկատելով, որ հետաքրքիր կլիներ կողք կողքի տեղադրել ամերիրկյան ռադարն ու Հայաստանում արդեն իսկ տեղադրված ռուսական C-300-ը և տեսնել դրանից ինչ կստացվի. թող իրար «հետևեն», ասում է բլոգերը։

Ahousekeeper-ը շարադրում է իր տեսակետները Թուրքիայի վերաբերյալ, որը նրա խոսքերով «ոչ միայն թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, այլ ունի հստակ ու ոչ երկարաժամկետ նպատակ՝ Հայաստանը ոչնչացնել» և հարց է տալիս, թե «ինչո՞ւ են ՀՀՇ-ականները՝ լինելով քաջատեղյակ այս իրավիճակից, այնուամենայնիվ ժողովրդին հեքիաթներ հրամցնում Թուրքիայի հետ հաշտվելու հնարավորության մասին, փորձում հայության մեջ մեղքի բարդույթ առաջացնել, թե իբր հենց մեր՝ հայերիս համառության պատճառով է, որ բարեհոգի թուրքերը մեզ այդքան չեն սիրում»։ Հարցն ավելի ընդարձակելով, Ahousekeeper-ն ասում է.

[…]Նույն հարցը կարելի է ուղղել բազմաթիվ ամերիկյան, բրիտանական ու եւրոպական կազմակերպություններին, որոնք աշխուժորեն զբաղվում են «հաշտեցմամբ»՝ իրականում հայության մեջ ոչնչացնում դիմադրելու կամքը։[…]

Հակոբ Գեւորգյան շատ հետաքրքիր համարելով ArmenianHouseի խմագիր Կարեն Վարդանեսյանի [Ahousekeeper] եզրահանգումը, այն տեղադրել է նաև իր կայքում՝ «հասարակությանը հասանելի դարձնելու նպատակներով»։

Armenia blog-ը նույնպես մեծ ուշադրություն է դարձրել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, իր հիասթափությունն արտահայտելով «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամաստի “թեթև դատավճիռ” ստանալու հնարավորության հետ կապված։ Ըստ PanArmenian-ի մեղադրյալը թերևս չդատապարտվի ցմահ ազատազրկման։ Բլոգգերը նաև անդրադառնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, հարցնելով՝ «ո՞րն է հաջորդ քայլը» այն բանից հետո, ինչ Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել «Շահումյանի շրջանում, որտեղ ժամանակին 21,000 հայ էր ապրում, ովքեր Ղարաբայան շարժման ժամանակ սպանվել կամ բռնի կերպով արտագաղթել են, վերաբնակեցնել 30,000-ից  35,000 ադրբեջանցի»։

Խոսելով Սևծովյան տարածաշրջանի ևս մեկ հարևանի՝ Հունաստանի մասին, Armenia blog-ը նկատում է «Հունաստանը ուժեղ դաշնակից է, որի հետ պետք է սերտ կապ պաշտպանել։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառության մեծացումը այս հարցում շատ լավ նախաբան է…» ավելացնում է բլոգերը՝ մեկնաբանելով Հունաստանում ընթացող քննարկումները երկրի  հնգամյա տնտեսական զարգացման ծրագրում Հայաստանին ներգրավելու մասին։