«Արտակարգ դրությունը երկարաձգելու ոչ մի պատճառ չեմ տեսնում», - ինչպես տեղեկացնում է «Արմինֆո»-ն, այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դա Ռոբերտ Քոչարյանի վերջին հանդիպումն էր լրագրողների հետ` որպես պետության ղեկավար:
Նրա ասելով, անցած 20 օրերը ցույց տվեցին, որ արտակարգ դրություն հայտարարելու որոշումը ճիշտ էր, քանի որ դա օգնեց խուսափել մարտի 1-ից հետո իրադարձությունների ավելի ծանր հետևանքներից: Միայն դրանից հետո իրավիճակն սկսեց շտկվել, իսկ կյանքը` մտնել բնականոն հուն: Ընդ որում, բնակչության ճնշող մեծամասնությունն ըմբռնումով է ընկալել այդ որոշումը: Պետության ղեկավարը նաև նշել է, որ անցած 20 օրերի ընթացքում ոչ մի միջադեպ չի դիտվել, Ոստիկանության և բանակի ներկայացուցիչները, իրականացնելով արտակարգ դրությանն առնչվող միջոցառումներ, դրսևորել են զսպվածություն, իսկ արտակարգ դրության ռեժիմը երկու անգամ մեղմվել է: «Իմ խնդիրն է ներկայիս կայունությունը հասցնել այն մակարդակին, որ գոյություն ուներ մինչև նախագահական ընտրությունները, որպեսզի նոր նախագահին հանձնեմ կայուն երկիր», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստարագրել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» իր հրամանագիրը փոփոխության ենթարկելու մասին։
Հրամանագրում ասվում է.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետերով`
ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագրի 4-րդ կետի՝
1. 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման ապօրինի միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը.
2. 5-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 թվականի մարտի 14-ից:
5-րդ կետը, որը ուժը կորցրած է ճանաչվել, սահմանվում էր այսպես
առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում։