Օտարալեզու դպրոցներից՝ մինչեւ «անլեզու հայվանները» հայկական բլոգոսֆերայում
Վերջին երկու-երեք շաբաթներին հայկական բլոգոսֆերան հիշեցնում է հին, սեւ, պլաստմասսայե խզխզված ձայնասկավառակները, որոնք լռվելով մի թեմայի վրա, կրկնում են. անվերջ կրկնում նույն երգի նույն բառերը… «օտար լեզուներով դպրոցներ պետք չեն», «օտար լեզուներով դպրոցներ պետք են», «օտար լեզուներով դպրոցներ պետք չեն», «օտար լեզուներով դպրոցներ պետք են»…
Կրթության եւ գիտության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը, որով կառավարությունն առաջարկում է Հայաստանում ստեղծել Սովետական շրջանի ռուսական դպրոցների նման օտարալեզու դպրոցներ, դարձել է հարցերի-հարցը՝ «ճառ ասելու, թե զանգ կախելու» արանքում լռված ինչ-որ բան։ Կողմ եւ դեմ ճամբարները երկու շաբաթ առաջ արդեն հետեւում էին թողել «օտարամոլություն», «հայրենասիրություն», «զարգացում» եւ «ինտեգրում» հասկացություններ։ Այսօր արդեն՝ բոլգոսֆերայի հնաբնակները փաստում են. քննարկումներն անցնել են առողջ դատողության սահմանը՝ վերածվելով ուղղակի վիրավորանքների։
«Պարոնայք, ես ամաչում եմ», – գրում է Ուզողը, – «Ամաչում եմ իմ փոխարեն, ամաչում եմ ձեր փոխարեն։ Ասում են՝ մարդկության բոլոր խնդիրները չափի զգացման բացակայությունից են։ Որտե՞ղ է այն վերջակետը, որից հետո դուք կանգ կառնենք։ Էլ ի՞նչ ածականներ են մնացել, որով դուք մեկմեկու չեք փաղաքշել»։
Ողջամտության կոչեր են անում նաեւ Զաբուգոռսկին, Փիղը… բայց քննարկումները շարունակում են…
***
Մինչդեռ, բլոգոսֆերայում հետաքրքիր թեմաների պակաս չկա։ Իրանահայ բլոգեր Արթին Առաքելյանն, օրինակ, գրում է Հունաստանի ընդդիմադիր-բողոքարար շեկ շան մասին։
«Երբ երկրում անարխիստները բողոքի ցոյց են իրականացնում, միշտ մի շուն է վրայ հասնում եւ խառնւելով բողոքարարների շարքերին, առաջին շարքերում ներկայութիւն է ապահովում իր համար: Վերջին տարիների անարխիստների ցոյցերից պատրաստւած լուսանկարները ապացուցում են, որ տւեալ «քաղաքական» շունը, ոչ մի բողոքի ցոյցում չի բացակայել եւ միշտ ներկայ է եղել անարխիստական ցոյցերին», – գրում է բլոգը՝ հավելելով. – «Դեռեւս չի բացայայտւել թէ այդ շունը ինչ պատճառով է, որ յատուկ սէր է տածում Յոյն անարխիստների բողոքի ցոյցերին»:
Կենդանական թեման շարունակում է Words բլոգը՝ կատուների մասին սրտաճմլիկ տեսանյութով. – «Թուրքական Անթալիա քաղաքում կատուն փորձում էր փրկել վրաերթի ենթարկված փիսիկին, սրտի մերսում ու արհեստական շնչառություն հիշեցնող գործողություններով եւ հետաքրքրասերներին քշելով։ Ցավոք, նրա ջանքերն ապարդյուն էին՝ երբ տեղ հասավ անասնաբույժերի թիմը, նրա ընկերուհին արդեն զոհվել էր»։
***
Աշխարհի խոշորագույն ինտերնետային ընկերության՝ Google-ի վերջին նորամուծությունները Դիտորդ բլոգի ուշադրության կենտրոնում են. այս շաբաթ ընկերությունը հայտարարեց հայալեզու թարգմանչական ծրագրի մեկնարկի մասին։ Google Translate ծառայությունը թույլ է տալիս աշխարհի 56 լեզուներով տեքստերը թարգմանել հայերեն, եւ հակառակը՝ հայերենից թարգմանություններ իրականացնել 56 լեզուներով։ Ավելին, եթե դուք Google Translate-ում հավաքում եք օտար լեզվով՝ ասենք անգլերեն կամ պորտուգալերեն տեքստ պարունակող ինտերնետային էջի հասցեն, ծառայությունը ձեզ ցույց է տալիս տվյալ կայքէջի հայերեն թարգմանված տարբերակը։
«Սա շատ կարեւոր ծառայություն է հայերեն լեզվի համար, քանի որ դրա շնորհիվ աշխարհասփյուռ հայությունը կկարողանա հետեւել հայալեզու կայքերի հրապարակումներին։ Չմոռանանք, որ Սփյուռքում, օրինակ ԱՄՆ-ում, երիտասարդ սերունդը բավական թույլ է տիրապետում հայերեն լեզվին, իսկ այս ծառայությունը նրանց մոտ կարող է հետաքրքրություն ստեղծել հայերեն լեզվով բովանդակության նկատմամբ եւ արդյունքում հետաքրքրել լեզու սովորելու հարցում», – գրում է Դիտրոդը եւ հիշեցնում, որ վերջին շրջանում Google-ը եւս մի քանի հետաքրքիր ծառայություններ է ստեղծել հայ ինտերնետ օգտագործողների համար, այդ թվում Google քարտեզ ծրագրի միջոցով Հայաստանի տարածքում մեքենայով տեղից-տեղ ուղեւորվելու ճանապարհային ցուցումներ եւ Google որոնողական համակարգին կից վիրտուալ հայերեն ստեղնաշար։ Այս վերջին նորամուծությունը հեշտացնում է հայերեն լեզվով որոնումներ իրականացնելը, նույնիսկ եթե ձեր մոտ չկան հայերեն տառատեսակները արտածելու՝ տպելու, համար անհրաժեշտ ծրագրեր, ինչպիսիք են KDWin-ը, Winkeys-ը եւ այլն։
***
Google ընկերության մասին մի փոքրիկ իմաստուն պատմություն էլ պատմում է Նորայրը.
վիվասելլի գրասենյակ մտնում է սև շորերով երիտասարդ․
- քույրիկ ջան – դիմում է նա աշխատողին – իմ մոտ ջուջուլը չի աշխատում
- ինչը՞
- ջուջուլը․․․ ջուջուլ․քոմ-ը
վարագույր
ու տենց
***
Սարդ բլոգը ծանոթացել է «Բանգլադեշ համայնքի «կանոնակարգին», ու հասկացել «Քյարթու» բառի իմաստը։ Բլոգը ներկայացնում է «քյարթության» բնորոշ հատկանիշները, օրինակ՝ «1․ ոչինչ չասող դեմքի արտահայտություն 2․ իրեն հատուկ հնչողությամբ քրքիջ 3․ ամեն տեսած բան՝ բացի «քուչի» ասֆալտից, իր համար նորություն է 5․ «ախպեր» բառի չարաշահում։ 6․ սեւ, մարմին կպած հագուստի եւ «ծիծակ» կոշիկների օգտագործում, 7․ նկատվում է նաեւ «ծիծակ» կոշիկների փոխարինում «բիբարով» Եթե էլի հատկանիշներ կան, որ հիշում եք, ավելացրեք…»։ Սարդի դիագնոզը միանշանակ է՝ «Մեր երիտասարդության 80 եւ ավելի տոկոսը տառապում է ՔՅԱՐԹՈՒԻԶՄՈՎ, փրկել է պետք․․․»
***
Թեւյանցը նզովում է այն օրը, երբ աշխարհ եկան սերիալները. «Սա իսկական պատուհաս է… բացասական էներգիայի անվերջանալի հոսք…», – գրում է բլոգը՝ մեկնաբանելով. – «Լարված սյուժեները եւ դրանց լարված երաժշտական նվագակցությունը, որոնց ընթացքում կատարվում են սպանությունները, ընտանեկան բախումներ, թարախություն եւ սրիկայություն, եւ այդ ամենը օրվա ավարտին՝ երբ գործից տուն եկած մարդը փորձում է հանգստանալ…»
«Զարմանում եմ՝ ինչո՞վ է մտածում հեռուստատեսությունը», – հարցնում է նա։
***
Պատասխանը՝ Բանաձեւի բլոգում է՝ «Հեռուստառեյտինքը որոշում է ամեն ինչ»։ Հետեւելով հեռուստաալիքի եւ տարբեր հաղորդումների ռեյտինգին, ընկերության ղեկավարը որոշում է ինչ եւ ինչպես ցուցադրել։ – «Մենք դեռևս ռեյտինգավորման նախնական փուլում ենք, որը բոլոր երկրներում ներդրման առաջին տարիներին կործանել է բազմաթիվ ալիքների եթերներ ու բազմաթիվ հրաշալի հաղորդումներ (նաև ՌԴ-ում)»։
Բանաձեւի եզրակացությունը հուսադրող է. – «Սա, այսպես կոչված` ադապտացման կամ վայրի կապիտալիզմի դարաշրջանն է եթերում: Բայց մի քանի տարի հետո կգա երկրորդ փուլը, երբ այդ նույն ռեյտինգավորման սոֆթուերը կսկսի օգնել ալիքներին»։
***
Սպասենք եւ հուսանք՝ որ Ինտերակտիվի ռեյտինգը միշտ բարձր կլինի
))

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ 22:43 on June 7, 2010 Permalink |
Շնորհակալություն հարգարժան Արմեն Այվազյանին, Ռուբեն Թարումյանին, Հարություն Մեսրոբյանին, Դավիթ Գյուլզադյանին, Ալբերտ Նալչաջյանին, Հայկ Ալումյանին …
բոլոր, բոլոր նրանց ում համար թանկ է մեր լեզուն, մեր մայրենին, մեր պետականության ամրության ու մեր գոյի միակ ու ամենագլխավոր հիմնաքարը: Կրկին ու կրկին անգամ շնորհակալ եմ Ձեր աչալրջության, հետևողականության ու արդարացի ընդվզումի համար:
Ցավով պետք է արձանագրել, որ ինչքան փորձում ենք նմանվել Եվրոպային, այնքան հեռանում ենք մեր արմատներից ու
մխրճվում գլոբալիզացիայի գիրկը, որը մեր մի բուռ ազգի համար անդառնալի հետևանքներ է ունենալու:
Նախագահի, կառավարության կողմից ամեն մի ապազգային որոշում, մեր ժողովրդի կողմից համարժեք արձագանքի չի արժանանում,ընդունվում է լռելյան: Հարմարվողական, կրավաորական կեցվածք ընդունելը դարձել է մի տեսակ օրինաչափություն: Իշխանավորների այսօրինակ կամայականություններին
մեր ժողովրդի հանդուրժողականությունը նրանց լկտի ու սանձարձակ է դարձրել:
Ապազգային քաղաքականության հիմքը դրվեց դեռ այն օրվանից, երբ կրոնի ազատության մասին օրենք ընդունվեց, հաճոյանալու համար Եվրոմիությանը:
Հենց այն ժամանակ պետք է բուռն քննարկումներ լիներ ու ընդվզումներ: Միթե՞ պակաս քայքայիչ չէ ու ազգի հիմքերը խարխլող, քանդող, երբ եհովականությունն արտոնվեց մի բոռ ազգիս պառակտելու, ծվատելու համար:
Ի՞նչն է հային հայ պահողը.
1. Մայրենի լեզուն
,2. Քրիստոնեական հավատքը,
3. Հայեցի մտածողությունն ու հայրենապաշտությունը…
Հավատքի մասով իրենց սև գործն արել են արդեն . oր-օրի ավելանում են
եհովհականների թիվը, հերթն արդեն լեզվինն է, իսկ թե հաջորդ անկանխատեսելի քայլը
ո՞րն է լինելու… անակնկալ – անակնկալի հետևից մատուցվում է մեր ազգին.
դեռ ֆուտբոլային դիվանագիտության դառնահամ պտուղները չմարսած, հիմա էլ
նոր անակնկալ. իսկը Պուշկինի “Ոսկե ձկնիկը” հեքիաթում ենք հայտնվել. հայ երեխան իր մայրենին դեռ չսերտած օտար լեզուն են հրամցնում: Սա էլ իր
հետին մտքերն ու հեռահար նպատակներն ունի Հայաստանը հայաթափող:
Պարզից էլ պարզ է, երբ մարդը լիակատար տիրապետում է այս-կամ այն օտար լեզվին, նրա դեմ փակ դուռ չկա լքելու Հայրենիքը և օտար ափերում փնտրելու բարեկեցիկ կյանք: Երբ խորը մտածում ենք, վերլուծություն կատարում,
առերեսվում ենք մի դաժան իրողության, որ մեր կառավարությանը ձգտում է
արագացնել արտագաղթը ու տարբեր ելքեր է փնտրում, որոնցից մեկն էլ օտարալեզու դպրոցների բացումն է, որն անմիջապես հարվածում է մատաղ սերնդի ինքնության ձևավորմանն ու հայեցի մտածողության դրսևորմանը:
Մեղք է մեր ազգը, որի ազգային անվտանգության պատասխանատուն աթոռատենչ Արթուր Բաղդասարյանն է, իսկ կրթության ու գիտության նախարարը Աշոտյանը. (իրականում ազգի ցեցերը)մարդ, որը մեծ ճիգեր է գործադրում ցույց տալու, թե ինքը լի ու լի տիրապետում է կրթական համակարգին ու բարեփոխումներ է փորձում իրականացնել, բայց այս անհաջող
բարեփոխումը լինելու է չարյաց մեծագույնը. խորացնելու է սոցիալական բևեռացումը, հայ երեխան սեփական պատմությանը անհաղորդ է մնալու, դառնալու է օտար մտածողության կրողը, իսկ հետևանքներն անդառնալի են լինելու :
Լավ, մի բան չեմ հասկանում. այս մի բուռ ազգը ինչքա՞ն փորձությունների միջով պիտի անցնի. Հայի արյական ոգին փորձում են մերել օտար գենի հետ. առանց այդ էլ Ցեղասպանությունից հետո աշխարհասփյուռ հայության սերունդները խոսում են օտար լեզվով, իսկ անկախությունից հետո ՀՀՇ-ի վարած սխալ քաղաքականության շնորհիվ կիսով չափ հայաթափվեց Հայաստանը և հիմա սփյուռքում հասակ առած ու ծնված հայ երեխան դարձյալ օտար լեզվով է խոսում: Մոտավոր հաշվարկով
սփյուռքահայության 80-90% -ից ավելին տիրապետում է օտար լեզվին.
Պարոն Աշոտյանը գիտի՞, որ հայ երեխաները այստեղ’ Եվրոպայում բարձրագույն ուսում առնելով, ոչին չգիտեն Հայոց պատմությունից, իրենց արմատներից ու նրանց տրամաբանությունը նման է ևրոպացու, ոչ’ հայի: Անգամ հայերեն գրել ու կարդալ չգիտեն: Երբ Հ-1-ով “Հայ ասպետ” հաղորդաշարն է լինում, հայ երեխան կլանված լսում է ու զարմանում մեր հայ
աշակերտների Հայոց պատմության իմացության վրա: Դեռ 2007թվականին ես խնդրանքով դիմեցի Հ1-ի տնօրեն Ա. Հարությունյանին, որ հեռուստատեսությամբ մայրենի լեզվի ուսուցման դասաժամեր հատկացնեն հմուտ մանկավարժների մասնակցությամբ ու գոնե շաբաթական երկու օր ու նույն ժամի ուսուցանվի հայերեն. սկսած այբուբենից, որ սփյուռքում հայտնված հայ երեխան գոնե տառաճանաչ դառնա, սակայն պատասխան չունեցա, ես ստիպված նույն խնդրանքով դիմեցի Սերժ Սարգսյանին, երբ նա վարչապետ էր, դարձյալ լռություն, դիմեցի այսօրվա մշակույթի նախարար Հրանուշ Հակոբյանին, բայց ինչպես տեսնում եք սայլը տեղից չշարժվեց: Խորը ցավով եմ գրում, որ մեր մայրենին կամաց-կամաց հոգևարք է ապրում սփյուռքում:
Եթե այսօր նման պատկերի ականատեսն ենք, ապա ինչ՞ սպասենք 50, 100 տարի անց…Իմ խորին համոզմանբ պարոն Աշոտյանի մտադրությունը մեկն է. հայի միջից արմատախիլ անել հայի ոգին, ինքնության գիտակցումը, այն, ինչը հային հայ է պահում: Երկար տարիներ գտնվելով սփյուռքում, առերեսվելով հայի ուծացման փաստի հետ, սրտիս խորին մի անկյունում հույսեր էի փայփայում, որ կա Հայաստան աշխարհ, որտեղ հայ երեխան հայ է մեծանում իր մտածողությամբ, հայրենասիրությամբ, հայերենի իմացությամբ…, որ գոնե նրանց ուծացման վտանգը
չի սպառնում…, բայց այսօր այդ վտանգը եկել մեր դուռն է չոքել:
Մենք’ հայերս տառապում ենք օտարամոլության սինդրոմով, միշտ ուրիշից օրինակ վերցնելու սովորույթով, թեկուզ ինչքան էլ վատը լինի օտարինը, մենք մեր լավը
օտարից ստորադասում ենք: Այսօր այդ օտարամոլությունը պարզ երևում է նոր նկարահանվող Հայկական սերիալներում, որտեղ գործող անձերից ոմանք պարտադիր պետք է խոսեն ռուսերեն. ցուցամոլությու՞ն որակել, թե՞… գլուխ չեմ հանում. այն դեպքում, երբ հազարավոր սփյուռքահայերի անմատչելի է ռուսերենը: Չեմ մոռանում, երբ սովետների ժամանակ շատ ծնողներ իրենց երեխաներին ռուսական կրթություն ստանալու համար ամեն միջոցի դիմում էին, մինչև անգամ կաշառքի, որ իրենց երեխան ռուսական կրթություն ստանա: Էլ չեմ ասում մոդայիկ էր դարձել ռուսերենի իմացությունը ցուցադրել ամենուրեք:
Թող թյուր կարծիք չստեղծվի, թե ես դեմ եմ, որ հայ երեխան տիրապետի օտար լեզուների, քավ լիցի, թող 10-ը լեզու իմանա, բայց ոչ մեր մայրենի լեզուն ոտնատակ անելու հաշվին: Երկրաշարժից հետո, երբ Անգլիայի Վարչապետ Մարգարիտա Թեչերը եկավ աղետի գոտի, նրան թարգմանում էր 5-րդ դասարանցի իմ զարմուհին: Վարչապետը հիացել էր նրա անգլերենի իմացությամբ:
Ի՞նչ է, հնարավոր չէ այսօր հանրակրթական դպրոցներում հայերենին զուգահեռ օտար լեզվի իմացության
պարշաճ մակարդակ ապահովել, որակյալ, լավ մասնագետների օգնությամբ, իհարկե
անլուծելի ոչինչ չկա, միայն նվիրվածություն, հետևողականություն ու ցանկություն լինի: Աշոտյանի թեթևամիտ այս քայլը նման է, երբ մարդը փորձում է փոքրիկ առանձնատուն կառուցել, տապալում է հազարավոր արհավիրքների դիմակայած հզոր ամրոցը:
մեր Մայրենին այսօր անպաշտպան որբուկի կարգավիճակում է հայտնվել .
ազգովի պետք է նրան պաշտպանենք Աշոտյաններից
.Մենք փոքր ազգ ենք, բայց անցել ենք դարերի փորձությունների միջով ու հազարամյակներ գոյատևել մեր լեզվի շնորհիվ : Ցնորվել կարելի է. այսօր գիտության ու կրթության նախարարը հավան չէ մեր լեզվին. չգիտեմ, ապշած եմ ու բառեր չեմ գտնում արտահայտվելու իմ մեջ կուտակված զայրութը: Հարց է ծագում, երբ Հայաստանի Հանրապետության գիտության ու կրթության նախարարն օտար գաղափարների կրողն է, ու՞մ վստահել աճող սերնդի հայեցի դաստիարակությունը, ու՞մ…
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
(գրող-հրապարակախոս)