Մինչ Պրահայում մեկնարկում են Հայաստանին Եվրոպայի «Արեւելյան գործընկեր» հռչակելուն ուղղված բանակցությունները՝ Հայաստանում ծեծում են հերթական լրագրողին։ Նվեր Մնացականյանը՝ «Շանթ» հեռուստատեսության լրագրող, ծեծվել է իր տան մուտքի մոտ։
«Աշխատանքը ավարտելուց հետո ես վերադառնում էի տուն, ինչպես ամեն օր», – «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Մնացականյանը։
Պրահայում Հայաստանի նախագահն այսօր քաղաքակիրթ երկրի նախագահին վայել բանակցություններ կվարի ու կվերադառնա Հայաստան՝ որտեղ այս գիշեր հերթական լրագրողին ծեծեցին։
Նվեր Մնացականյանը լրագրող է, ու հայտնի լրագրող։ Ոմանք ասում են՝ իշխանամետ է։ Բայց դա չէ կարեւորը։ Լրագրողի գործի էությունն է՝ պատասխան տալ ամեն ասված խոսքի համար։ Ու ամեն օր աշխատել այդ պատասխանատվության լծի տակ։ Ու ամեն օր… աշխատանքը ավարտել ու սովորական մարդու պես վերադառնալ տուն։ Այսուհետ՝ նաեւ հերթական հավանական ծեծի սպասումո՞վ։
Հայաստանում լրագրողի աշխատանքը՝ ընդդիմադիր, իշխանամետ թե օբյեկտիվ լրագրողի, արդեն սովորական մարդու սովորական գործ չէ։
Ընդամենը մեկ շաբաթ առաջ էլ հարձակման էր ենթարկվել «Արմենիա Թուդեյ» լրատվական գործակալության խմբագիր Արգիշտի Կիվիրյանը։ Կրկին՝ սեփական տան մուտքի մոտ։ Այդ առիթով ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց, լրատվական կազմակերպությունները բողոքեցին, հարուցվեց քրեական գործ.…
Մի գործ էլ, երեւի, Նվեր Մնացականյանի ծեծի առիթով կհարուցեն։ «Մտահոգություններ» ու «կոչեր» կհնչեցվեն։ Երկիրը մի քիչ ավելի խայտառակ կլինի։
..ու այդ մարդը ամեն երեկո հեռուստաէկրանից ահուդողով կնայի քեզ՝ Հայաստան երկիր, Եվրամիության «Արեւելյան գործընկեր», քեզ, որ մի բուռ լրագրողներիդ անգամ պաշտպանել չե՞ս ուզում, թե չես կարողանում…
May 7, 2009 at 6:40 pm |
Կարծում եմ, որ քանի ընտրությունները մոտենան, այնքան շատ լրագրողներ են ծեծվելու: Նվերի ծեծը… երևի տրամաբանությունը` մերոնց ծեծի, որ մյուսները վախենան սկզբունքով է: Իսկ վերջին հարցադրմանդ մեջ ճիշտ է առաջին մասը` “Արևելյան գործընկերն” այլևս ի վիճակի չէ պաշտպանել ոչ միայն իր լրագրողին, այլև քաղաքացուն, որովհետև այդ պաշտպանը` ոստիկանությունն այլևս մեծ քաղաքականության մաս է կազմում:
May 7, 2009 at 6:44 pm |
Ցավոք, սա է մեր ոստիկանության իրական վիճակը…
http://tsiranyan.wordpress.com/2009/05/03/police_armenia/#respond
May 7, 2009 at 6:48 pm |
Ինչեւէ՝ Նվերի հետ նման միջադեպ չէի սպասում։ Քո առաջարկած բացատրությունը՝ «մերոնց ծեծի, որ մյուսները վախենան», իսկապես, իմաստ ունի։
Ասեմ, որ առաջին ռեակցիաս՝ միջադեպը կապեցի Ծառուկյան – Ադիբեկյան վերջին զարգացումների հետ. http://ditord.com/2009/05/07/gagik-tsarukian-vs-aharon-adibekian/
May 7, 2009 at 6:52 pm |
Այս հոդվածի մի փոքր խմբագրված տարբերակը տեղադրել եմ նաեւ «Ազատության» կայքում՝ http://www.azatutyun.am/content/blog/1623618.html
August 22, 2009 at 1:02 pm |
Նվեր Մնացականյանի վրա հարձակումը անկասկած նրա լրագրողական գործունեության հետ էր կապված եւ սա արդեն բավական մեծ ինֆորմացիա է ոստիկաններին գործը բացահայտելու համար, սակայն հայրենի իրավապահները ի զօրու չեն, քանի որ անկասկած կա հրահանգ… Եւ քանի դեռ մեր երկրում տուժված քաղաքացին իր իրավունքների պաշտպանությունը չի տեսնում իրավապահ մարմինների գործունեության շրջանակներում եւ հանցագործը իր պատիժը չի ստանում արդարադատության կողմից, նման բռնությունները կատարելագործվելու եւ նոր թափ են ստանալու…Ցավոք բայց այս հարցում բոլորս ենք մեղավոր…