Ղարաբաղը չի վաճառվում

Հոկտեմբերի 17-ին ընդդիմության հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթով` Հայաստանում ավարտվեց հերթական հեղափոխությունն ու սկսվեց բլոգային հերթական շաբաթը:

«Հեղափոխությունը պաշտոնապես ավարտվեց: ՀԱԿ-ը հույս ունենանք՝ ոչ»,- մեկնաբանել է Արտակ Կիրակոսյանն իր բլոգում, «Հույս ունենանանք ուժ կգտնի իր մեջ և կդառնա կուսակցություն, որի գաղաքափարախոսությունը միայն նեգատիվի վրա չէ կառուցված, այլ ապագայի տեսլականով» եզրափակում է նա:

«Փաստորեն Հայ ազգային կոնգրեսը այսպես կոչված “Time-Out” վերցրեց զանգվածային միջոցառումների անցկացման հարցում: Այս, առաջին հայացքից տարօրինակ թվացող, քայլի հիմնական հիմնավորումը Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող իրադարձություններն են»,-պարզաբանում է ՀԻՄԱ ընդդիմադիր երիտասարդական շարժման բլոգը:

Ուզողը թերահավատ է. «Որ կարդում եմ հանրահավաքներից հրաժարվելու` ԼՏՊ-ի նշած պատճառների մասին, ծիծաղից թուլանում եմ»:

Ինչեւէ, շատերը ավելի լուրջ են ընդունել Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման վերաբերյալ:

Ավելին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցից ու Երեւանի կոնյակի գործարանում անվանական տակառ ստանալուց հետո, Ղարաբաղյան թեման ավելի ակտուալ դարձավ: Unzipped-ի ուշադրությունը գրավել էր կոնյակի գործարանում Մեդվեդեւի` «խաղաղության տակառի» առջեւ կանգ առնելու փաստը: «Որքանով ես եմ հասկանում, մենք հասել ենք մի իրավիճակի, որը վախենալու աստիճան հիշեցնում է 1998-թվականը»,-տակառից`Ղարաբաղին է անցնում բլոգը,- «Մադրիդյան սկզբունքները, իրենց էությամբ, 1997-ի փուլային տարբերակն են: հիմնական տարբերությունը` Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ հանրահավաք անցկացնելու դրույթն է»:

Փղի համեստ կարծիքով, սակայն, «Սերժը ոչ մի հող տվող չի,քանի որ իրա ազգանունը Սարգսյան է այլ ոչ թե Կամիկաձե»:

Ժողովուրդ ջան,ինչի ենք պանիկայի մեջ ընկել բոլորդ?
Ինչ հող հանձնել,ում,երբ…
Ինչ որ ուժեղ ,թույն “անալիտիկ” հոդվածներ ա գնում,մենք էլ սուս-փուս կտերը ուտում ենք: Մի հատ էլ ուշադիր ուսումնասիրեք, որ կողմից գալիս այդ հոդվածները:

«Հայաստանն ու Ղարաբաղը չեն վաճառվում», մեկ այլ բլոգային հոդվածում գրում է Փիղը, «յուրաքանչյուր ոք, ում երակներով հայկական արյուն է հոսում, գիտի դա»,- պնդում է Ռուսալեզու բլոգ-համայնքում ճանաչված այս բլոգը:

«Չի վաճառվում»` արձագանքել են տասնյակից ավելի բլոգեր ԼայվՋորնալ բլոգ-համայնքում, իրենց մոտ վերահրապարակելով միացյալ Հայաստանի եւ Ղարաբաղի քարտեզները` բոլոր ազատագրված տարածքների հետ միասին:

Ինչպե՞ս կարող է վաճառվել, երբ Արցախում հենց նոր կազմվել է 700 նոր ընտանիք: Այս լուրը իսկական ցնծության առիթ է դարձել հայկական բլոգոսֆերայում: 517design բլոգը մի ամբողջ ֆոտոռեպորտաժ է հրապարակել, որը սիրով իրենց մոտ վերահրապարակել են մյուս բլոգերը:

«Շնորհավորում ենք բոլոր նորապսակներին, ցանկանալով երջանկություն, երկար տարիների կյանք, առողջ և բախտավոր բալիկներ»,-մաղթում է 517design-ը:

About these ads