Սովորական շաբաթն ընդդեմ քաղաքականի
«ժողովրդական զբոսանքների» ազդարարմամբ սկիզբ դրվեց հայկական բլոգերում քաղաքականի ու սովորականի հակամարտությանը. լուրջ, թե անլուրջ` քննարկվեցին բոլոր տեսակի սովորական կատուներն ու շաուրմաները`իրենց քաղաքական նմանակների քաղաքական աստառի ֆոնի վրա:
mk.am-ի երկու կատուների մեջ 8 տարբերություն հայտնաբերելու փորձերն անցան ուրախ, բայց անարդյունավետ`ինչը եւ պահանջվում էր ապացուցել:
Զբոսանք բլոգի նախաձեռնությամբ սկսված ամեն տեսակ «քայլող բաների» մասին «օրենսդրական» նախագիծը հավանության արժանացավ ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարող բլոգերում: Ահա մի քանի հոդված այս կատակախառն նախագծից.
Հոդված 2. Ընդհանուր դրույթներ
Ժողովուրդն իրավունք ունի զբոսնելու միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում: [...]
Զբոսանքի վայրը, զբոսանքի ելակետից հեռանալու առավելագույն շառավիղը, քայլելու ուղղությունը, ինչպես նաեւ զբոսանքին հատկացված ժամը ՀՀ վարչապետի ներկայացմամբ հաստատում է ՀՀ նախագահը: [...]
Հոդված 3. Զբոսանքի անցկացման կանոնակարգը
Զբոսանքին պետք է ներկայանալ միայնակ:
Զբոսանքի պետք է ներկայանալ միայն անձնագրով: Անձնագրի վավերականության ժամկետը պետք է երեք ամսով գերազանցի զբոսանքին մասնակցելու ժամկետը:
Unzipped-ը գրում է. «Ես ձեզ ասում եմ` սա ընտիր է: Անպայման կարդացեք` անսահմանորեն ստեղծագործական մոտեցում է…»: Քաղաքական զբոսաքներին ի պատասխան Օննիկ Գրիգորյանը հակադարձում է. «Կարծես թե ուրախ գաղափար է, բայց դրանից, իմ կարծիքով, օգուտ չկա: Ինչ արած… Խնդիրն այն է, որ ակցիաները կամ ա/ չափազանց անորոշ են բ/ չափազանց պրո-Լեւոնական են համարվում»:
Քաղաքական շախմատի մասին է գրում Փիղը. «Երեւի եթե սկսեն «Լեւոն, Լեւոն» գոռալ, հետո ասելու են, որ Արոնյանի մասին էին խոսում
Եւ հետո. մարտի 21-ին Սասուն Միքայելյանի լուսանկարով պլակատ էին տանում: Ոստիկանի այն հարցին, թե դա ով է, մի մորքուր պատասխանեց` Պապս ա»:
Հյուսիսային պողոտայում «Քաղաքական շաուրմա» ուտելու մասին էլ հակիրճ արտահայտվում Ուզողը. «Ինձ միայն թվո՞ւմ է, թե մառազմն արդեն չափն անցավ», հետագայում էլ, Yaloona-ի այն հարցին, թե ինչու օրինակի համար, չի իրականացվում «քաղաքական աղբահավաքություն», պատասխանելով`«Ամեն ինչ պարզ է, Մէմ: Աղբ հավաքելու նպատակով շատ մարդ չի հավաքվի: Իսկ այ, շաուրմա ուտելու համար` վազելով կգան»:
Ինչեւէ, բլոգոսֆերան այս օրերին ավելի շուտ սպասողական է տրամադրված, քան ծիծաղկոտ, թեեւ բլոգերն այս շաբաթ հիմնականում բավարարվում էին մակերեսային քննարկումներով` որի պատճառը փորձում է պարզել` Մարկ Գրիգորյանը, հարցնելով, թե ինչո՞ւ են դադարել քաղաքական քննարկումները բլոգերում. ասելի՞ք չկա, թե՞ բլոգերները վախենում են խոսել:
Իր հերթին Ա1+ բլոգն էլ, «Համարձակ քայլերով դեպի դիկտատուրա» հոդվածով, բավականին մռայլ տոներով ամբողջացնում է «քաղաքական զբոսանքների» վերջին օրերի իր տեսությունը.
Մի քանի օր է անընդմեջ քաղաքական զբոսանքները Հյուսիսային պողոտայում ավարտվում են “մարդաորսով”: Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել այս տարածքում զբոսնող մարդկանց, պատահական անցորդներին, շանը զբոսանքի հանած քաղաքացուն, բոլորին-բոլորին, երեկվա օրինակով մինչեւ 60 քաղաքացու[խոսքը մարտի 26-ի մասին է]` (ոստիկանների բացատրությամբ քաղաքացիներին բերման են ենթարկում քանի որ հետախուզման մեջ գնտվող անձինք կան եւ շատ հավանական է, որ հենց Հյուսիսային պողոտայում շրջեն հետախուզվող մարդիկ): Վերլուծելով քաղաքական զբոսանքների վերջին օրերին խրոնիկան, արդեն կարելի է առանձնացնել օրինաչափություն դարձած կետեր` մասնավորապես. ամեն երեկո Հյուսիսային պողոտայում ոստիկաններն ու ազգային անվտանգության աշխատակիցները` քաղաքացիական հագուստով կամ տեսախցիկներով ավելի շատ են քան անցորդները միասին վերցրած, պատգամավորների ներկայությամբ ոստիկանների գործողությունները ավելի կորեկտ են, մարդկանց “ցրում են” երեկոյան մութ ընկնելուց հետո` չնայած վերջին օրերին դրան էլ բանը չի հասնում: