ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ (ԲԱՅՑ ՈՉ ԱՅՆՔԱՆ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ) ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԵՏ

April 26, 2008

Tzitzernak | Վերցված խիզախ լրագրողի կողմից

Հարց. Ձեր կարծիքով, վերջին ընտրություններից հետո ինչպիսի՞ն է իրադրությունը Հայաստանում:

Պատասխան. Օ, կարծում եմ` շա՜տ լավ: Ընտրությունների արդյունքները եղան ճիշտ այն, ինչ պետք է լինեին. ամեն բան ընթացավ այնպես, ինչպես ծրագրել էինք:

Հ. Սակայն մարդիկ կան, որոնք համոզված չեն, որ սա լավագույն արդյունքն էր:

Պ. Դե, դրանք այն մարդիկ են, որ դեռևս գտնվում են կախարդանքի ազդեցության ներքո և իրենց լավն ու վատը չեն հասկանում:

Հ. տնում եք, որ այդ լավի մեջ է մտնում նաև առանց մեղադրանքի առաջադրման բանտարկված լինե՞լը:

Պ. Իհա՛րկե: Կառավարության պարտքն է նրանց կալանքի տակ պահել` իրենց իսկ մտային ապահովության համար: Նրանց անհրաժեշտ է հասկանալ, որ իրերի բնականոն ընթացքի խաթարումը վնասակար է իրենց և երկրի համար:

Հ. Ոմանք կարող են կարծել, որ դա այնքան էլ ժողովրդավարական չէ:

Պ. Չգիտեմ, գիտեմ միայն, որ մենք դա անում ենք հանուն ժողովրդավարության: Հասկանու՞մ եք. ժողովրդավարությունն ամեն երկրում նույնը լինել չի կարող: Մենք մեր ուրույն մշակույթն ունենք: Եվ իրավունք ունենք այդ մշակույթը պահպանելու: Պետք է հասկանաք, և աշխարհն էլ պետք է հասկանա, որ ինչ անում ենք, անում ենք ժողովրդավարորեն: Պարզապես նայեք այն մարդկանց, որոնց հանեցինք փողոցներից, հանեցինք իրենց տներից: Դրանք միայն սովորական մարդիկ չեն: Նրան մեջ կան հարուստներ, քաղաքական առաջնորդներ, մտավորականներ և նույնիսկ ճիշտ ուղուց շեղված որոշ նախկին պետական պաշտոնյաներ: Չե՞ք գտնում, որ այս ամենը խիստ ժողովրդավարական է: Read the rest of this entry »


Ապրիլի 24…

April 24, 2008

«Այս օրը, 93 տարի առաջ, Օսմանյան իշխանությունները Ստամբուլում ձերբակալեցին (ապա եւ գնդակահարեցին) հայկական ինտելեկտուալների եւ քաղաքական գործիչների սերուցքին, մասսայաբար տեղահան անելով հայ ազգաբնակչությանը եւ հրամայելով պատմական հայկական հողերից տեղափոխվել սիրական անապատ: Արդյունքը` մասսայական ջարդերն էին, բռնաբարությունները, սովամահությունները եւ կենդանի մնացածների փախուստը: Հայոց Ցեղասպանությունը իրականացվեց: Առնվազն երկու հազարամյակ իրենց նախնիների կողմից բնակեցված այս հողերում գրեթե հայեր չեն մնացել…


Ապրիլի 24, Երեւան © Օնիկ Գրիգորյան  / Oneworld Multimedia 2008

Ես չեմ մոռանում: Եվ ես չեմ ներում իմ ժողովրդի հանդեպ այս ոճիրը դավողներին եւ դահիճներին…»,_ապրիլի 24-ի խորհուրդը իր բլոգում այսպես է արտահայտել Արտաշես Բոյաջյանը: Այլ բլոգերներ դիմել են հայ բանաստեղծներին` հրապարակելով հատվածներ Թումանյանից եւ Շիրազից:

Athanatoi բլոգը մեծ ծավալի աշխատանք է կատարել, ի մի բերելով եւ հրապարակելով 1915-ից 2008թթ. տարբեր երկրների կողմից ընդունված`տարաբնույթ ձեւակերպումներով Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ժամանակագրությունը, որից պարզ է դառնում, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիայն եւ Ռուսական կայսրությունը արդեն 1915 թվականի մայիսի 24-ին հռչակագիր են ընդունել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների վերաբերյալ, իսկ 1916թ.-ի փետրվարի 9-ին դատապարտող բանաձեւ է ընդունել ԱՄՆ Սենատը:

Ջահերով երթ, Ապրիլի 23, Երեւան © Օնիկ Գրիգորյան  / Oneworld Multimedia 2008

Ապրիլի 24-ի առիթով միջազգային եւ թուրքական լրատվամիջոցների հրապարակումների ընդարձակ տեսություն է հրապարակել Blogian-ը` անդրադառնալով Հոլիվուդում եւ Երեւանում անցկացված բազմամարդ երթերին: Դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով`ՀՅԴ երիտասարդության կողմից կազմակերպված, եւ առանց ջահերի` ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերի կազմակերպած երթերն է լուսաբանել ու լուսանկարել Onnik Krikorian-ը:

Սկզբում ոստիկանները Տեր-Պետրոսյանի աջակիցներին արգելում էին փողոցով քայլել` պահանջելով որ նրանք մնան մայթի վրա: []Արդարության համար պետք է նշեմ, որ երեկ գիշեր ՀՅԴ-Դաշնակցական երիտասարդները նույնպես Բաղրամյան պողոտայի մի մասը գրավել էին, այնպես որ ոստիկանները միշտ չէ, որ մտահոգված են փողոցը բաց պահելով: [] Ինչեւէ, չնայած ցուցարարներին մեծ քանակությամբ ոստիկաններ էին ուղեկցում, նրանք անզեն էին եւ առանց հատուկ պաշտպանիչ սարքավորման ու սաղավարտների:[] Այնպես որ, բացի սուլոցներից եւ գրեթէ անընդմեջ կրկնվող «Լեւոն, նախագահ» բացականչություններից, ոչ մի միջադեպ տեղի չունեցավ:

Առանց ջահերի երթ, Ապրիլի 24, Երեւան © Օնիկ Գրիգորյան  / Oneworld Multimedia 2008

Իհարկե ապրիլի 24-ը ո´չ Հայոց Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ), ո´չ էլ իշխանությունների կամ ընդդիմության համար է: Այս օրը աշխահասփյուռ հայությանն է, այնպես որ կավարտեմ հասարակ քաղաքացիների լուսանկարներով, ովքեր բարձրացել էին Ծիծեռնակաբերդ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով:

Ապրիլի 24, Երեւան © Օնիկ Գրիգորյան  / Oneworld Multimedia 2008

«Ես պահանջատեր եմ», գրում է Moonlight բլոգը, իսկ 517design բլոգը հրապարակել է «Ստացող ենք» վերատառությամբ բացիկների մի շարք, որտեղ պատկերված են ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից ներկայացված Հայաստանի քարտեզը, ինչպես նաեւ տեսարաններ Անի, Բիթլիս, Կարս, Տրապիզոն քաղաքներից եւ Վանա լճից, կրկին` «ստացող ենք» կնիքով: Nախաձեռնությունը վեր է ածվել հանպատրաստից օնլայն ֆլեշմոբի`մեծ թվով հայ բլոգերներ վերահրապարակել են այս կամ այն բացիկը:

Հետաքրքիր վերլուծությամբ է հանդես եկել Ahousekeeper բլոգը, ապրիլքսանչորսյան մտավախություն հայտնելով, որ ողջ ուշադրությունը սեւեռելով կոնկրետ մեկ օրվա վրա՝ այդ օրն անցնելուն պես, մենք` հայերս, համարում ենք մեր պարտքը կատարած ու այդքանով սահմանափակվում, մինչդեռ.

[] շատ լուրջ հարցեր են հասունացել կապված Մեծ Եղեռնի մեր ընկալման հետ։ Օրինակ՝ դժգոհություն է հայտնվում, որ տասնամյակների ընթացքում սեւեռվել ենք զոհի կերպարի վրա, ինքնապարփակվել մեր ցավերի մեջ, փոխանակ մեր երկիրը թշնամու ճիրաններից փրկելու, հանցագործ պետությունը պատժելու։ Մյուս կողմից, որոշ ուժեր (օգտագործելով նույն «բավ է լացենք» մոտեցումը), փորձում են համոզել, որ պետք է ամեն ինչ մոռանալ, քանի որ ողբն ու զայրույթը, ինչքան էլ որ արդարացված լինեն, դեստրուկտիվ են։ «Առաջ շարժվեք, հերի´ք է կառչել անցյալից, պետք է վերջապես երկխոսություն սկսել հարեւանների հետ» — ասում են այդ մարդիկ։ Մեկ այլ մեծաթիվ խումբ էլ ասում է. «Հիշում ենք, ցավում ենք, կուզենայինք մեր պապերի երկիրը վերադարձնել, բայց ի՞նչ կարող ենք անել Թուրքիայի պես հզոր ախոյանի դեմ»։ Մի խոսքով, կարծիքները շատ են, անպատասխան հարցերն էլ ավելի շատ, բայց լուծումներ կամ չկան, կամ էլ անիրական են, ավելի շուտ ուղղված են լուրջ խնդիրներից ուշադրությունը շեղելու վրա։

Անդրադառնալով Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության հիշատակի ընդունելության ժամանակ ՀՀ նորանշանակ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը` «Հայերի եւ թուրքերի ապագան անհնար է պատկերացնել առանց հաշտեցման», Nazarian-ը նշում է, որ նմանօրինակ մոտեցումները նախկինում որակվել են որպես «պարտվողական» եւ զարմանք է արտահայտում, թե ինչն է արտաքին քաղաքականության նմանօրինակ փոփոխության պատճառը:

Հրագ Վարդանյանը հիշել է 1969թ. ապրիլի 24-ին ամերիկահայ արտիստ Օնիկ Քարդաշի նախաձեռնած ակցիան, որը «Այսօր չատենք մի թուրքի» ցուցապաստառով կանգնելով Մանհետնում գտնվող Սբ. Վարդան Հայկական Եկեղեցու առջեւ «ասես ընդծում էր ատելության ֆոնի վրա սիրո անհրաժեշտությունը»:

Մարկ Գրիգոյանը վերհիշել է այն ժամանակները, երբ Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրը դեռեւս կառուցված չէր: «Ցեղասպանության պատճառած հարվածը այնքան ուժեղ էր, որ հավանաբար, յուրաքանչյուր հայ շարունակում է այն զգալ»,_ գրում է լրագրող-բլոգերը, համոզմունք հայտնելով, որ ցեղասպանության ճանաչման հարցը հնարավոր է լուծել միմիայն հայերի եւ թուրքերի համատեղ ջանքերով: «Այս հարցում չեն կարող լինել հաղթողներ եւ պարտվողներ»,_ գրում է Մարկ Գրիգոյանը` Ճանաչումը հաղթանակ կբերի եւ հայերին, եւ թուրքերին, եզրակացնում է նա:


Եվրատեսիլի բոյկոտը՝ Հայաստանի ներքաղաքական խնդիրները լուծելու միջոց

April 17, 2008

Այս շաբաթ ինտերնետային օրագրերից մեկում կարծիք հնչեց, որ «Հայաստանում տիրող անօրենությունների դեմ պայքարին» աջակցելու նպատակով, հարկավոր է կոչ անել «Եվրոպաներում գտնվող մեր հայրենակիցներին չքվեարկել Հայաստանը ներկայացնող Սիրուշոյի օգտին» փոփ երաժշտության Եվրատեսիլ մրցույթում՝ սկիզբ տալով տաք քննարկումների…

Լուսանկարը © Օնիկ Գրիգորյանի, Կովկասյան Հանգույց բլոգ, 2008թ

Մի քանի շաբաթ առաջ ստեղծված Բոյկոտ բլոգը, որը մինչեւ այդ հանդես էր Հայաստանյան օլիգարխներին պատկանող «օբյեկտները» բոյկոտելու կոչով (այդ թվում ՍԱՍ եւ Երեւան Սիտի սուպերմարկետների ցանցերը, Ջազվե սրճարանները եւ այլն), այս անգամ էլ առաջարկում է քննարկել՝ արժե՞, արդյոք, անտեսել Եվրատեսիլը և Հայաստանն այնտեղ ներկայացնող Սիրուշոյին, թե ոչ: Բլոգը վարող Արա Արաբյանի փոխանցմամբ, «վերջերս կարծիքներ են հնչում», որ Եվրատեսիլի ժամանակ Հայաստանի օգտին չքվեարկելով, Եվրոպայում գտնվող հայերը դրանով իսկ իրենց համերաշխությունը կարտահայտեն հայաստանցիների հետ, բլոգի ձեւակերպմամբ` Հայաստանում տիրող անօրենությունների դեմ պայքարում: Սակայն, մյուս կողմից էլ, մատնանշում է նա, կա նաեւ հակառակ տեսակետը, որ պետք չէ այդ քայլին դիմել և մեր խնդիրները հանել Եվրոպա:

Նաև ասում են, որ բոյկոտը կզգաստացնի մեր, այսպես կոչված “աստղերին”, որոնք կսթափվեն և ապագայում այս կամ այն իշխանավորի համար հրապարակներ լցնելուց առաջ մի քիչ գոնե կմտածեն (մեր աստղերի մեծամասնությունը երգում է իշխանությունների համար` հետագայում սեփական բարեկեցությունն ապահովելու համար, այլ ոչ թե քաղաքական դիրքորոշում արտահայտելու):

Վերջին ամիսներին ընդգծված ընդդիմադիր դիրքորոշմամբ հայտնի Unzipped բլոգը հանդես է եկել տրամագծորեն հակադիր կոչով, ասելով, որ հարկավոր է աջակցել Հայաստանին Եվրատեսիլում, նշելով`

Հիշեցնեմ, որ Սիրուշոն Եվրատեսիլում չի ներկայացնում միայն Հայաստանի կառավարությանը կամ միայն Հանրային հեռուստատեսությանը (այս բլոգի ընթերցողները գիտեն, որ ես վերջիններիս հանդեպ խիստ քննադատաբար եմ վերաբերվում): Չէ որ Սիրուշոն նախեւառաջ ներկայացնում է Հայաստանը: Ես չեմ կարող բոյկոտել հայ շախմատիստներին լոկ այն պատճառով, որ շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է: Ես չեմ կարող բոյկոտել հայ ֆուտբոլիստներին, միայն ֆեդերացիայի նախագահի անձի պատճառով:

«ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ!!!!!!» Գրում է Pigh-ը, ավելացնելով. «Որոշ անձինք, դժգոհ լինելով անցած ընտրությունների արդյունքներից, փորձում են մեր գեղեցկուհու դեմ բոյկոտ կազմակերպել»:

Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի ներկայացրած «Քելե, քելե» երգի թարմ տպավորության տակ` Դիտորդ բլոգն էլ, անդրադառնալով հայ երգչուհու օգտին չքվեարկելու առաջարկին, գրում է.

Ինձ թվում է, որ դա անարդար կլինի Սիրուշոյի նկատմամբ, որն իրականում դեռեւս ընդամենը երեխա է, էլ չեմ ասում, որ երգը հաղթելու ռեալ հավակնորդ է թվում ինձ: Ավելին, հաշվի առնելով, որ այս տարի Ադրբեջանն առաջին անգամ է մուտք գործում Եվրատեսիլի մրցույթ, իմ մեջ հպարտության մի տեսակ զգացումունք է արթնացել, որն ինձ ստիպում է ամեն ինչ անել, որպեսզի հենց հայ արտիստը հաղթի:

Ինչեւէ, քննարկումները բոլոր նշված բլոգերում շարունակվում են, եւ թեեւ «ինտերնետային կարծիքը» հիմնականում բոյկոտին դեմ է, եւ շատերը պատրաստ են Սիրոշոյին բոյկոտելու կողմ արտահայտվողներին ազգի դավաճան անվանել, հակառակ կողմից էլ շատ հետաքրքիր մեկնաբանություններ կան, օրինակ` որ Եվրատեսիլը հանրային միջոցների անիմաստ վատնում է, եւ որ Սիրոշոյի թեկնածությունը Եվրատեսիլին ներկայացնելիս հանրության կարծիքը հաշվի չի առնվել:


ՓՈԽՎԵՑԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

April 15, 2008

Երեկ ՀՀ նախագահի հրամանով 2 նոր նախարար է նշանակվել։ Արտաքին գործերի նախարարն է Էդուարդ Նալբանդյանն, իսկ Պաշտպանության նախարարը՝ Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մինչ այդ ղեկավարում էր Զինված ուժերի գլխավոր շտաբը եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր։
Սեյրան Օհանյանը 46 տարեկան է, մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրման պայքարին, եղել է Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ, 1999թ. նշանակվել է ԼՂ պաշտպանության նախարար։ Նույն թվակայանին նրան շնորհվել է Արցախի հերոսի կոչում։

Իսկ Էդուարդ Նալբանդյանը եղել է Ֆրանիսայում, Վատիկանում, Իսրայելում ու Անդորրայում Հայաստանի դեսպանը։ Մինչ այդ նաեւ աշխատել է Լիբանանում, Եգիպտոսում ԽՍՀՄ-ի դեսպանը։ Նա 52 տարեկան է։

Աղբյուրը` E-channel.am


Սերժ Սարգսյանի ինոգուրացիան, քառասունքը եւ «Գունազարդ երկինք» փառատոնը

April 11, 2008

Բլոգերների քաղաքական կողմնորոշումներից կախված`տարբեր էր վերաբերմունքը ապրիլի 9-ին Երեւանում տեղի ունեցող միջոցառումների առաջնայնության նկատմամբ: Ինչպես Armenian Patchwork բլոգում մեկնաբանում է Անուշը`

«Երեկ բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան: Դրանց թվում, թերեւս ամենակարեւորը Սերժ Սարգսյանի ինոգուրացիան էր: Այնուամենայնիվ, շատ մարդկանց համար առավել կարեւորը Մարտի 1-ի դեպքերի զոհերի քառասունքն էր»:

Մինչ մարդիկ ծաղիկներ էին դնում Մյասնիկյանի արձանի առաջ, որտեղից սկսվեցին խռովությունները, Հանրապետության Հրապարակից այստեղ էին հասնում ջազ երաժշտության ձայները, որտեղ, ավելի ուշ, պետք է օդապարիկների փառատոն տեղի ունենար:

Ինչեւէ, բլոգերներից շատերը միայն կարողացան մասնակցել Երեւանի տարբեր մասերում տեղի ունեցող բողոքի ցույցերին, քանի որ Օպերային հարող տարածքը գրեթե ամբողջովին շրջափակված էր եւ վարչապետ Սերժ Սարգսանը նախագահ օծվեց քաղաքացիների աչքից հեռու` ոստիկաններից կազմված կենդանի պատով շրջապատված:

“Life in Armenia” բլոգում հատուկ ապահովության միջոցառումներին է անդրադարձել Րաֆֆի Ն-ը.

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նոր Նախագահ Պրն. Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Միջոցառումը իսկապես կարեւոր տպավորություն էր թողնում, որովհետեւ ԲՈԼՈՐ փողոցները արգելափակված էին… մեծ թվով ոստիկանական ստորաբաժանումներ կային…

Լուսանկրաները` © Արթուր Պապյան / Armenian Observer blog 2008

Global Voices Online հանդեսի կովկասյան խմբագիր եւ ֆոտոլրագրող Օնիկ Գրիգորյանն էլ պատմում է, թե ինչպես իրեն թույլ չեն տվել լուսանկարել ինոգուրացիայի արարողությունը, չնայած որ նա ցույց է տվել իր լրագրողական վկայականը եւ մատնանշել, որ միջոցառումը տեղի է ունենում հասարակական վայրում: Ինչեւէ, եթե այս միջոցառումը լուսանկարել հնարավոր չէր, ասում է նա, ապրիլի 9-ին կային լուսանկարներ անելու այլ առիթներ եւս.

Գրեթե բոլոր մյուս լուսանկարիչների նման, այս միջոցառումը լուսաբանելու հնարավորությունից զրկված լինելով, գնացի լուսանկարելու ընդդիմության կողմից կազմակերպված` մարտի 1-ի հետընտրական բախումների զոհերի հիշատակման արարողությանը:

Լուսանկարը` © Օնիկ Գրիգորյանի / Oneworld Multimedia 2008

Օգոստոսը դիտարկում է ինոգուրացիայի ճոխ արարողություն կազմակերպելու բարոյական կողմին, երբ այդքան մարդիկ սգում են իրենց կորցրած հարազատներին, իսկ Ahousekeeper-ը վրդովվում է իշխանությունների «քթի ծակի» բացակայությունից ու անհեռատեսությունից, որն, ըստ բլոգերի, արդեն աղետալի չափեր են ընդունում.

1. Այսօր-վաղը լրանում է մարտի մեկին զոհվածների մահվան քառասուն օրը։ Այն է՝ քառասունք է, սգո օր։ []

2. Առավոտից փակել են Հրապարակը, Օպերան, մի քանի այլ փողոցներ։ Քաղաքային տրանսպորտը ու մասնավոր մեքենաները ստիպված են շրջանցել նեղ (ու առանց այն էլ կ/թ Ռոսիայի մոտ շինարարության պատճառով գերծանրաբեռնված) փողոցներով ու անցուղիներով։ Առավոտից ամեն մի վարորդ՝ անկախ իր քաղաքական համոզմունքներից, իշխանություններին է հայհոյում։

3. Լեւոնականները կփորձեն օգտագործել Հրապարակում անցկացվող միջոցառումը սադրանքների համար։

Հայտնի լրագրող եւ վերլուծաբան Մարկ Գրիգորյանը, սակայն, գրում է, որ  բողոքի ցույցերը հազիվ թե ազդեն իրավիճակի վրա, քանի որ Սերժ Սարգսյանը արդեն ՀՀ նախագահն է, եւ դա արդեն պաշտոնապես կայացած փաստ է.

Նախագահի ինոգուրացիայի օրը, իհարկե, տոնական արարողություններ են անցկացվում:

Հաճախ լինում է նաեւ այնպես, որ ընդդիմությունը այս օրը օգտագործում է, որպեսզի բողոքի ակցիաներով միջազգային հանրությանը ուշադրությունը հրավիրի երկրի խնդիրների վրա:

Հայաստանում այսօր այս ամենը տեղի ունեցավ: Լրատվական գործակաությունները հաղորդում են, որ բողոքի ակցիաներ տեղի են ունեցել նաեւ Հայաստանից դուրս:

Ինչեւէ, Տեր-Պետրոսյանին աջակցող ակտիվիստ Bekaisa-ն հաղորդում է, որ Երեւանում տեղի են ունեցել ութը միաժամանակյա բողոքի ակցիա`Սահմանադրական դատարանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի,  Եվրոմիության, Գլխավոր դատախազի գրասենյակի, ինչպես նաեւ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանատների առաջ: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաեւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատների առջեւ:

Ahousekeeper նաեւ հաղորդում է, որ ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները փորձել են խանգարել Հանրապետության Հրապարակում տեղի ունեցող Օդապարիկների ֆեստիվալը նույն երեկոյան, սակայն ոստիկանությունը արագ շրջապատել է նրանց եւ թույլ չի տվել իրականացնել նախատեսված բողոքի ակցիան: «Գունազարդ երկինք» փառատոնը ի վերջո տեղի ունեցավ, ինչի վկայությունն է The Armenian Patchwork բլոգի այս լուսանկարը.

Լուսանկարը` © Անուշ Բաբաջանյան, Armenian Patchwork 2008

Եւվ մինչ while Akunamatata_ser բլոգը ողջունում է նոր նախագահի իշախանությանը գալը`ձեւակերպելով դա, որպես անորոշ ներկայով եւ վախի ու արյունի վրա հենված ապագայով ռեժիմի սկիզբ, Nazarian-ը հարգանք է մատուցում 40 օր առաջ զոհված յոթ քաղաքացիների եւ ոստիկանության մեկ աշխատակցի նկատմամբ, իսկ Notes From Hairenik բլոգը խորհրդածում է նոր նախագահի` երկրում փոփոխություններ իրականացնելու իրական հնարավորությունների շուրջ.

Նախագահ Սարգսյանը կարճ ժամանակում շատ գործ ունի անելու: Նա պետք է շահի քաղաքացիների մի մեծ թվի վստահություն, ովքեր որեւէ հավատ չունեն նախագահի նկատմամբ եւ նրան համարում են մանրախնդիր օլիգարխիկ-բռնակալ:

[…]

[…] նա պետք է ապացուցի, որ ի վիճակի է հսկայական թռիչքներով շարժվել առաջ եւ գերազանցել բոլորի սպասելիքներ, իսկ որ ավելի կարեւոր է` նա պետք է ջանքեր գործադրի, որպեսզի ճնշվածները, հատկապես Հայաստանի հեռավոր գյուղական շրջաններում, սկսեն ավելի լիարժեք եւ հարուստ կյանքով ապրել: […] Գրեթե բոլորը սպասում են, որ նա առաջին հերթին կնախաձեռնի կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար:

Ինչեւէ, շատ բլոգերներ վատատեսորեն են տրամադրված, եւ մինչ Unzipped եզրակացնում է, որ ֆիզիկական ուժի եւ բռնությունների ճանապարհով իշխանությունը երկար պահել հնարավոր չի լինելու, Ֆ5 բլոգը նույնիսկ ավելի սկեպտիկ տրամադրվածություն ունի.

Ով էլ ինչ ասի, ես չեմ կարող հավատալ, որ Սերժ Սարգսյանը կարող է այսքան խոստացված «համակարգային փոփոխություններ անի»: Թեեւ, ըստ իս, դա թեորիապես այնքան էլ դժվար գործ չի՝ նա պարզապես ազատվում է իրեն սատարողներից եւ որոնում-գտնում է նոր դեմքեր:

[]

Պրակտիկորեն, Սերժ Սարգսյանը չի՛ կարողանալու «դարձի գալ»[] Նա կարող է պարզապես մի քանի ցուցադրական քայլեր անել, բայց՝ ոչ ավելին:

Ի հակադրություն վերջինիս, Martuni or Bust!!! բլոգը հակառակ կարծիքի է.

Թեեւ դեռ շատ անպատասխան հարցեր կան անցած ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ, որոնց արդյունքում նա [Սերժ Սարգսյանը] դարձավ նախագահ [] ես իսկապես վստահ եմ, որ ինչպես սովորաբար լինում է, շատ կարճ ժամանակ անց ամեն ինչ կմոռացվի եւ կյանքը սովորական հունի մեջ կընկնի:


Ոստիկանները ՀՀ քաղաքացիներին պաշտպանում են Սերժ Սարգսյանից

April 9, 2008

Ոստիկանությունը փակել է Երեւանի կենտրոն տանող փողոցներն ու մայթերը։ Օպերան եւ գրեթե ամբողջ Մաշտոցի պողոտան հայտնվել են անկանոն եռանկյունու մեջ, որի շուրջը ոստիկանական պատ է կառուցվել` սահմանափակելով անցորդների եւ մեքենաների մուտքը Պուշկին, Աբովյան, Մոսկովյան, Թումանյան եւ Փարպեցի փողոցների` կենտորն տանող հատվածները:

Համաձայն քաղաքապետարանի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության, փողոցները փակ կմնան այսօր` ժամը 10:30-ից 16:00-ն, քանի դեռ շարունակվում է նախագահի ինոգուրացիոն արարողությունը` Օպերայի դահլիճում:

Read the rest of this entry »


Պատգամավորները հատուկ նիստին կմասնակցեն հատուկ պայմաններում

April 8, 2008

Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում պաշտոնամուտի արարողությունը կայանալու է Ազգային Ժողովի հատուկ նիստում՝ ապրիլի 9-ին։

Վաղը Օպերայի շենքում կայանալիք Աժ հատուկ նիստում, որի ժամանակ տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, հատուկ են նաեւ պայմանները։

Աժ պատգամավորները այդ նիստին մասնակցելու համար հատուկ հրավերներ են ստացել՝ ուղարկված ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կողմից։

«ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրավիրում է Ձեզ մասնակցելու ԱԺ հատուկ նիստին։ Պատգամավորներին խնդրվում է ներկա լինել նիստը սկսվելուց 45 րոպե առաջ»,- ասվում է հրավերի մեջ։

Տիգրան Թորոսյանի՝ պատգամավորներին ուղարկած հրավերի ծրարներում նաեւ հատուկ փոքրի թերթիկ կա, որ մեջ գրված է. «խնդրում ենք նիստի ընթացքում անջատել բջջային հեռախոսները եւ չօգտագործել լուսանկարչական սարքեր»։

Գրության մեջ նաեւ նշվում է, որ պատգամավորները ԱԺ հատուկ նիստին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով։

ԱԺ պատգամավորներին նաեւ զգուշացվել է հատուկ նիստին չներկայանալու դեպքում տեղյալ պահել ԱԺ ղեկավարությանը։

Սերժ Սարգսյանի երդմնակալության առիթով հրավիրելիք ԱԺ հատուկ նիստը սկսվելու է ապրիլի 9-ին, ժամը 14։00 եւ տեւելու է 45 րոպե։

Via E-channel


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Է ԱՆՈՒՄ

April 8, 2008

Միջազգային ճգնաժամային խումբը հայտարարություն է տարածել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։

«Հայաստանի թերի նախագահական ընտրություները, դրան հաջորդող խաղաղ ցույցերի մահաբեր ճնշումը, արտակարգ դրության ընդունումը եւ ընդդիմության աջակիցների բազմաթիվ ձերբակալությունները առաջացրել են խորագույն ճգնաժամ, որպիսին երկիրը չէր տեսել 1994 թ. ղարաբաղյան պատերազմից ի վեր», ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ «Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի ընտրական բռնությունների հարցերին, ինչպես նաեւ այլ հիմնավոր հարցերի, որոնք վերաբերում են երկրի ղեկավարմանը։ Եթե եկող նախագահը ճիշտ ուղղությամբ ընթանա, ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պետք է նպաստեն հաշտության գործընթացին ու հիմնավոր բարեփոխումներին։ Սակայն նրանք ոչ համարժեք արձագանք տվեցին թերի ընտրություններին ու մահաբեր ճնշումներին։ Միջազգային համանքը պետք է ավելի խիստ ուղերձ հաղորդի, որպես երաշխիք, որ Հայաստանը մնալու է ժողովրդավարական պետություն, որտեղ ընդդիմությունը գործում է առանց վախի, եւ որտեղ երաշխավորված են մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ՝ հանրահավաքների ու արտահայտման ազատության իրավունքը։

Կարդացեք շարունակությունը այստեղ…


Փորձել են հրկիզել Գալայի հեռուստաաշտարակը

April 7, 2008

Ապրիլի 7-ի վաղ առավոտյան ժամը 5-ի մոտակայքում, հրդեհ տեսնելով Գյումրու Վ.Սարգսյան 6/1 հասցեում տեղակայված Գյումրու հին հեռուստաաշտարակի միջնամասում` (մոտ 25 մետր բարձրության վրա), հանդիպակաց շենքի բնակիչներից մեկը զանգել է Գյումրու հրշեջ կայան: Հրշեջները ժամանելով դեպքի վայր, բարձրացել են աշտարակի վրա, այնտեղ հայտնաբերելով վառվող անվադող, այն ներքեւ են նետել ու հանգցրել:

Սա այն նույն աշտարակն է (մոտ 54 մ), որ մինչեւ 1977 թիվը սպասարկել է Լենինականի հեռուստառադիոհեռարձակումները եւ 1977-ին Լենինականի նոր հեռուստաաշտարակը (185 մ, Երեւանի հին հեռուստաաշտարակը) գործարկելուց հետո գրեթե պարապուդի էր մատնված, ու 2005 թվի օգոստոսից թեթեւ նորոգումից հետո իր վրա է կրում ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտենան` անտենային հասնող մալուխով: Այս նույն աշտարակի շուրջ են ծավալվել Գյումրու քաղաքապետարան-ՉԱՊ ՍՊԸ դատական վեճերը որոնց մասին Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը պարբերաբար տեղեկացրել է հանրությանը: Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանին երկու անգամ (նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 13-ին) Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ Խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը դիմել, հորդորել էր այս նույն աշտարակի շուրջ հեռուստաընկերության հետ վեճը լուծել արտադատարանական կարգով, ինչին ըստ էության մերժում էր ստացել: Այս նույն աշտարակի վրայից հեռարձակող անտենայի ապամոնտաժման մասին էր ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացրել 2008 թվի փետրվարի 29-ին, որը ՍՊԸ-ն բողոքարկել է մարտի 28-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Հենց այս աշտարակն էր չափչփում դատավոր Արմեն Խաչատրյանը դատաքննության ընթացքում:

Կարդացեք շարունակությունը…


Սովորական շաբաթն ընդդեմ քաղաքականի

April 2, 2008

«ժողովրդական զբոսանքների» ազդարարմամբ սկիզբ դրվեց հայկական բլոգերում քաղաքականի ու սովորականի հակամարտությանը. լուրջ, թե անլուրջ` քննարկվեցին բոլոր տեսակի սովորական կատուներն ու շաուրմաները`իրենց քաղաքական նմանակների քաղաքական աստառի ֆոնի վրա:

mk.am-ի երկու կատուների մեջ 8 տարբերություն հայտնաբերելու փորձերն անցան ուրախ, բայց անարդյունավետ`ինչը եւ պահանջվում էր ապացուցել:

Read the rest of this entry »