ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱ՞Ն ԵՆ ՄԱՏՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

February 19, 2008

Մինչեւ ընտրատեղամասերի փակումը մնացել է ընդամենը 2 ժամ, սակայն միջազգային լրատվամիջոցները չեն շտապում մանրամասներ հաղորդել Հայաստանյան զարգացումների վերաբերյալ` բավարարվելով մակերեսային մեկնաբանություններով: Նույնն է պատկերը նաեւ խոշոր լրատվական գործակալությունների` ԲիԲիՍիի եւ Եվրոնյուզի դեպքում:

Ընտրությունները հիմնականում դիտարկվում են որպես պաշտոնից հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանության փոխանցում նրա մտերիմ գործընկեր, վարչապետ Սերժ Սարգսյանին: Բոլոր միջազգային լրատվամիջոցները Սերժ Սարգսյանին համարում ընդգծված առաջատար՝ նրա բարձր վարկանիշը կապելով վերջին տարիների տնտեսական աճի հետ, իսկ վարչապետի բարձր վարկանիշը հաստատող սոցհարցումների անաչառության շուրջ եղած կասկածներին հպանցիկորեն անդրադառնում են 1-2 լրատվամիջոց:

ԲիԲիՍին հայաստանյան ընտրությունները բնորոշում է «կատաղի ընտրապայքար» բառակապակցությամբ` նշելով, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ընտրություններին` որպես ընդդիմադիր թեկնածու, յուրահատուկ սրություն է հաղորդել ընտրարշավին:

«Բլումբերգ» տեղեկատվական ծառայությունը դիտարկում է փողոցային ցույցերի հնարավորությունը` եթե իշխանությունները ընտրակեղծիքներ կիրառեն` առաջ բերելով ընդդիմության դժգոհությունը:
 Բլումբերգը նշում է, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, հարյուրավոր դոլարների օգնություն տրամադրելով Հայաստանին, փոխարենն ակնկալում են ժողովրդավարության աճ, մինչդեռ ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` իշխանություններին ուղղված քննադատությունը` քվեարկության արդյունքների վրա ազդելու եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակն ապահովելու նպատակով, արդեն իսկ ստվերում են ընտրությունները:

Ռոյթերս գործակալությունը նույնպես անդրադառնում է ընդդիմության կողմից հնչած մեղադրանքներին եւ կանխատեսում է բողոքի ցույցեր, ինչպիսիք եղել են անցած գրեթե բոլոր ընտրություններից հետո: Գործակալությունը, այնուամենայնիվ, հաղորդում է, որ անցկացված հարցումների արդյունքներով «Սերժ Սարգսյանը առաջատար է բոլոր 8  թեկնածուների նկատմամբ, որոնց թվում են ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով 1998-ին հարկադրաբար հրաժարական տվեց, իսկ այժմ փորձում է վերադառնալ»: Այստեղ Ռոյթերսը մեջբերում է Սարգսյանի խոսքերը. «Եթե երկրորդ փուլ լինի, ես կգերադասեի պայքարել Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ»:
Ըստ Եվրոնյուզի` «ընդդիմության` միավորվել չկարողանալու արդյունքում Սարգսյանի ընտրվելու հնարավորություններն ավելացել են»: Գործակալությունը կանխատեսում է, որ ընտրվելու դեպքում Սարգսյանը ստիպված կլինի լուծել Լեռնային Ղարաբաղի` այսպես կոչված «սառեցված» հակամարտության խնդիրը:Հայաստանյան ընտրությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համատեքստում է դիտարկել նաեւ Ֆրանս-Պրես գործակալությունը` նշելով, որ, եթե ընտրվի առաջատար թեկնածու համարվող Սերժ Սարգսյանը, նա, ամենայն հավանականությամբ, կշարունակի Քոչարյանի քաղաքականությունը` խորացնելով հարաբերությունները Մոսկվայի հետ եւ կոշտ դիրքորոշում որդեգրելով հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ:

in English


Լուսանկարներ. Հայաստանը նախագահ է ընտրում

February 19, 2008

Election Day 006

Լուսանկարը`Օնիկ Գրիգորյանի / Oneworld Multimedia 2008

Armenia Election Monitor 2008 բլոգը հրապարակել է օրվա առաջին լուսանկարները: «Վերջապես օրը եկավ», գրում է Օնիկ Գրիգորյանը, նշելով. «Ինչպիսին էլ լինեն արդյունքները, մեկ բան պարզ է: Կամ այս, կամ էլ հավանական երկրորդ փուլում Հայաստանը նոր նախագահ կընտրի: Միջազգային դիտորդները հույս են հայտնել, որ այս ընտրությունները զգալի առաջընթաց կարձանագրեն 2003-ի նախագահական ընտրությունների համեմատությամբ»:

in English


Հայաստանն այսօր քվեարկում է

February 19, 2008

Ճշգրտված ցուցակներով Հայաստանի 2 միլիոն 328 հազար 320 քաղաքացիներ իրավունք են ստացել մասնակցել ընտրություններին եւ ընտրել երկրի հաջորդ նախագահին, գրում է Athanatoi (Հրանտը) իր բլոգում, հիշեցնելով, որ ոստիկանության 8000 աշխատակիցներ հետեւելու են կարգուկանոնին 1923 ընտրատեղամասերում, իսկ ընտրությունների նախնական արդյունքները պարզ են դառնալու արդեն փետրվարի 20-ին, ժամը 6:00:

«Հա էլի, այսօր այն օրն է, երբ կոռուպցիան, կույր ազգայնականությունը եւ ընտրախախտումները` Հայաստանի Նախագահական Ընտրությունների տեսքով կմիավորվեն», գրում է Armenia blog -ում գրում է Rhyne-ը` ԱՄՆ-ից: «Մեկ բան պարզ է` սա դեմոկրատական ընտրություն չի լինելու, եւ ով էլ որ ընտրվի, նախ եւ առաջ աշխատելու է հարստանալ, այնուհետեւ հարստանալու են նրա մերձավորները, իսկ  ինչ որ կմնա դրանից հետո, կբաշխվի իշխանական ստորին աստիճաններին կանգնածների միջեւ»:

in English