Քաղաքական Դիրքորոշման Հարցն Օրախնդիր է Նաեւ Բլոգերում
February 13, 2008Չնայած քաղաքական սրնթաց զարգացումներին ու ամեն կողմից հայ ընտրողի վրա թափվող քաղաքական քարոզարշավին, շատ շատերը դեռ չեն կողմնորոշվել: Վիճակն է այդպիսին. ընդ որում ինչպես օֆլայնում` այսինքն իրական կյանքում, այնպես էլ օնլայնում՝ այսինքն ինտերնետային օրագրերում: «Ո՞րն է ավելի ճիշտ. դիրքորոշում ունենա՞լը, թե՞ չունենալը», հարցնում է Քրիստինան իր «Մի օր…» բլոգում, այնուհետեւ մեկնաբանելով.
Ես չեմ կարողանում ընտրել իմ դիրքորոշումը նախագահական ընտրությունների գործընթացում: Ես փոփոխություն եմ ուզում, բայց չեմ տեսնում որևէ մեկին, որն ինձ, սովորական, միջին չափի ունակություններով ու հույզերով մեկին, կառաջարկի այդ փոփոխության ճանապարհը, ես էլ ունեցած-չունեցածս հավաքելով` ճամփա կընկնեմ հետը:
Բոլոր դեպքերում չի կարելի ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին, երկու առանձին հոդվածներում պնդում է Արտաշես Բոյաջյանը, նշելով, որ երկու թեկնածուներն էլ տարիներ շարունակ իշխանական ղեկին կանգնած լինելով, որեւէ լուրջ առաջնթաց չեն գրանցել երկրի կայացման համար այնպիսի կարեւոր եւ օրախնդիր հարցերում, ինչպիսիք են.
- Երկրում ժողովրդավարության հաստատումը` իշխանության ինստիտուցիոնալ տարաբաժանման եւ ուժերի հավասարակշռման գործուն մեխանիզմների առկայությամբ:
- Տնտեսական կառավարման հիմնականում արդարացի եւ թափանցիկ համակարգի հաստատումը (իրականում, այլ ոչ թե թղթի վրա):
- Օրենքի գերակայության հաստատումը եւ Հայաստանի քաղաքացիների արժանապատվության եւ հիմնարար ազատությունների առաջ խաղացումը:
Նախընտրական միջավայրը պատկերելու հետաքրքիր փորձ է արել Հայկական խճանկար բլոգը` հրապարակելով տարբեր թեկնածուների քաղաքական պաստառների լուսանկարները:
Քաղաքական պաստառներ © Լուսանկարները`Անուշ Բաբաջանյանի, Եւրեւան, 2008
Իր հերթին ԿՄատյանային գրառումներ բլոգում Դավիդ Սանդը նկարագրում է հեռուստատեսությամբ ընթացող քարոզարշավը, հիմնականում դիտարկելով Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական թողարկումները եւ նշելով, որ բոլոր թեկնածուներին, ըստ իր ստացած տպավորության, հավասարաչափ ուշադրություն է հատկացվում: Միտքը շարունակելով, բլոգերը գրում է.
Բաղդասարյանի ընտրարշավը բավականին գունագեղ է, նա շատ է խոսում, չնայած հաճախ անկապ: Շարունակվուն են թոշակների, եկամուտների եւ նյութական այլ բարիքների ավելացման խոստումները: [] Նման հայտարարությունների աբսուրդ լինելու հանգամանքը հավանաբար միայն մի քանի մարդ են հասկանում: Գեղամյանը շարունակում է կեղտ լցնել Տեր-Պետրոսյանի վրա, միեւնույն ժամանակ էլ ավելի ու ավելի քիչ գովազդելով իր հակաճգնաժամային անմահ ստեղծագործությունը: Վահան Հովհաննիսյանը ձանձրալի է խոսում, թեեւ, գուցե ոմանց նրա ճառերը հետաքրքրում են: [] Վազգեն Մանուկյանը հետաքրքիր է խոսում, սակայն ակնհայտորեն ընտրողների կեսից ավելին նրան չեն հասկանում:
[]
Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի լուսաբանումը ավելի շուտ քրեական խրոնիկա է հիշեցնում: Սկզբում ծեծեցին ինչ-որ ազատամարտիկի[], երեկ է’լ ավելի մեծ խժդժություն էր Արտաշատում եւ բավականին հակասական տեղեկատվություն դրա նախաձեռնողների եւ միջադեպից տուժողների մասին…
Օնիկ Գրիգորյանը շարունակում է հետեւել ընտրությունների ընթացքին`լուսանկարելով գրեթե բոլոր նշանակալից հանրահավաքները, իսկ նրա երկրորդ` Հայկական ընտրությունների մոնիտոր 2008 խորագրով բլոգը բացի այդ նաեւ անգլալեզու մամուլի եւ բլոգերի տեսություն է տրամադրում` նախագահական ընտրությունների բոլոր զարգացումների վերաբերյալ: Անցյալ շաբաթ Օնիկ Գրիգորյանը անդրադարձել էր Սերժ Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի հանրահավաքներին:
![]() |
Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի © Oneworld Multimedia 2008
Ինչեւէ, ընտրություններին դեռ մեկ շաբաթ կա, եւ տատանվողները դեռ կհասցնեն կողմնորոշվել: Իսկ առայժմ, ողջախոհության կոչ է անում Քրիստինան իր բլոգում.
Չգիտեմ, չգիտեմ… Էս մի բուռ հողում ատելությունն ու չարությունը ալիք են տալիս ու գնալով դրանց թափը փոթորկային ուժգնության է հասնում: Ատելությունը փակում է աչքերդ, դեմդ դնում դրա թիրախին ու քո բոլոր արարիչ ուժերն ուղղվում են այն ոչնչացնելուն: Ափսոս են այդ ուժերը…


Posted by Observer


