Կրճատվել է էժան մեքենաների ներմուծումը Հայաստան

February 4, 2008

Մեքենաները շարունակում են թանկանալ, դոլարը շարունակում է ընկնել, մարդիկ շարունակում են անիմաստության հասնող թանկ գներով առնել ամեն տեսակ զիբիլ մեքենաներ, իսկ Երեւանում շարունակվում է խելահեղ երթեւեկությունը…

2007 թվականին մարդատար ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան 2006 թվականի համեմատությամբ ավելացել է 32,5 տոկոսով` հասնելով մինչեւ 34672-ի 2006 թվականի 26152 մեքենայի դիմաց, ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունում։ Աղբյուրի տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է ռուսական մեքենաների եւ մինչեւ 5 հազար դոլար արժողությամբ օգտագործված մեքենաների ներկրումը։ 2007 թվականին հանրապետություն է ներկրվել ռուսական արտադրության 6875 մեքենա` 2006 թվականի 7300-ի դիմաց։

Մաքսավորները 5 հազար դոլարը չգերազանցող արժեքով հին մեքենաների ներկրման կրճատումը պայմանավորում են այն հանգամանքով, որ 2007 թվականի հունվարի 1-ից օգտագործված ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան ենթակա է հարկման լրացուցիչ առաջադեմ հարկով` բնապահպանական վճարումների տեսքով։ Որքան հին է մեքենան, այնքան ավելի շատ են վճարում դրա մաքսազերծման ժամանակ։

Մխիթարեց մի բան՝ պակասել է ռուսական արտադրության մեքենա կոչվող թյուրիմացությունների ներմուծումը:


Հայաստանից դուրս գտնվողների ընտրական իրավունքը պաշտպանող չկա՞

February 4, 2008

Հայաստանի սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածու, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանի հայցի քննարկումը։

Հիշեցնենք, որ Արման Մելիքյանը Սահմանադրական դատարան էր դիմել` վիճարկելով 2007 թվականի փետրվարի 26-ին ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում կատարված փոփոխությունների եւ լրացումների սահմանադրական լինելը, որոնց համաձայն, Հայաստանի սահմաններից դուրս գտնվող երկրի քաղաքացիները զրկված են ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Մելիքյանի կարծիքով, վերը նշված փոփոխությունները խախտում են քաղաքացիների ընտրական իրավունքը, որն ամրագրված Սահմանադրությամբ։ Ինչպես այսօր ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են Հայաստանի սահմանադրական դատարանում, Արման Մելիքյանի հայցի քննարկումը մերժվել է, քանի որ դա Սահմանադրական դատարանի լիազորությունների մեջ չի մտնում։

Երեւան։ 04.02.08։ ԱրմԻնֆո։