«Դեմոկրատիան այն է, երբ հիմարները քվեարկում են…

January 30, 2008

…բռնապետությունը՝ երբ հիմարները իշխում են», Ուինստոն Չերչիլի այս խոսքերն է հիշել Սամվել Մարտիրոսյանը իր բլոգում, մեկ այլ հոդվածում էլ նկատելով.

“Հետքը” ներկայացրել է “Թեկնածուների ունեցվածքը պաշտոնական տվյալներով” նյութը, որը մեծ թախիծ է առաջացրել մի խումբ բլոգգերների մոտ։ Իսկ [բլոգեր] Հովուլիկի մոտ նույնիսկ “մի քանի կոպեկ փող” տալու ցանկություն է առաջացել։

Ընդհանրապես անցած շաբաթը հայկական ինտերնետ համայնքում նշանավորվեց ընտրությունների նկատմամբ հետաքրքրության անկմամբ: Տպավորություն է ստեղծվում, որ դեռ մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկիզբը` հունվարի 21-ը, բլոգերներն այնքան քննադատեցին ՀՀ նախագահության թեկնածուներին, մասնավորապես վարչապետ Սերժ Սարգսյանին եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ թեման ամբողջությամբ սպառվեց: Նախորդ շաբաթների նախընտրական տաք քննարկումները տեղի են տվել երկրի ընդհանուր քաղաքական իրավիճակի վերաբերյալ սառը մտահոգությանը: Մտահոգ է Ֆ5 բլոգը.

Դիմակավորվել են բոլորը: Սերժ Սարգսյանից սկսած, Արտաշից պրծած: Ընդդիմությունը կարծես թե մեկ-երկու հոգուց բացի, իրենց թեկնածությունը դրել են՝ միայն իրենք գիտեն, թե ինչի համար: 

[]

Լեւոնը ժողովրդի հետ խոսում է ակադեմիական ու ոչ այնքան հասկանալի լեզվով: Վազգենն էլ, չես հասկանում, գիտի, որ 1-2%-ից ավելի չի հավաքելու, բայց “նա-վսյակի” կամ “վսյակի” դրել է իր թեկնածությունը: Վահանն էլ, հեսա, ընտրությունները ավարտվեն, էլի կանցնի իր պետական գործին ու կմոռանա, որ աշխատելու է մարդկանց հետ, ում արդեն մի շաբաթ է, անխնա քննադատում է: Բա սա դիմակահանդես չի՞:

Մեկ այլ նշանակալի բլոգեր` Օնիկ Գրիգորյանը ընդհանուր առմամբ կորցրել է հետաքրքրությունը ընտրությունների արդյունքների վերաբերյալ, բայցեւայնպես շարունակում է նույն ջանադրությամբ լուսաբանել քաղաքական զարգացումները իր նոր`Հայկական ընտրությունների մոնիտոր 2008 բլոգում:  Փորձված լրագրող-լուսանկարչի աչքից չի վրիպում ոչինչ` Վահան Հովհաննիսյանի ընտրարշավի սկիզբը, սեփական լուսանկարի` հեղափոխական սիմվոլ դառնալը, ոստիկանության կողմից նոր` ջրային թնդանոթների ձեռք բերման մասին լուրերը, Վանաձորում` ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի գրասենյակի խուզարկությունը, նույն քաղաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի պաստառների պատառոտումն ու անարգելու փորձերը:

Մարկ Գրիգորյանը հրապարակել է հատված` Բրիտանական ԲիԲիՍիի համար իր գրած հոդվածից ՀՀ նախընտրական քարոզարշավի սկզբի վերաբերյալ, որտեղ այս բազմափորձ վերլուծաբանը հերթական անգամ փաստում է, որ ՀՀ նախագահի հիմնական թեկնածուն վարչապետ Սերժ Սարգսյանն է, իսկ նրա հիմնական հակառակորդը` Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հիմնական թեկնածուների եւ նրանց ընտրարշավի վերաբերյալ իր ընհանուր տպավորություններն է ընդհանրացնում նաեւ Դիլդոյանը.

ԼՏՊ-ն (Լեւոն Տեր-Պետրոսյանը) իրականացնում է բացասական ընտրարշավ, եւ կարծես թե կորցնում է թափը: Նա սկսում է անձնական վիրավորանքներ հասցնել եւ դա ինչ որ մի պահի հետ է վանելու մարդկանց:

[]

ՍՍ-ն (Սերժ Սարգսյանը) իրականացնում է բեմադրված միջոցառումներ, [] հրապարակային աղոթքներ եկեղեցում… Նա նաեւ խոստանում է ընդհանուր բարեկեցություն եւ լավ կառավարում: Ընտրողներին մնում է հարց տալ, արդյոք նա ընդունա՞կ է բոլոր այդ խոստումները կատարելու:

Շաբաթվա սկանդալը ծավալվեց Դիտորդ բլոգում Պրոպագանդիստական Բլոգերի Սեւ Ցուցակի հրապարակման շուրջ: Այս ցուցակում հայտնվել էին վերջին երկու ամիսների ընթացքում գրանցված եւ բացառապես անանուն կերպով գործող մոտ մեկ տասնյակ բլոգեր, որոնք ունեն հստակ քաղաքական կողմնորոշում (նրանք աջակցում են կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին, կամ Սերժ Սարգսյանին) եւ աչքի են ընկնում իրենց պաշտպանած թեկնածուների հիմնական հակառակորդների դեմ վարկաբեկիչ նյութեր հրապարակելով: Ցուցակի մեջ հայտնված բլոգերներից մի քանիսը հանդես եկան պատասխան հրապարակումներով, ապացուցելով, որ քաղական կողմնորոշում ունենալն իրենց իրավունքն է, եւ Դիտորդ բլոգում նման ցուցակի հրապարակումը խախտում է իրենց սահմանադրական իրավունքները եւ ոչ ոք իրավունք չունի սահմանափակումներ եւ գրաքննություն կատարել իրենց հրապարակումների դեմ: Կարելի է ասել, որ այս հակասահմանադրական ցուցակի հրապարակումը ապացուցեց, որ չնայած քաղաքականության հետ կապված գրեթե բոլոր հարցերում Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող բլոգերը իրար հստակ հակոտնյաներ են, երբ խոսքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին, նրանք բոլորն էլ միանշանակ դեմ են խոսքի ազատության ցանկացած սահմանափակմանը: ԵՎ այս վերջին հանգամանքը չի կարող չուրախացնել…


Ձյան տեղումների պատճառով Հայաստանի մի քանի ճանապարհներում խզվել է կապը

January 30, 2008

Հունվարի 29-ի դրությամբ, մինչեւ այս պահը փակված է Գյումրի-Երեւան ավտոմայրուղին: Երեկ ես բավականին մեծ դժվարությամբ հասա Եւրեւան՝ շրջանցիկ ճանապարհով, շարժվելով նախ Գյուրմի-Արմավիր, այնուհետեւ Արմավիրից՝ Երեւան ուղղություններով: Ասեմ, որ Գյումրի-Արմավիր հատվածն էլ առանձնապես մխիթարական վիճակում չէր:

Ինչեւէ՝ ԱրմԻնֆոյի փոխանցմամբ, այս պահի դրությամբ շարունակում է փակ մնալ ոչ միայն Երեւան-Գյումրի ճանապարհի Մաստարա-Լանջիկ-Մարալիկ հատվածը, այլ նաեւ Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհը /Սելիմի լեռնանցք/։ Երկու ճանապարհներին ձնաբուք է, խիստ սահմանափակ է տեսանելիությունը, ձյան շարունակվող տեղումները եւ բուքը խանգարում են ճանապարհների մաքրման աշխատանքներին։

Ճանապարհին հսկողություն է սահմանված, համապատասխան իշխանություններն ավելի վաղ արդեն դիմել են քաղաքացիներին`առանց խիստ անհրաժեշտության այդ ճանապարհով չերթեւեկելու խնդրանքով։

Այ այսպիսի եղանակային եւ ճանապարհային պայմանների համար է, որ մեր քաղաքական գործիչները ստիպված են Համերներով ու զարմանազան այլ ջիփերով շրջել՝ հիմա տեսնենք թեկնածուներից ո՞վ կհամարձակվի շարունակել երթերը Հայաստանի մարզերով, ո՞վ է ավելի նվիրված ընտրողների հետ հանդիպման սուրբ գործին:


Լեւոնատորն ու Սերժատանան Ինտերնետ Համայնքի Ուշադրության Կենտրոնում

January 24, 2008

Շաբաթը հարուստ էր իրադարձություններով, եւ մինչ ավանդական լրատվամիջոցները մտածում էին, ինչպես արձագանքել այդ իրադարձություններին, որպեսզի խոսափեն «ավելորդ տհաճություններից», հայկական ինտերնետ համայնքն առանց երկմտելու եւ ամբողջ թափով քննարկում էր դրանք: Շաբաթվա սկիզբը նշանավորվեց Սահմանադրական Իրավունք Միություն (ՍԻՄ) շուրջ ծավալված հերթական սկանդալով», ուշագրավ հաջորդ դրվագը ԺԿ Նախագահ Տիգրան Կարապետյանի այցն էր Գյումրի, եւ հատուկ այդ առիթով պատվիրված հայկական դրոշի եռագույնը ներկայացնող մոմերի վառման արարողությունը, ինչի հետեւանքով, ըստ բլոգերների մեկնաբանության, հայկական դրոշն անխուսափելիորեն վերաշվելու էր ուկրաինական` կապույտ եւ դեղին երանգով դրոշի: Կորնելիյ Գլաս բլոգը տարակուսում է Ժառանգություն կուսակցության դիրքորոշման վերաբերյալ`վերջիններս փաստորեն որոշել են չպաշտպանել որեւէ թեկնածուի, եւ, ըստ բլոգերի, մինչեւ ապրիլ որոշում են կայացնելու: Դիլդոյանը բազմաթիվ հարցեր ունի Սերժ Սարգսյանին` Արմենիկում դեղամիջոցի անփառունակ վախճանի, 1999թ. հոկտեմբերի 27-ի, երկրի կարեւոր արդյունաբերական հզորությունները Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ճառերը բարելավելու ուղղությամբ`առաջարկելով վերջինիս հատկապես շեշտադրել ընտրական իրավունքի համար պայքարելու անհրաժեշտությունը:

Ա1պլյուս բլոգը արձանագրում է պաշտոնական քարոզարշավի մեկնարկը.

Քարոզարշավը մեկնարկում է Արտաշես Գեղամյանի` ժողովրդին մայրուղի բերելու փորձերով եւ “Արարման ծրագրի” շնորհանդեսով, Վազգեն Մանուկյանի երիտասարդության հետ հանդիպմամբ եւ երկրին տեր կանգնելու կարգախոսով, Լեւոն Տեր-Պետրոսյանի “իր գլուխը մատաղ դնելու եւ երկիրը փրկելու” հայտարարությամբ մարզեր այցելության ժամանակ, Վահան Հովհաննիսյանի ու “իր ընկերների” տոնական երգ ու պարով, ՕԵԿ դատողություններով այն մասին, որ իշխանություններ էլ չեն միավորվել, ուրեմն երկրորդ փուլ անպայման կլինի եւ ընդդիմությունն էլ կարող է միավորվել…

Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձը շարունակում է մնալ ամենաքննարկվողը` Ֆ5 բլոգը միանում է նախագահի այս թեկնածուի ընտրազանգվածին, կոչ անելով «Օգնենք մեկմեկու՝ քանդելու մեր ու մեր մանուկների ապագայի վրա ծանրացող կոռումպացված բուրգը»: Իր հերթին Գազան2008 բլոգն էլ բացատրում է Տեր-Պետրոսյանի նկատմամբ իր ատելության պատճառները. «Ես ատում եմ նրան, այն բազմաթիվ երիտասարդ ու փայլուն տղաների ու աղջիկների համար, որոնցով դեռ երեկ հպարտանում էի: Նրանց համար, ովքեր «սկսելա» էին, «այլընտրանք», «ռոք» և նրանցից ազատության ու նորի հոտ էր գալիս: Ես ատում եմ նրան այն բանի համար, որ հայտնվելով` հերթական անգամ մտածողություն ու ոգի ջարդեց` վերածելով ազատ երիտասարդների մի հոծ բանակի եսամոլության անհագուրդ մոլուցքի խամաճիկների:»

Մեծ Բրիտանիայից արբանյակային հեռուստատեսությամբ հայկական ընտրություններին հետեւող Արտմիկան փաստում է, որ պաշտոնական քարոզարշավի առաջին օրը Հայաստանի Հանրային Հեռուստատեսության լրատվությունը լիովին հավասարակշռված էր, ի տարբերություն մինչ քարոզարշավն ընկած ժամանակահատվածի, եւ ենթադրում, որ դա արդյունք էր տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանյան հեռուստաեթերի մոնիթորինգների եւ դրանց շուրջ բարձրացված աղմուկի:

Քաղաքական քաղաքակիրթ քննարկումներն այս շաբաթ սահմանափակվեցին այսքանով` Դիտորդ բլոգում նախագահության թեկնածուների կայքերի ցուցակը հրապարակվելուն հետեւեց այդ կայքերի նկատմամբ հայկական ինտերնետ հանրության հետաքրքրվածության աննախադեպ աճը: ՀՀ Վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կայքում նրա անձնական լուսանկարների հայտնաբերումը անտարակույս դարձավ շաբաթվա թեման: Վարչապետի մանկական լուսանկարները տեսնելուց հետո Սամվել Մարտիրոսյանը իր ինտերնետային օրագրում փաստեց, որ վարչապետը նաեւ մարդ է: Առանձնապես բուռն քննարկումների տեղիք տվեցին «Նապոլեոն» գրքի հարեւանությամբ շախմատ խաղացող վարչապետի ոչ պաշտոնական դիմանկարների շարքը: Բլոգերները ակնհայտ հումորով ընդունեցին վարչապետի նախընտրած սիմվոլիկան:

Վարչապետի նկարների շուրջ բարձրացված ծաղրուծանակն ավելի սաստկացավ Տեր-Պետրոսյանի աջակցության ոչ պաշտոնական կայքում էթիկայի կանոնների կոպիտ ոտնահարմամբ կատարված պատկերաշարքի հրապարակմամբ` այստեղ, աղավաղելով Սերժ Սարգսյանի կայքից վերցրած ֆոտոները եւ կցելով խիստ բացասական բնույթի մեկնաբանություններ, փորձ էր արվում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես խաղամոլ, «մաֆիոզ» եւ սատանայակերպ անձնավորություն: Ի հակակշիռ «Այլեւս ոչինչ կարեւոր չէ…» բլոգը հրապարակեց Տեր-Պետրոսյանի լուսանկարը, որը, ըստ բլոգերի, նույնիսկ առանց լրացուցիչ աղավաղումների, սարսափազդու տեսք ունի:

Շաբաթը եզրափակվեց Լեւոնատորի եւ Սերժատանայի հայտնությամբ (տես նյութի սկզբում հրապարակված ֆոտոմոնտաժված պատկերները), ինչը վերջնականապես հունից հանեց բլոգային հանրության որոշ ներկայացուցիչների: Նրանցից Օգոստոսը կոչ է անում բլոգերներին դադարեցնել թեկնածուների լուսանկարների դատափետումը եւ վերադառնալ քննարկումների քիչ թե շատ ընդունելի մակարդակի:


“ԻՆԵԿՈԲԱՆԿ” ՓԲԸ-ն աշխարհի լավագույն միկրոֆինանսական հաստատությունների ցուցակում 26-րդն է

January 17, 2008

Երեւան։ 17.01.08։ ԱրմԻնֆո։ 2007 թվականի դեկտեմբերի 20-ին հեղինակավոր Forbes ամսագիրը իր ինտերնետայինկայքում տեղադրեց ըստ MIX (Microfinance Information Exchange) ընկերության տվյալների 50 լավագույն միկրոֆինանսական հաստատությունների ցուցակը, որոնց շարքում Հայաստանից միայն “ԻՆԵԿՈԲԱՆԿ” ՓԲԸ-ն է, որն այդ ցուցակում զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ի մամլո ծառայությունում, Forbes –ի կողմից առաջին անգամ թողարկվող աշխարհի 50 լավագույն միկրոֆինանսական հաստատությունների վերաբերյալ ցանկը ընտրվել է 641 միկրոֆինանսական հաստատություններից։ Այս ցանկը պատրաստվել է Microfinance Information Exchange

(www.themix.org) կողմից “Forbes” ամսագրի ցուցմունքով` հիմնվելով կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություննեի ուսումնասիրության վրա։
Ինչպես նշված էր Forbes –ի կայքում, ցանկում ընդգրկված հաստատություններին որակավորելու նպատակով դիտարկվել են մի շարք գործոններ, ինչպես օրինակ`վարկային պորտֆելի մեծությունը, գործունեության արդյունավետությունը` հիմնած  գործառնական ծախսի և մեկ վարկառուի գծով ծախսի ու տվյալ երկրի մեկ շնչին ընկնող ազգային եկամտի տոկոսային հարաբերության վրա, ռիսկայնությունը` հիմնված պորտֆելի որակի վրա, որը որոշվում է 30 օրից ավելի ժամկետանց վարկերի հարաբերությամբ ընդհանուր վարկային պորտֆելին, շահութաբերությունը, որը որոշվում է կապիտալի և ակտիվների շահութաբերությամբ։

Չեմ կարող ուրախություն չարտահայտել, երբ իմանում եմ Հայկական ընկերությունների նմանօրինակ հաջողությունների մասին: Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ հայկական ընկերությունները սովորաբար ունենում են երկու եւ ավելի հաշվապահություն՝ մեկը հարկային տեսչության համար, մեկը՝ ներդրողների, եւ երրորդը՝ ռեալ հաշվապահությունը ներքին օգտագործման համար: Հարցն այն է, թե Ինեկոբանկի ո՞ր հաշվապահությունն է արժանացել MIX (Microfinance Information Exchange) ընկերության նմանօրինակ բարձր գնահատականին:


FREEDOM HOUSE-Ի ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ՄԱՍԱՄԲ ԱԶԱՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

January 17, 2008

ՆՅՈՒ-ՅՈՐՔ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցում Հայաստանը արդեն 7-րդ տարին անընդմեջ դասվել է մասամբ ազատ երկրների շարքում: Նույն դասակարգմանն է արժանացել նաեւ Լեռնային Ղարաբաղը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն»-ը, հարեւան պետություններից Թուրքիան եւ Վրաստանը եւս դասվել են մասամբ ազատ երկրների խմբում: Սակայն Վրաստանը, որը նախորդ տարի միջազգային կազմակերպության կողմից բնորոշվել էր որպես «ԱՊՀ-ի համեմատաբար լուսավոր կետերից մեկը», այս անգամ մեկ կետով նահանջել է` թե’ քաղաքական իրավունքների, թե’ քաղաքական ազատությունների ցուցանիշներով:
Ադրբեջանն արդեն 4-րդ տարին անընդմեջ գնահատվում է որպես ոչ ազատ երկիր, ընդ որում` նահանջի միտումով:

ԱՊՀ-ի պետություններից միայն Ուկրաինան է գնահատվել ազատ: Freedom House-ի հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերի խոսքով, «նարնջագույն հեղափոխությունից» հետո այդ երկրում մի շարք ընտրություններ են անցկացվել, որոնք բոլորն էլ եղել են խաղաղ, մասնակիցները ընդունել են արդյունքները, ինչը շատ հազվագյուտ երեւույթ է ԱՊՀ-ի տարածքում, որտեղ ընտրություններն ու ընտրական գործընթացները ավելի հաճախ կառավարվելու ու մանիպուլյացիաների ենթարկվելու միտում ունեն»:

Ընդհանուր առմամբ, ըստ Freedom House-ի, աշխարհում ազատ է 90 երկիր, 60-ը մասամբ ազատ են, 43-ը` անազատ:


ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԼՈԳԵՐԻ ՇԱՐԺԻՉ Ու՞Ժ

January 15, 2008

«Անցած պառլամենտական ընտրություններից առաջ հայկական բլոգոսֆերան լուրջ թափ ստացավ։ Քաղաքականությունը դարձավ շարժիչ ուժ», գրում է Kornelij Glas բլոգով մեծ համարում վաստակած բլոգեր Սամվել Մարտիրոսյանը իր նոր՝ հայալեզու բլոգում։

Մի կողմից, գալիք ընտրությունները կրկին նույն ազդեցությունը ունեցան հայկական ցանցի վրա։ Մյուս կողմից, բլոգերի զարգացումը իր հետ բերեց մի թարմ /Հայաստանի համար/ եւ ոչ դուրեկան «նորամուծություն»։ Վերջին շաբաթների ընթացքում իրար հետեւից բացվում են անանուն բլոգեր, որոնց միակ նպատակն է՝ կեղտ թափել նախագահի թեկնածուների վրա։

Անզուսպ քաղաքականությամբ են վարակվել են նաեւ ավանդաբար ավելի չափավոր մոտեցումներ ունեցող բլոգերները, այն աստիճան, որ հայկական բլոգերում առաջին քայլերն անողներին թվում է, թե իրենք հայտնվել են գժանոցում։

Read the rest of this entry »


Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը՝ Եվրասիական շենգենյան գոտի

January 11, 2008

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) առաջարկում է ստեղծել եվրասիական շենգենյան գոտի ՀԱՊԿ եւ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում` մարդկանց եւ  ապրանքների ազատ տեղաշարժի համար։ Այդ մասին Մոսկվայում լրագրողներին հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ 

«Եթե մենք լրջորեն ենք վերաբերվում Եվրոպական տնտեսական համագործակցության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը, ապա անպատճառ կհանգենք եվրասիական շենգենյան գոտու ստեղծմանը, ինչպես դա արեցին եվրոպացիները։ Սակայն դրա համար անհրաժեշտ է քաղաքական որոշում», - ասել է Բորդյուժան։ Նա տեղեկացրել է, որ ՀԱՊԿ արդեն նման առաջարկությամբ դիմել է երկու կազմակերպությունների պետությունների ղեկավարներին, որոնք դրական են արտահայտվել առաջարկության վերաբերյալ, սակայն մտավախություն են հայտնել առկա չլուծված խնդիրների առնչությամբ։ «Ուստի մենք մտադիր ենք անցկացնել խորհրդատվություններ այդ հարցերը քննարկելու համար», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։


Մոտենում են մի շարք հոբոլյաններ՝ կապված Արցախի ազատագրական շարժման 20-ամյակի հետ

January 11, 2008

Ըստ Արմինֆոյի, նախօրեին արցախահայության ազգային ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպմամբ եւ համակարգմամբ զբաղվող ԼՂՀ պետհանձնաժողովի անդրանիկ նիստում քննարկվել է 15 կետից բաղկացած ծրագիր։

[Ստեփանակերտ։ 11.01.08։ ԱրմԻնֆո] Մասնավորապես, փետրվարի 1-ից նախատեսվում է ազգային-ազատագրական պայքարի թեմայով բաց դասեր անցկացնել ԼՂՀ կրթական հաստատություններում` Շարժման ակտիվիստների մասնակցությամբ։ Կկազմակերպվեն նաեւ տարբեր մարզամշակութային միջոցառումներ, հանրհավաքներ, միջազգային խորհրդաժողով, հանիսավոր նիստեր, կհրատարակվեն գրքեր ու ալբոմներ։ Միջոցառումներին կհրավիրվեն Ղարաբաղյան շարժման ակտիվիստներ Հայաստանից:

Չցանկանալով բաժանումներ մտցնել Արցախի եւ Հայաստանի միջեւ, չեմ կարող չնշել, որ առայժմ Հայաստանում նմանօրինակ միջոցառումների կազմակերպման մասին լուրեր չեն շրջանառվում, թեեւ այստեղ էլ հոբելյանական քիչ առիթներ չկան՝ նշելու Հայաստանի նորագույն պատմության մեջ ժողովրդական ինքնագիտակցության աննախադեպ զարթոնքի այս հոբելյանական տարեդարձը:


Այս Ընտրությունների Ինտերնետացումն Աննախադեպ Չափերի է հասել

January 11, 2008

Փետրվարի 19-ին նախատեսված նախագահական ընտրությունների հետ կապված՝ ինտերնետի հայկական հատվածը բուռն քաղաքականացում է ապրում՝ հայտնվում են տարբեր թեկնածուների պաշտոնական կայքեր՝ արդեն գործում են Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական ընտրական կայքերը, ընտրարշավին վերաբերվող նյութեր եւ ենթաբաժիններ են հայտնվել իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանին սատարող ՀՀԿ, ԲՀԿ եւ ՄԻԱԿ կուսակցությունների կայքերում:

Անցյալ շաբաթ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ հրավերների վարչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի ընտրողների ռեգիստրը՝ ըստ տեղամասերի, որը եւ տեղադրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վեբ կայքում, եւ ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բոլոր ցանկացողները կարող են ինտերնետի միջոցով հավաստիանալ, արդյո՞ք իրենց անունը կա ցուցակում, թե ոչ, եւ որ տեղամասում են իրենք ընտրելու: Բացի այդ, հեշտությամբ կարելի է պարզել, թե որտեղ է տեղակայված  այս կամ այն ընտրատեղամասը: Ընդ որում այս տարի գրանցվել է 2 311 917 ընտրող՝ 5 983-ով ավելի պակաս, քան 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Այս պահին գործում են առնվազն մի շարք լրատվական կայքեր, նվիրված առաջիկա ընտրություններին՝  Ա1պլյուսի - http://elections.a1plus.am/, Ինտերնյուսի - http://www.echannel.am կայքը, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության - http://www.elections2008.am կայքը: Գրեթե բոլոր  լրատվական եւ ինտերակտիվ կայքերը իրենց պարտքն են համարում ինտերնետային քվեարկություններ անցկացնել, խիստ հակասական եւ կասկածելի հավաստիության արդյունքներով:

Առանձնահատուկ պատկեր են ներկայացնում հայկական բլոգերը եւ YouTube վիդեոդարան-կայքի հայկական հատվածը: Այստեղ կարելի է քննարկել, քննադատել կամ ի սրտե հայհոյել ցանկացած նախագահական թեկնածուի, կամ բոլորին միաժամանակ: Չեմ կարող չհիշատակել նաեւ բլոգեր Ուզողի կազմակերպած ինտերնետ քվեարկությունը, որին մասնակցել է մոտ 136 բլոգեր, եւ որի արդյունքներով առաջատարն է Վազգեն Մանուկյանը: Բլոգերում նույնիսկ կարելի է վիրտուալ միտինգներ եւ ցույցեր անցկացնել, ինչպես մեղմ, պատկերավոր եւ խիստ տեղին արտահայտվել է վետերան-բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Վերջին մի քանի օրերին LiveJournal  բլոգային ծառայություն գրանցվել են մի շարք ագիտ-բլոգեր, որոնք բավականին կոպիտ եւ անարդյունավետ քարոզարշավներ են անցկացնում բլոգգերների շրջանում՝ հարուցելով ընդհանուր զայրույթ եւ դժգոհություն:

Այս ամբողջ ինտերնետացված նախընտրական քարոզարշավի մեջ, այնուամենայնիվ մեկ հարց ինձ համար մնում է անպատասխան՝ նկատի ունենալով ազգաբնակչության, կամ այլ կերպ ասած՝ ընտրազանգվածի շրջանում ինտերնետի օգտագործման խիստ ցածր տարածվածությունը, հարց է առաջանում, ինչո՞ւ եւ ո՞ւմ համար են ստեղծվում բոլոր այս ինտերնետային ռեսուրսները. դժվար է հավատալ, որ միջին ստատիստիկական ընտրողը անպայման իր պատքը կհամարի ինտերնետով ճշտել, թե, ասենք, Վահան Հովհաննիսյանը արդեն տեղադրե՞լ է իր նախընտրական ծրագիրը իր ընտրական ինտերնետ-կայքում, թե ոչ…


ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

January 10, 2008

Այսօր առավոտյան հանկարծամահ է եղել քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ, ՀՀ 1999-2007թթ.-երի ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը:

«Դադարեց բաբախել մի մարդու սիրտ, ով անմնացորդ, մինչեւ իր կյանքի վերջին վայրկյանը պայքարում էր ստի, կեղծիքի, երեսպաշտության, անարդարության, չարի եւ անօրինականության դեմ` հույս տածելով, որ Հայաստանում վերջապես կհաղթի ժողովրդավարությունը, բարին, մարդկանց դեմքին կրկին կթագավորի ժպիտն ու արժանապատվությունը»,- ասվում է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչության տարածած գույժում:

Մանուկ Գասպարյանի անժամանակ մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:

Ցավակցական հաղորդագրություն է տարածել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամները ցնցված են հանկարծահաս այդ բոթից։ Մենք սգում ենք քաղաքական գործչի, քաղաքացու, ընտանիքի օրինավոր հոր, մեր զինակցի մահը»: Հիշեցնեմ, որ Մանուկ Գասպարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը աջակցողների թվում էր:

Աղբյուրը՝ Echannel.