December 13, 2007

[E-channel.am] Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ժամը 04։30-ի շրջանում պայթեցվել է «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության դուռը։ Պատճառվել է նյութական վնաս, մարդիկ չեն տուժել։
Պայթյունի հետեւանքով վնասվել են խմբագրության դուռը եւ լուսամուտները։ Ինչպես տեղեկացնում է «Չորրորդ իշխանության» տնօրեն Մհեր Ղալեչյանը, դուռը, այն պաշտպանող երկաթե ճաղավանդակը եւ լուսամուտներն ամբողջովին շարքից դուրս են եկել։ Ղալեչյանը դժվարանում է գնահատել թերթին հասցված նյութական վնասը, սակայն նշում է, որ այն զգալի է։ Նա հույս ունի օրվա ընթացքում նոր դուռ եւ
այն պաշտպանող ճաղավանդակ տեղադրել։
«Չորրորդ իշխանությունը» ընդդիմադիր թերթի համարում ունի եւ առաջիկա նախագահական ընտրություններում աջակցում է Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մհեր Ղալեչյանը կարծում է, որ պայթյունը կարող է կապված լինել թերթի էջերում տարբեր պաշտոնյաների, քաղաքական գործիչների
եւ գործարարների վերաբերյալ բացահայտումների հետ։
«Չեմ բացառում, որ նման ձեւով փորձել են ահաբեկել, վնաս տալ, վախեցնել։ Բայց առաջին անգամը չէ, որ մեզ փորձում են ահաբեկել, սակայն ինչպես տեսնում եք, շարունակում ենք աշխատել»,- ասում է Ղալեչյանը։
ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից հաղորդում են, որ պայթյունի հետևանքով մարդիկ չեն տուժել՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ: Քննությունն իրականացնում է Կենտրոն համայնքի ոստիկանությունը։
No Comments » |
Լուրեր, Մամուլ |
Permalink
Posted by reporter-arm
December 13, 2007
Անընդունելի համարելով «թրքամետ» տերմինն հայ քաղաքական գործիչներին վերագրելու պրակտիկան ընդհանրապես, չեմ կարող չնկատել վերջին մի քանի օրերին Հայաստանյան քաղաքական ասպարեզում Թուրքիային առընչվող քննարկումների և դրանց հետևած քայլերի միջև որոշակի կապը: Ասածը, առանց հավելյալ մեկնաբանությունների, կուզենայի ամրապնդել, հղում կատարելով դեպի Financial Times-ի հարցազրույցը Սերժ Սարգսյանի հետ և ԱրմԻնֆոյի այս նյութը.
Երեւան։ 12.12.07։ ԱրմԻնֆո։ «Հայաստանը դրական է վերաբերվում Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտմանը, քանի որ դա կարող է բարելավել Անկարայի եւ Երեւանի միջեւ լարված հարաբերությունների հաղթահարման հեռանկարը», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Financial Times-ում հրապարակված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, մեզ համար օգտակար կլինի, եթե ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ցանկությունը բավարարվի։ Հնարավոր է, մեր միջեւ առկա խնդիրները կարող են հարթվել ԵՄ գործունեության շրջանակում», - հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Անդրադառնալով Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած հայտարարությանը` Ս.Սարգսյանը նշել է, որ պատշաճ չի համարում հայտարարություն անել այն մասին, որ թուրքական կողմը հավատարիմ չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Կապրենք` կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն ապագայում», - նշել է ՀՀ վարչապետը։ «Ի վերջո` ի՞նչ ենք մենք ձեռք բերում, ի՞նչ են ձեռք բերում թուրքերը առկա իրավիճակից։ Անգամ սառը պատերազմի ժամանակ, երբ Հայաստանը Խորհրդային Միության կազմում էր, իսկ Թուրքիան արդեն ՆԱՏՕ-ում էր, մենք Թուրքիայի հետ ունեինք թեկուզ ինչ-որ հարաբերություններ։ Դեպի Թուրքիա երկաթուղի կառուցվեց Հայաստանով։ Կառուցվեց նաեւ բարձրավոլտ գիծ երկու երկրների միջեւ։ Ուրեմն ինչու՞ հարաբերությունները կարգավորելու իմ ցանկությունը տրամաբանական եւ հիմնավորված չի թվում», - ասել է Ս.Սարգսյանը:
Հիշեցնեմ նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր վերջին ելույթում հատուկ ենթագլուխ էր հատկացրել իր «թրքամետության» թեմային.
Պատասխան չգտնելով իմ նախորդ ելույթների դրույթների դեմ, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը օրերս հայտնաբերել են ինձ ոչնչացնելու ամենաարդյունավետ միջոցը, այն է՝ ինձ «թրքամետ» հռչակելու մահացու խարանը։ Նրանց թվում է, թե ինձ հասցրել են թնդանոթի հարված, որից հետո ժողովուրդն ինձ պիտի հոշոտի, կամ որից ես երբեւէ ուշքի չեմ գալու։ Ավելի մեծ հաճույք պատճառելու համար իմ նախկին ընկերներին, ստորեւ կփորձեմ ջուր լցնել նրանց ջրաղացին եւ բազմաթիվ նոր ապացույցներ մատակարարել իմ «թրքամետության» մասին։
[]
Ինձ «թրքամետ» են անվանում այն պատճառով, որ իմ նախագահության օրոք ես բազմիցս պնդել եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը եւ, որ իբր երբեւէ չեմ բարձրացրել Ցեղասպանության ճանաչման հարցը։ Փաստերից առաջինը ստույգ է, քանի որ իսկապես պնդել եմ եւ այսօր էլ կարեւորում եմ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը, իսկ երկրորդը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Իմ իշխանության օրոք է կառուցվել Ցեղասպանության Երեւանի թանգարանը։ Առաջին անգամ Հայաստանում ե՛ս եմ կազմակերպել Ցեղասպանությանը նվիրված հեղինակավոր միջազգային գիտաժողով, որը տեղի է ունեցել 1995 թվականին, եւ որին մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ մասնագետներ։ Սկսած Հայաստանի առաջին հանրապետությունից մինչեւ օրս, ե՛ս եմ եղել մեր երկրի միակ գործող ղեկավարը, որը, թեեւ սեղմ, բայց համակողմանի քաղաքական գնահատական է տվել Ցեղասպանությանը (Լ. Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան, 2006, էջ 477-481)։
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ…
No Comments » |
Ընտրություններ |
Permalink
Posted by Observer